Քաղաքական

29.05.2021 10:44


«Իշխանության վերարտադրությունն այս պահի դրությամբ գրեթե անհնար է դարձել». «Փաստ»

«Իշխանության վերարտադրությունն այս պահի դրությամբ գրեթե անհնար է դարձել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններին մասնակցելու է 27 քաղաքական ուժ: Կուսակցություններն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախընտրական ցուցակները:

Վերլուծելով հայաստանյան քաղաքական համակարգի բնույթը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը նման թվով մասնակցությունը մի քանի հանգամանքով է բացատրում.

«Ընդհանրապես, խորհրդարանական կառավարման համակարգում տարբեր երկրներում ընտրություններին բազմաթիվ կուսակցություններ են մասնակցում, որովհետև խորհրդարանն է այն բարձրագույն մարմինը, որը քաղաքականություն է որոշում: ՀՀ-ում հիմա այդպես չէ, որովհետև կառավարությունը ու հատկապես վարչապետն է որոշում քաղաքականությունը: Բայց մարդիկ հաշվի են առնում այն հանգամանքը, որ գալիք ընտրություններում իշխող քաղաքական ուժը չի վերարտադրվելու, ըստ որի՝ քաղաքական որոշումներ կայացնող ու կարևոր մարմինը լինելու է ԱԺ-ն: Հենց այս պատճառով է նաև, որ բազմաթիվ ուժեր են մասնակցում ընտրություններին: Երկրորդ հանգամանքն այն է, որ ՀՀ-ում կուսակցական համակարգը կայացած չէ, իսկ չկայացած քաղաքական համակարգը տասնյակ կուսակցություններ է ստեղծում»:

«Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգը նշեց, որ համեմատաբար մեծ թվով մասնակցության մյուս պատճառն ազգային մտածելակերպն է:

«Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ կարևորվում է անձը, լիդերը: Բոլորին թվում է, որ ավելի լավ է իրենց սեփական մարդ-կուսակցությունը բացել, քան լինել այլ կուսակցության երկրորդ համարը: Եթե մարդը կարող է հարյուր ՍՊԸ բացել, այդ տրամաբանությամբ էլ կուսակցություններ են բացվում: Ավելին, իրենց թվում է, որ եթե լրագրողների մոտ որպես X կուսակցության ղեկավար են ներկայանում, ապա ավելի ծանրակշիռ են դառնում, իսկ թերարժեքության բարդույթը վերանում է: Բացի նշվածներից, այլ պատճառ ևս կա. ընտրություններին ընդառաջ շատ դեպքերում ստեղծվում են հատուկ կուսակցություններ՝ X կուսակցությանն աջակցելու նպատակով:

Դրանք հիմնականում մարդ-կուսակցություններ են, որոնց խնդիրը միայն Y կուսակցությանը քննադատելն է: 27 կուսակցություն է մասնակցելու, բայց բոլորը տարբեր խնդիրներ են իրենց առջև դրել, և, ըստ այդմ էլ, պայքարի տարբեր ձևաչափեր են լինելու: Ճիշտ է, 27 ուժ է մասնակցելու, բայց այսօրվա դրությամբ ազդեցիկ ուժերը չորսն են՝ «Հայաստան» դաշինք, «Քաղպայմանագիր», «Պատիվ ունեմ» դաշինք և ԲՀԿ-ն: Պայքարն այս ուժերի նպատակների միջև է լինելու, իսկ նպատակները տարբեր են: «Հայաստան» դաշինքի ու «Քաղպայմանագրի» հիմնական նպատակն իրենց ղեկավարներին վարչապետի պաշտոնում տեսնելն է: ԲՀԿ-ն պայքարում է նրա համար, որ ունենա այնքան տեղ, որքան ունի այժմ, հնարավորության դեպքում՝ նաև ավելին: «Հայրենիքը» պայքարում է նախ՝ խորհրդարան անցնելու, հետո հնարավորինս մեծ ու ազդեցիկ խմբակցություն ունենալու համար, որպեսզի ապագայում ազդեցիկ խոսք ունենան կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում: ԼՀԿ-ի խնդիրն էլ խորհրդարան անցնելն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ մնացած բոլոր կուսակցություններն ու դաշինքները տարբեր նպատակների համար են պայքարում:

«Մի մասն այս ընտրություններին մասնակցելու հնարավորությունն իր քաղաքական ուժին PR անելու համար է օգտագործում: Այդ PR-ը հետագա ընտրությունների համար է: Մի մասին էլ բավարարում է նաև ֆինանսական էքսցենտրիկ հաճույքները, կամ իր անձնական PR-ն է անում: Այս շարքում են նաև այն կուսակցությունները, որոնք մասնակցում են զուտ այս կամ այն կուսակցությանը քննադատելու համար: Այսինքն, սրանք բոլորը ֆոնային քաղաքական ուժեր են: Քաղաքական գործընթացի մեջ ընդամենը երանգ են ապահովում, դրա համար նրանց պայքարն էական չէ: Հիմնական պայքարը երկու անձերի միջև է լինելու:Ավելի շուտ, նժարին է լինելու այն կյանքը, որը ձևավորել էր Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տասը տարիներին, և այն կյանքը, որը խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիները»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանության սատելիտ ուժերին ու ընտրություններում նրանց ունեցած հնարավորություններին և շանսերին, քաղտեխնոլոգը նկատեց.

