Քաղաքական

26.05.2021 18:18


Պետք է հետևել և պարզել, թե ում «ականջներն են» նման գործարքների հետևում․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Պետք է հետևել և պարզել, թե ում «ականջներն են» նման գործարքների հետևում․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Պետության պարտականությունն է հետևել երկիր ներմուծվող դիզվառելիքի որակին։ Այստեղ նույնիսկ օրենսդրության խնդիր չկա, սա պարզապես վարչարարության հարց է։ Սա ամենահեշտ լուծվող հարցն է։ Կան որոշակի ստանդարտներ, և եթե ներմուծվող ապրանքը դրանց չի համապատասխանում, ներմուծումն ուղղակի արգելվում է։ Պետք է հետևել և պարզել, թե ում «ականջներն են» նման գործարքների հետևում։ Իսկ վառելիքի հարցը այն հարցն է, որ ավանդաբար միշտ անբաժան էր նման «ականջներից»։ Եթե հիմա նման ծավալների է հասնում, ուրեմն այս իշխանության «ականջները» ցայտուն պետք է երևան այս ամենի հետևում։

«Ժամանակին մենք իրականացրել ենք շատ ավելի մեծ ճանապարհաշինական աշխատանք և իրականացրել ենք մեր ուժերով։ Ես համոզված եմ, որ մենք ունենք այդ պոտենցիալը։ Այն ժամանակ բոլոր ընկերությունները թարմացրել են իրենց տեխնիկան։ Օրինակ, մենք պահանջ էինք դնում, որ եթե ընկերությունը չունի լազերային հարթիչ, նա չի կարող մասնակցել ասֆալտապատման մրցույթին։ Եվ ընկերությունը միանգամից ձեռք էր բերում այդ սարքը։ Շինկազմակերպությունների նյութատեխնիկական բազան թարմացնելու նպատակով նաև լուծել ենք լիզինգի հարցը։ Կար նաև ուրիշ ճանապարհ․ հրավիրել դրսի կազմակերպություններին։ Բայց այդ դեպքում մեր տեղական ընկերությունները կմեռնեին և կմնային որպես «փոս փակող» ընկերություններ։ Պետք է փորձել աշխատանքը հնարավորինս իրականացնել մեր ուժերով, իսկ եթե լինի այլ մոտեցում պահանջող կտոր, քննարկել և դրա համար մասնագետ հրավիրել՝ առանձին ծրագրի շրջանակում կամ որպես ենթակապալառու»։

«Բնակարանաշինության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է բանկերի հետ համագործակցություն՝ հիփոթեք, վարկի տոկոսադրույքի ողջամիտ չափ, և եթե հնարավոր է՝ խրախուսման ծրագրեր։ Վարկի պարագայում միայն տոկոսադրույքի չափը չէ, կարևոր է նաև մարման երկար ժամկետը՝ 5, 10, թե 15-20 տաևով են տրամադրում։ Իմ նախագահության տարիներին այս ոլորտի զարգացման տեմպերը շատ արագ էին։ Երկիր շատ մեծ գումարներ էին գալիս։ Շինարարության ծավալների 60 տոկոսը ֆինանսավորվում էր մեր մասնավոր սեկտորի կողմից։ 2005-2007 թվականներին շինարարության ոլորտում մենք ունենում էինք 22-29 տոկոս աճ։ Երկրի ՀՆԱ-ն այն ժամանակ աճում էր 13-14 տոկոսով։ Սա նշանակում էր, որ երկիր այնպիսի գումարներ էին գալիս, որ բանկային ֆինանսավորմամբ շինաշխատանքների ընդամենը 12-14 տոկոսն էր իրականացվում։ Սա շատ փոքր տոկոս էր։ Սրանից հետո հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները սկսեցին իջնել, իսկ մարման ժամկետները՝ երկարել։ Ոլորտի բարելավման համար սպասելու եմ ձեր առաջարկներին։ Ես շահագրգռված եմ լինելու, քանի որ շինոլորտն ունի մուլտիպլիկացիոն ամենաբարձր էֆեկտը երկրի տնտեսության զարգացման համար։ Ներդրումներ ներգրավելու համար նաև կլաստերային մոտեցումներ կարելի է կիրառել։ Տարեկան 10-12 տոկոսի աճ ոլորտում հիմա միանգամայն իրատեսական թիվ է։ Անելու ենք։ Սպասելու եմ ձեր մասնագիտական առաջարկներին։ Հունիսի 20-ից հետո գերնպատակ է դառնալու շինարարությունը տեղից շարժելը»։

Այս խորագրի վերջին նյութերը