Լրահոս

26.05.2021 19:35


Ակնհայտ է, որ այս վիճակում նախագահի՝ նման ինստիտուտ ունենալը թյուրիմացություն է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ այս վիճակում նախագահի՝ նման ինստիտուտ ունենալը թյուրիմացություն է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Պետական ծառայության համակարգը ենթադրում, որ պետական բոլոր պաշտոնները պետք է ունենան իրենց անձնագրերը։ Եվ դրանք կան, ուղղակի ոչ ոք դրանց չի նայում։ Պետական համակարգ եկողը գալիս էր երկու գործոնի համար՝ իր ապագայի և կարիերայի կանխատեսելի լինելու համար, և մարդ կար, որ գալիս էր զուտ 8 ժամ աշխատելու համար։ Գա իր 8 ժամն աշխատի՝ հետո գնա այլ գործով զբաղվի։ Իսկ բիզնեսը 24-ժամյա լարվածություն է պահանջում։ Պետական համակարգի աշխատողը մի փոքր այլ կերպ է մտածում։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այստեղ պետք է լինի նաև էթիկայի ատեստացիա, ներկայացվի էթիկայի հայտարարագիր, որ հարազատ-բարեկամները չհայտնվեն իրար ենթակայության տակ։ Այս ամենը օրենսդրությունը սահմանափակում է, իսկ այսօր դրան ոչ ոք չի հետևում, հիմա պետք է շատ խստացնել։ Մենք հետևում էինք, և պետական համակարգն աշխատում էր»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը խոսելով խորհրդարանական համակարգի մասին նշեց․

«Հայաստանի պայմանների համար կառավարման կիսանախագահական համակարգն ամենահաջողված և պրակտիկ համակարգ է եղել։ Ժամանակին, երբ անցում կատարվեց խորհրդարանական համակարգին, ես իմ բավականին կոշտ կարծիքն արտահայտել եմ այդ առումով։ Սա ճիշտ չէր։ Խորհրդարանական համակարգը լավ աշխատում է այն պետություններում, որտեղ կա ձևավորված քաղաքական համակարգ՝ ինստիտուցիոնալ կուսակցություններով, որոնք ունակ են ներսից ինքնամաքրվելու։ Այդպիսի կուսակցություններ Հայաստանում շատ քիչ են։ Մեր կուսակցություններում շատ դժվար է սերնդափոխություն լինում։ Ունենք բազմաթիվ մարդ-կուսակցություններ։ Մենք խոսում ենք ժողովրդավարական գործընթացների մասին, բայց չի կարող ժողովրդավարություն լինի խորհրդարանական մի երկրում, եթե դա նույնիսկ կուսակցության ներսում չի լինում։

Եթե չի լինում ներկուսակցական ժողովրդավարություն, արդյունքում դառնում է ուսապարկերի մոդել։ Եվ խայտառակությունն այն է, որ մարդիկ ընդունում են, որ իրենք ուսապարկ են։ Պատրաստ եմ և գտնում եմ, որ կարելի է գնալ որոշակի լիազորությունների վերաբաշխման։ Ակնհայտ է, որ այս վիճակում նախագահի՝ նման ինստիտուտ ունենալը թյուրիմացություն է։ Լինում է, երբ մարդն է ինստիտուտը վարկաբեկում, լինում է նաև հակառակը։
Այն դաշինքը, որով մենք մտել ենք ընտրապայքարի մեջ և համոզված եմ, որ գալու ենք իշխանության, առաջին հերթին պետք է երկրին և՛ արժանապատիվ խաղաղություն բերի, և՛ ինչ-որ տեղ՝ հանգստություն։ Մարդիկ նյարդայնացած են և նրանց պետք է դուրս բերել այդ վիճակից։

Վերջերս Մոսկավում ինձ գիրք են նվիրել, դեռ չեմ հասցրել կարդալ, բայց վերնագիրը՝ «Нервные государства», և մտածեցի, որ սա հենց Հայաստանի մասին է ասված»։

Այս խորագրի վերջին նյութերը