«Այդ ուժերը զրո ազդեցություն ունեն: Այս ընտրությունների առանձնահատկությունը հենց հետևյալն է. խորհրդարան անցնելու դեպքում վերոնշյալ առանցքային չորս ուժերից «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն կարող են դաշինք կնքել ու կոալիցիոն կառավարություն ձևավորել: Մինչդեռ «Քաղպայմանագիրը» դաշնակից որևիցե ուժ չունի, որը կարող է մտնել խոհրդարան և որի հետ կարողանան կոալիցիա ձևավորել: Ավելի կոնկրետ՝ «Հայաստան» դաշինքը պոտենցիալ դաշնակիցներ ունի, ինչը չունի «Քաղպայմանագիրը»: Իրեն դաշնակից քաղաքական որևիցե ուժ չկա, որը կարող է անցնել խորհրդարան ու հաղթահարել անցողիկ շեմը: Իշխող ուժն այս պարագայում պետք է կեղծի ընտրությունները, նկարի 50+1, բայց դա չի անցնելու՝ հաշվի առնելով երկրորդ նախագահի հայտարարությունն առ այն, որ թույլ չի տալու կեղծել ընտրությունների արդյունքները:

«Քաղպայմանագիրն» այլ ճանապարհով էլ չի կարող կառավարություն ձևավորել, քանի որ կոալիցիա կազմելու հնարավորություն չի ունենա ո՛չ «Հայաստան» դաշինքի, ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, որովհետև նշված երեք ուժերը հրապարակավ բացառել են դա: Մեծ հաշվով, այսօրվա դրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի, հունիսի 20-ից հետո իշխող քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, կդառնա ընդդիմություն: Շեշտում եմ՝ այսօրվա դրությամբ, որովհետև հունիսի 18-ին կարող է և այլ պատկեր լինել»:

Քաղտեխնոլոգը հավելեց, որ իշխանությունը, որի վարկանիշի անկումը տեսանելի է, այսօր ևս անընդհատ քննադատում է նախկիններին:

«Փորձում են աշխատեցնել այն, ինչ աշխատեց 2018 թ.-ին: Բայց նախկիններին մերժելու քաղաքականությունը հասկանալի պատճառներով հիմա չի աշխատում: Նախ՝ հեղափոխական էյֆորիա չկա, վիրուսը 5000 հոգուց ավելի մարդ է սպանել, Արցախյան կապիտուլ յացիոն փաստաթուղթ է ստորագրվել, որին նախորդող պատերազմի ժամանակ ավելի քան 5000 զոհ ու նաև տարածքային կորուստներ ունեցանք: Եթե նախկինների դեմ քննադատությունը 2018 թ.-ին ու դրանից հետո աշխատում էր, հիմա չի աշխատում: Այն ազդում է միայն Ն. Փաշինյանի ընտրազանգվածի վրա, որը այսօր բավականին քիչ է: Հիմա այս իշխանությունը արդար ու ազնիվ ընտրությունների ժամանակ չի կարող վերարտադրվել, ինչը կախված է նաև մրցակիցների ընտրարշավից: Եթե մրցակիցները չկարևորեն ընտրությունները, իշխանությունը կարող է վերարտադրվել: Այս պահի դրությամբ ազատ, արդար ընտրությունների պարագայում վերարտադրությունը գրեթե անհնար է դարձել: Վերարտադրման մյուս ճանապարհը, ինչպես արդեն նշեցի, ընտրությունները կեղծելն է, բայց ընտրությունները կեղծելու համար էլ պետք է շնորհք ունենալ: Այս իշխանությունն անգամ այդ շնորհքը չունի, իսկ միայն վարչական ռեսուրսով հնարավոր չէ վերարտադրվել: Բացի այդ, նույն վարչական ռեսուրսին տիրապետելու խնդիր ունի թե՛ Սյունիքում, թե՛ Երևանում, թե՛ բազում շատ այլ տեղերում»,-ասաց նա:

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ ընտրությունների դերն այս իրավիճակում արմատական նշանակություն ունի.

«Կա՛մ փոխվում է իշխող քաղաքական ուժը, ու Հայաստանն ունենում է զարգացման հնարավորություն, կա՛մ չի զարգանում ու մնում է այն իրավիճակում, որում այսօր է, երբ ադրբեջանցիները հանգիստ մտնում են Սյունիք, իսկ վաղը կարող են հանգիստ մտնել Տիգրանաշեն, կարող են գալ Երևանի ինչ-որ մի թաղամաս: Այդ դեպքում Հայաստանում կսկսի արտագաղթը, երկիրը մարգինալ կարգավիճակ կստանա: Ընտրություններն այս ճակատագրական նշանակությունն ունեն. կա՛մ դեպի ապագա, կա՛մ մնալ այս ստորացված վիճակում: Դա է խնդիրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը