Աշխարհ

29.05.2021 18:40


Ռուս խաղաղապահները 127 ուխտավոր են ուղեկցել Ամարասի ու Գանձասարի վանքեր. ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչն ամփոփել է վերջին օրերի աշխատանքը (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները 127 ուխտավոր են ուղեկցել Ամարասի ու Գանձասարի վանքեր. ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչն ամփոփել է վերջին օրերի աշխատանքը (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը ճեպազրույցում հայտնել է, որ խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել ԼՂ-ում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերահսկման առաջադրանքները, ասվում է ՌԴ ՊՆ կայքում:

«Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել: Մայիսի 21-ից ապահովված է ադրբեջանական զինված ուժերի քսան ավտոմեքենաների ավտոշարասյունների անվտանգ անցումը` 12-ը` Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով և 8-ը` Շուշա (Շուշի)-Կարմիր Շուկա-Քաջար երթուղով և հետ:

Մայիսի 23-ին ռուս խաղաղապահները 127 ուխտավոր են ուղեկցել Ամարասի ու Գանձասարի վանքեր: Մայիսի 25-ին զորամիավորման ռազմական անձնակազմը, ռուսական «Շտապ դեպի բարին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, իրականացրել է մարդասիրական ակցիա՝ Խնկավան և Իմերետ-Գերևենդ բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Մարդասիրական բեռի ընդհանուր քաշը կազմել է 5 տոննա: 174 մարդ օգնություն է ստացել:

Ռուսական ինժեներական թիմերի կողմից շարունակվում են տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացումը: Մինչ օրս ստուգվել է 1844 շենք, մաքրվել է ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, մաքրվել է 2,121 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 613 պայթուցիկ օբյեկտ:

Մենք տեղակայված ենք թիվ 5 դիտակետի տարածքում, որը գտնվում է Շուշա (Շուշի) բնակավայրի տարածքում, որտեղ Ռուսաստանի զինված անձնակազմը միջոցներ է ձեռնարկում Լաչինի ճանապարհի երկայնքով ադրբեջանական ավտոշարասյունների անցման անվտանգությունն ապահովելու և քաղաքացիական բնակչության տեղաշարժը վերահսկելու համար:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել տարածաշրջանում խաղաղության պահպանման առաջադրանքները՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»,-եզրափակել է Պերեպելկինը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը