Մեկնաբանություն

28.05.2021 13:05


Երևանն առանց դիմադրության հանձնենք թուրքերին, Քանաքեռում ամրանա՞նք

Երևանն առանց դիմադրության հանձնենք թուրքերին, Քանաքեռում ամրանա՞նք

Մայիսի 28: Հանրապետության տոն: Ուղերձների, հայտարարությունների, գնահատականների, պատմական էքսկուրսների ու «դասեր քաղելու» պակասություն, բնականաբար, չկա: Դա նորմալ է: Այն էլ այսօր, երբ Հայոց պետականությունը համլետյան հարցի առաջ է կանգնած՝ «լինե՞լ, թե՞ չլինել»:

Մեր ժողովրդի բազմահազարամյա ընթացքի մեջ, վերջին 100 տարիներին 1918-ի մայիսը առանձնահատուկ ու շրջադարձային է՝ այն շատ պարզ պատճառով, որ մի քանի հարյուրամյա դադարից հետո, էլի՛ լինել-չլինելու դաժան երկընտրանքի առաջ կանգնած ու ցեղասպանությամբ, կոտորածներով հոշոտված, Արևելյան Հայաստանի մի անկյունում ծվարած մի բուռ հայությունն իր մեջ ուժ գտավ կռիվ տալու, հաղթելու և վերականգնելու Պետություն:

Որքան որ կարճ է տևել Առաջին Հանրապետության գոյությունը, այնքան երկար և ուսանելի են նրա թողած դասերը: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ մեր հասարակության մի մասի ընկալմամբ, հեռավոր 1918-ի մայիսի 28-ին Սարդարապատի մոտ պարզապես կարևոր ճակատամարտ է եղել թուրքերի դեմ, մենք հաղթել ենք ու հռչակել Հայաստանի Հանրապետություն: Դպրոցում մի քիչ ավելի լավ սովորածները գիտեն նաև Բաշ-Ապարանի ճակատամարտի, իսկ գերազանցիկները նաև՝ Ղարաքիլիսայի (ներկայիս Վանաձոր) ճակատամարտերի մասին, որ տեղի են ունեցել նույն ժամանակային տիրույթում, ինչ՝ Սարդարապատինը, ընդհանուր՝ մայիսի 22-30-ի միջակայքում:

Հատկանշական է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները: Ինչպես է 1918-ի փետրվարին, խախտելով Երզնկայի զինադադարի (1917թ. դեկտեմբերի 5) պայմանագիրը, թուրքական 3-րդ բանակը թափով շարժվել դեպի Արևելք՝ հետ նվաճելու համար Կովկասյան ճակատում Ռուսական կայսրությանը զիջած տարածքները: Պատմությունից լավատեղյակները գիտեն նաև, որ այդ շրջանում եղած Անդրկովկասի ֆեդերատիվ հանրապետությունը չէր կարող ու չէր էլ ուզում որևէ դիմադրություն իրականացնել, իսկ 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից հետո ճակատը թողած և հեռացած ռուսական զորքերին հայկական եղած ուժերն ու նոր կազմավորվող ջոկատներն էլ ի զորու չէին պահել այդ փլուզված ռազմաճակատը:

Ապրիլի 25-ին թուրքական զորքերը գրավում են Կարսը, մայիսի 15-ին, ըստ էության, առանց դիմադրության՝ Ալեքսանդրապոլը (Գյումրին), գրեթե առանց դիմադրության:

Եվ ահա, մայիսի 18-ին, համատարած խուճապային տրամադրությունների ու իրավիճակի պայմաններում Երևանի քաղաքային խորհրդի նիստում ընդունվում է քաղաքապետ Թոշյանի առաջարկությունը, այն է՝ Երևանը առանց դիմադրության հանձնել թուրքերին, իսկ բնակչությունը դուրս բերել Քանաքեռի բարձունք, այնտեղ դիրքավորվել:

Ոչինչ չի՞ հիշեցնում դեպքերի նման ընթացքը:

Նույնիսկ հատուկ ընդգծելու անհրաժեշտություն չկա: Եվ այդ ժամանակ է, որ Արամ Մանուկյանի գլխավորությամբ՝ Երևանի ազգային խորհրդի Հատուկ կոմիտեն որոշում է բեկանել քաղաքային խորհրդի հիշյալ որոշումը՝ խնդիր դնելով դիմադրել, պարզ ասած՝ կռիվ տալ թուրքական բանակների դեմ: Շրջադարձային է նաև այն պահը, երբ Գևորգ 5-րդ կաթողիկոսին հորդորում են, որ թողնի Էջմիածինը և պատսպարվի ապահով մի վայրում, ստանում են կտրուկ մերժում և, ըստ էության նախատինք, առ այն, որ եթե հայ մարդը, հայ զինվորն անկարող է պաշտպանել իր սրբության սրբոցը, ապա կաթողիկոսը կնախընտրի զենքը ձեռքին զոհվել Վեհարանի կամ Մայր Տաճարի մուտքի մոտ...

Շարունակությունը, որ անկասկած արձանագրված է Հայոց զինուժի փառքի մատյանում, ինչպեսև՝ զինակից ու բախտակից եզդի ժողովրդի պատմության լուսավոր էջերում, հանրահայտ է, չնայած՝ էլի արժե ուսուցանել և մանրամա՛սն ուսուցանել:

Արժե, արժե, հատկապես այն հաստագլուխներին, ովքեր հիմա, մեր օրերում, Սարդարապատից մոտ 100 տարի անց, Երևանի սրճարաններում կամ բակային «բիսեդկաներում» ապահով նստած, ապուշություններ են դուրս տալիս «էն ղարաբաղցիների» հասցեին:

Այ, եթե «դասերը քաղած», իսկ պատմությունն էլ սովորած ու ոչ թե սերտած լինեին, ապա գուցե կիմանային, իսկ իմանալուց հետո, հնարավոր է, նաև կհասկանային, թե օրինակ, ինչ դերակատարում է ունեցել հիմնականում արցախցիներից կազմված 5-րդ գունդը (հայտնի է նաև որպես «Մահապարտների գունդ) Սարդարապատի կռիվներում, ճակատամարտում:

Գուցե նաև հասկանային, որ մեր ուժը, մեր միասնականության մեջ է: Որ պետությունը, պետականությունը խաղալիք չէ, որ այն չի կարելի վստահել ապուշություններ ճվճվացող ամեն մի անլվա բոմժի: Գուցե կհասկանային, որ ինքնասպանական ու անընդգրկուն ապուշություն է մտածել, թե հնարավոր է, «Ղարաբաղը տալ ու հանգիստ ապրել»: Մի խոսքով, նախ արժե ինքնուրույն հասկանալ այն բոլոր հիմարությունները, որ մեր ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ առատորեն իրենց թույլ են տվել լսել ու լսելի համարել, հատկապես վերջին 3 տարիներին ու մանավանդ, վերջին կես տարի, 7 ամսվա մեջ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը