Մեկնաբանություն

16.04.2009 20:43


Հայաստանը պարտվում է Ադրբեջանին

Հայաստանը պարտվում է Ադրբեջանին

Հայաստանում պետական մարմիններից  անհրաժեշտ տեղեկություն ստանալը միշտ էլ ծանր գործ  է եղել։ Դժվար է ասել, թե սեփական անձը կարևորելու բարդու՞յթն է, որը վարակի պես փոխանցվում է տվյալ կառույցի աշխատողներին, անհասկանալի մոտիվացմամբ անհրաժեշտ ինֆորմացիային գաղտնիության շղարշ հաղորդե՞լն է, թե՞ տեղեկատվական հոսքերը բանի տեղ չդնելու կարծրատիպն է գործում մեզանում։  «Հայաստանը պետք է դիմագրավի ինֆորմացիոն պատերազմին»,  «Մենք պետք է նախահարձակ լինենք՝  կանխելու մեր հարևաններ հակահայկական քարոզչությունը».  այս և նման հայտարարությունները, որոնք ի դեպ ընդհանրացրած տեսքով ներառված են Ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում, իրական կյանքում ոչինչ չարժեն։  Ինչպե՞ս նախահարձակ լինես, երբ Հայաստանի,  նրա առաջին դեմքերի աշխատանքային այցերի, հայտարարությունների, հանդիպումների վերաբերյալ տեղեկությունները հաղորդելու գործում մեր հարևանները մեզանից շատ դեպքերում առաջ են ընկնում։ Պետք չէ սպասել «Հայլուրի» գլխավոր թողարկմանը՝  իմանալու, թե ինչ հարցեր են քննարկվել նախագահի Իրան կատարած այցի ժամանակ։ Դրանք on-line ռեժիմով ներկայացնում են ադրբեջանա-թուրքական կայքերը։  Թեհրանում ստորագրվում է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման  հուշագիրը՝  Տրանսպորտի և կապի նախարարությունը ոչ մի հաղորդագրություն չի տարածում, նախարարության կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն չկա։ Ոչինչ, այդ մասին կարելի է տեղեկանալ...ասենք trend.az-ից։ Մինչ Հայաստանի ԶԼՄ-ներում քննարկվում էր Ալի Բաբաջանի Հայաստան ժամանելու հավանականությունը՝ վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով թուրքական իրենց աղբյուրներին, նշում էին այն հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի արտգործնախարարը քննարկելու է Երևանում գտվող Ռուսաստանի իր գործընկերոջ և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Փորձեք այս և այլ տեղեկության հավաստիությունը ճշտել մեր Արտաքին գործերի նախարարությունից։  «Հաղորդագրություն կլինի՝ կիմանաք»,-սա է լինելու պատասխանը։ Նախարարության կայքէջի  ինֆորմացիոն աղքատությանը չանդրադառնանք։ Եվ սա համատարած է։ Երբեմն, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պետական կառույցների  պաշտոնական աղբյուրները  day.az-ը կամ bakiliar.az-ն են։

Հիմա ինֆորմացիոն պատերազմի մասով։ Ինչպե՞ս են մեր պաշտոնյաները, կամ այդ հարցերով զբաղվող կառույցները պատկերացնում հակահայկական քարոզչության դեմն առնելը, երբ դրան նույն Ադրբեջանում և Թուրքիայում լծված են ոչ թե ԶԼՄ-ները, այլ ամբողջ պետական մեքենան, քաղաքական, քաղաքագիտական շրջանակները, վերլուծական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները, թոշակառուները, միայնակ մայրերը և այլն...Իսկ մենք շատ դեպքերում մեզ հետաքրքրող ինֆորմացիան ստանում ենք այդ նույն հակահայկական աղբյուրներից։

Մի խոսքով՝  անհրաժեշտ պահին մենք չունենք անհրաժեշտ ինֆորմացիա։ Տեղեկատվական հոսքերի առումով մենք հետ ենք մնում մեր հարևաններց՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։  

Վախթանգ  Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը