Քաղաքական

30.05.2021 23:15


Սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Փաշինյանի առաջարկը նշանակում է կոնֆլիկտի միջազգայնացման նոր գործընթաց, որի հետևանքները կարող են լուրջ լինել. Երվանդ Բոզոյան

Սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Փաշինյանի առաջարկը նշանակում է կոնֆլիկտի միջազգայնացման նոր գործընթաց, որի հետևանքները կարող են լուրջ լինել. Երվանդ Բոզոյան

Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե Սոթքից Խոզնավար սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ, նշանակում է հակամարտության միջազգայնացման նոր գործընթաց, որի հետևանքները կարող են շատ լուրջ լինել հայկական կողմի համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Նման տիպի դիտորդական առաքելություն այս տարածաշրջան բերելը նշանակում է, որ Հայաստանի մյուս սահմաններում նույնպես այդպիսի հարց կարող է առաջանալ, և երբ միջազգային ուժերը տեսնում են, որ տարածաշրջանում նոր ներկայություն կարող են ունենալ, ապա նրանք շահագրգռված կլինեն, որ հայ-ադրբեջանական ողջ սահմանում առաջանա այդպիսի ճգնաժամային իրավիճակ: Այդ առաջարկը շատ վտանգավոր առաջարկ է, որի հետևանքները կարող են կործանարար լինել Հայաստանի համար»:

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարժվում է այսրոպեական տրամաբանությամբ, քանի որ այս պահին լուծում չունի՝ փորձում է այդպիսի առաջարկով շանտաժ անել Ռուսաստանին, որ եթե Ռուսաստանը գործուն քայլերի չդիմի, ապա ինքը կարող է միջազգայնացնել խնդիրը:

Անդրադառնալով այն պնդմանը, որ մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանցիների ներխուժման ժամանակ ադրբեջանցիների մուտքը չեն կանխել՝ պատերազմից խուսափելու համար, Բոզոյանն ասաց, որ պատերազմից պետք է խուսափել, բայց եթե միակ խնդիրը դրվում է որևէ գործողություն չանելը, ապա Ադրբեջանն ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կարող է նման տիպի գործողությունների դիմել, և Հայաստանն ուղղակիորեն կարող է հայտնվել օկուպացիայի տակ և այլ՝ հեռու գնացող հետևանքներով:

Երվանդ Բոզոյանը համոզված է, որ Հայաստանը այսօր կանգնած է ֆունդամենտալ ճգնաժամի առաջ և առաջին հերթին պետք է վերականգնել վստահությունը Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև, քանի որ գործնական իմաստով Հայաստանի միակ երաշխավորը՝ Ռուսաստանն է։

«Ռուսաստանը հիմա փորձում է բալանսավորված քաղաքականութուն տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նախկինում եթե Ռուսաստանն ուներ կայուն մոտեցում Հայաստանի նկատմամբ, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գործոն էր, ուներ ուժեղ բանակ, Ղարաբաղը մերն էր ամբողջությամբ, հիմա փոխվել է բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի և այն չի կարող չազդել Ռուսաստանի մեր հանդեպ դիրքորոշման վրա: Բացի դրանից՝ Ռուսաստանում կա լուրջ կասկածեր Հայաստանի այսօրվա իշխանությունների կատմամբ՝ նրանց ծրագրերի մասով, ինչպես նաև Հայաստանի իշխանության մոտ կա կասկած Ռուսաստանի մասով, և մենք հայտնվել ենք մի վիճակում, որ Հայաստանը ոչ մի գործընկեր չունի: Այդ պատճառով այս իշխանությունը պետք է հեռանա, նոր իշխանություն գա, իհարկե, դա չի նշանակում, որ մեր խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն, բայց կառաջանա փոխվստահություն երկու երկրների միջ, որն առաջին քայլն է, որից հետո հնարավոր կլինի խոսել այս ճգնաժամից քայլ առ քայլ դուրս գալու մասին»:

Խոսելով ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասին՝ Բոզոյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն ստեղծված է, որպեսզի արտաքին խոշոր խաղացողներին զսպի նախկին Խորհրդային տարածք մտնելուց՝ Թուրքիային, Արևմտյան Եվրոպայի ուղղությամբ՝ Լեհաստան, ՆԱՏՕ-ին, հարավից՝ Աֆղանստանում պոտենցիալ վտանգները, որոնք գալիս են թալիշների կողմից:

«Դե ֆակտո ՀԱՊԿ-ը չունի առաքելություն պաշտպանելու նախկին Խորհրդային տարածքում գտնվող մի երկիրը մյուս երկրից, թեև ֆորմալ կանոնադրություն կա, բայց գործնականում բոլորն էլ հասկանում են, որ նախկին Խորհրդային երկրների կոնֆլիկտները պետք է լուծվեն այլ խողովակներով»,–ասաց նա:

Քաղաքագետը համոզված է, որ պետք է հաշվի առնել նաև Բելառուսի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք ավելի բարձր են, քան Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները, ճգնաժամային իրավիճակներում Ադրբեջանը գործուն աջակցություն է ցույց տվել Ալեքսանդր Լուկաշենկոյին, իսկ Հայաստանը նման հարաբերություններ չի զարգացրել: Ինչ վերաբերում է Ղազախստանին և Ղրղզստանին, ապա քաղաքագետի կարծիքով, երկուսն էլ թուրքալեզու երկրներ են, որոնք Ադրբեջանի հետ մշակութային և գաղափարական հոգեհարազատ երկրներ են, քան Հայաստանի հետ։

«Եթե կոնֆլիկտն Ադրբեջանի հետ է, ՀԱՊԿ-ից լուրջ ազդակ ստանալն անիմաստ է, եթե կոնֆլիկտը լինի Թուրքիայի հետ, իրավիճակը բոլորովին այլ կլինի: Ռուսաստանն ինքը կմիջամտի, որովհետև դրսի խոշոր խաղացողը կփորձի մտնել տարածաշրջան, այդ պատճառով էլ Թուրքիան հրապարակավ քայլերի չի դիմում, Ադրբեջանի միջոցով քողարկված ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա»,–ասաց Երվանդ Բոզոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը