Քաղաքական

27.05.2021 12:56


Նիկոլի իշխանության օրոք պարտությունները, հակառակորդի կողմից պարտադրումը շարունակական է լինելու․ նա պայմանավորվածություն ունի ադրբեջանցիների հետ՝ ՀՀ տարածքն ավելի փոքրացնելու․ Սեյրան Օհանյան

Նիկոլի իշխանության օրոք պարտությունները, հակառակորդի կողմից պարտադրումը շարունակական է լինելու․ նա պայմանավորվածություն ունի ադրբեջանցիների հետ՝ ՀՀ տարածքն ավելի փոքրացնելու․ Սեյրան Օհանյան

Պատերազմը պարտված Նիկոլի իշխանության օրոք այդպիսի պարտությունները, անհաջողությունները, հակառակորդի կողմից պարտադրումը շարունակական է լինելու, և ճանապարհը մեկն է՝ այս իշխանությունները պետք է փոխվեն, որովհետև նրանք ադեկվատ որոշումներ չեն ընդունում մեր երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈւ վեց զինծառայողների գերեվարմանը։

«Ինչու՞ Նիկոլը կարող է ուռճացնել, բավականին մեծ քանակությամբ ոստիկանական զորքեր հավաքել իր աթոռը պաշտպանելու կամ երկրի ներսում շարժվելու համար, բայց չի կարող համապատասխան որոշում ընդունել՝ զորահամալրում կատարելու համար։ Գումարները, որն ինքն ուղղում է պարգևատրումների կամ ոստիկանների աշխատավարձերը բարձրացնելու համար, չի ուղղում մոբիլիազացիա անելու և մոբռեսուրսին վարձատրելու համար և պաշտպանությունն անառիկ դարձնելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ եթե դա չի արվում, ապա եզրակացությունը մեկն է․

«Պատերազմից հետո Նիկոլը պարտադրանքի թելադրանքի տակ է գտնվում, կամ պայմանավորվածություններ ունի ադրբեջանցիների հետ՝ մեր սահմանները, ՀՀ տարածքը ավելի փոքրացնելու համար՝ չհասկանալով, որ կյանքից առավել թանկ մեզ համար մեր հայրենի հողն է։ Այն մարդիկ, որոնք ասում են՝ ավերված գյուղ է, մի փոքր բարձունք է, անմշակ տարածություն է, սրիկաներ են, որ չեն հասկանում՝ ինչ է հայրենի հողը և ինչ է նշանակում նվիրված լինել հայրենի հողին»,-ասաց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ ցանկացած ժամանակ էլ կա ելք՝ իրավիճակը հարթելու համար, մանավանդ ռազմական կառույցում, որտեղ կա ուղղահայաց ղեկավարություն, նաև ղեկավարվող զորք և կարգապահություն։

«Շատ վատ է, որ զորամասում, ինչ-որ ստորաբաժանումում ծառայության վատ կազմակերպման արդյունքում գերեվարվում են մեր զինվորները։ Սա խոսում է այն մասին, որ ժամանակին ճիշտ որոշումներ չեն կայացվել սահմանային ծառայություն իրականացնելու, պաշտպանությունը կազմակերպելու համար՝ հատկապես մեր սահմանի կարևոր, ռազմավարական կետերում՝ լինի բարձունք, ճանապարհ։ Ծառայությունը ճիշտ կազմակերպված չէ»,-ասաց նա։

Օհանյանի կարծիքով՝ 6 ամիսը շատ երկար ժամանակահատված էր՝ այդ ամենն իրականացնելու համար։

«Պաշտպանությունն ամրապնդելու, ՊՆ-ի և ԱԱԾ սահմանապահ ծառայության միջև խնդիրները հստակեցնելու համար բավական էր մեկ շաբաթ, մեկ շաբաթ էլ՝ համակողմանի ապահովում իրականացնելու, մինիմալը կազմակերպելու համար։ ՊՆ-ն պետք է համապատասխան ծառայողական քննություն անցկացնի և պարզի իրողությունները, որոշումներ ընդունի, խիստ միջոցներ ձեռնարկի և՛ մեղավորներին պատժելու, և՛, ամենակարևորը, սահմանային ծառայությունը հստակեցնելու համար։ Ռազմական կառույցի համար երբեք ուշ չէ՝ վերականգնելու համար այն, ինչ բաց է թողնվել»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը