Մեկնաբանություն

26.05.2021 12:57


Նիկոլը պաշտպանում է Ալիևի կրակելու իրավունքը

Նիկոլը պաշտպանում է Ալիևի կրակելու իրավունքը

Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերած Նիկոլ Փաշինյանը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո կրկին խաղաղասիրություն է քարոզում։

Եթե առաջնորդվենք պատերազմից հետո Նիկոլի առաջարկած բանաձևով, ապա Վերին Շորժայում տեղի ունեցած միջադեպի ու հայ զինծառայողի մահվան համար մեղավոր է ․․․ հայ զինծառայողը՝ 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը։

Հիշո՞ւմ եք, թե ինչ էր բարբաջում Նիկոլը գյուղից գյուղ շրջելով։ Ասում էր՝ ադրբեջանցիները մեզ թշնամի են ընկալում, քանի որ մենք ենք իրենց թշնամի ընկալում։ Ու ինչքան շատ ենք մենք Ադրբեջանին ու Թուրքիային թշնամի ընկալում, այնքան ավելի շատ, ըստ Նիկոլի, նրանք են մեզ թշնամի ընկալում։

Նիկոլն առաջարկում էր թշնամի չընկալել․․․ թշնամուն, որպեսզի նրանք էլ չթշնամանան ու խաղաղություն էր քարոզում՝ զուգահեռաբար նշելով, որ շուտով թշնամին դառնալու է մեր բարեկեցության երաշխավորը։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ եթե խաղաղություն ես ուզում, ապա դու այն չես ստանա մուրալով։ Բացի այդ՝ խաղաղությունը հաստատվում է ոչ թե կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելով ու տարածքներ հանձնելով, այլ ուժերի բալանսով։

Վերջին Շորժայում սպանված զինծառայողի համար մեղավոր ու պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը, քանզի հանցավոր անգործություն է ցուցաբերում։ Նա հետևողականորեն քանդեց բանակը մինչև պատերազմը։ Նույնն արեց պատերազմի ժամանակ ու շարունակում է նույն գործը՝ բանակի վերջնական ոչնչացման համար զինվորական պաշտոնների նշանակելով Վաղարշակ Հարությունյանի ու Արտակ Դավթյանի պես փալաս–գեներալների։

Նիկոլի «խաղաղասիրությունը» պաշտպանում է Ալիևի կրակելու և հային սպանելու իրավունքը։ Ու այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է պետության կառավարման ղեկին։

Արժանապատիվ ու արդարացի խաղաղություն հնարավոր է միայն սրան վարչապետի կաբինետից վռնդելուց և ազգային իշխանություն ձևավորելուց հետո։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը