Քաղաքական

26.05.2021 19:09


Ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը. Զախարովա (տեսանյութ)

Ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած իրադարձություններից հետո կողմերը գտնվում են լիարժեք երկխոսության և փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբում: Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար: Ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Ռուսական կողմը ներգրավված է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը: Կանոնավոր կապ ենք պահմանում Բաքվի և Երևանի հետ»,-ասել է Զախարովան:

«Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, այն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ-բանակցային եղանակով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահամանզատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,-հավելել է Զախարովան:

Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ համանախագահների դերակատարության կարևորությանը, ինչպես նաև առանձնացրել է հավելյալ ջանքեր պահանջող խնդիրները:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները զբաղվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի հիմնախդնրի կարգավորմամբ: Դա ամրագրված է ԵԱՀԿ իրենց մանդատով: Ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների եռյակն ընդգծել է «վերջնական, համափարփակ և կայուն կարգավորման հասնելուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Այս առումով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակով` համանախագահների հովանու ներքո»»,-հիշեցրել է Զախարովան:

Վերջինս նշել է այն հարցերը, որոնց «կարգավորումը հավելյալ ջանքեր է պահանջում»: «Դրանց թվում են ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղի հասանելիության հարցում սահմանափակումների վերացումը, այդ թվում` միջազգային հումանիտար կազմակերպությունների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը, հակամարտությունից տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության և մարդկանց միջև վստահության ամրապնդման խրախուսումը»,-հավելել է դիվանագետը:

Զախարովան շեշտել է, որ հենց «համանախագահների ձևաչափի շրջանակում պետք է տեղի ունենա ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորումը»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը