Լրահոս

28.05.2021 18:20


44-օրյա պատերազմը 20-ամյա կնոջն այրի դարձրեց, իսկ փոքրիկը ծնվեց զինվոր հոր մահից 3 օր հետո (տեսանյութ)

44-օրյա պատերազմը 20-ամյա կնոջն այրի դարձրեց, իսկ փոքրիկը ծնվեց զինվոր հոր մահից 3 օր հետո (տեսանյութ)

44-օրյա պատերազմը 20-ամյա Ռուզաննայից խլեց ամուսնուն. Ասատուր Շահնազարյանը մահացավ առանց առաջնեկին տեսնելու, փոքրիկը ծնվեց հոր մահից երեք օր հետո` հոկտեմբերի 12-ին: Ասատուրը 9 ամիս սպասել ու պատկերացրել էր, թե ինչ դիմագծեր պիտի ունենա Սուրենը, ինչպես պիտի նրան դաստիարակի, ինչ սովորեցնի, բայց չվայելեց հայրական սերը:

Ցավը բթացրած նորաթուխ մայրիկը Սուրենին բերել է հոր մոտ. մայիսի 28-ին կլրանար ավագ լեյտենանտ Շահնազարյանի 25 ամյակը: Նա զինվորական կարիերան «Փոքր Մհեր­» կրթահամալիրից էր սկսել, հետո ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում: Սպասել էր, որ իր սիրած աղջիկը դպրոցն ավարտի և հենց հաջորդ օրը Ասատուրն ու Ռուզաննան բոլորից թաքուն փախել ու իրենց ընտանիքն էին ստեղծել: Երիտա սարդ աղջիկը Երևանին մոտ գտնվող Նորաշեն գյուղում ամեն ինչ թողել և գնացել էր Մեղրի, որ ծառայության ընթացքում ամուսնուն թև ու թիկունք լիներ. միայն հղիության վերջին օրերին էր Ասատուրին մենակ թողել:

Ասատուրի ծառայակից ընկերներից միայն մեկն է ողջ մնացել բախտի բերմամբ. անօդաչուն հարվածել է նրանց Մեխակավան տեղափոխող «ՈՒՐԱԼ»-ին. բոլորն այրվել են, իսկ մեկին պայթյունի հոսանքը դուրս է շպրտել մեքենայից:

Ասատուր Շահնազարյանը պատերազմի օրերին այդպես էլ կնոջից գաղտնի պահեց, որ Արցախում է. առանց ծանրութեթև անելու շտապել էր առաջնագիծ. Ռուզաննան ասում է` ներում է, որ հայրենիքն ընտանիքից վեր դասեց:

Կնոջն ուժ տվողը փոքրիկն է, հիմա ամեն ինչ միայն նրա շուրջ է կառուցում: Հայրը չտեսավ նրան, բայց մայրը անդադար կպատմի հերոս հոր մասին. նրանց տանն ամեն ինչ զինվորական շնչով է, որ փոքրիկը ամեն րոպե զգա հոր ներկայությունը:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը