Մեկնաբանություն

09.07.2011 00:50


Քամի անողին՝ քամու քաղաք

Քամի անողին՝ քամու քաղաք

Աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագիրը վերջերս ահագին ուրախություն պարգևեց մեզ։ Պարզվում է, որ տնտեսական առումով Հայաստանից ավելի վատ վիճակում գտնվող երկիր էլ կա, որի անունը Մադագասկար է։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու Տիգրան Սարգսյանի կատարմամբ իրականացվող տնտեսական քաղաքականությունն աշխարհում ամենավատը չէ, այսինքն՝ Աստված էլ «բեթարից» ազատի։

Նախքան «Ֆորբսի» հրապարակումը մենք կարծում էինք, թե Տիգրան Սարգսյանն իր դեմագոգիկ ու փարիսեցիական պահվածքով վերջն է։ Պարզվեց վերջը չէ։ Ըստ ամսագրի՝ վերջը Մադագասկարում է, որտեղ, հավանաբար, իրենց փայ տիգրանսարգսյանները և «ծովի» գործ անող ներսեսերիցյանները կան և ոչ միայն։

Մադագասկարում էլ, երևի, «միջազգային կենտրոններ» սարքող, կով կթել սովորեցնող և «նանոտեխնոլոգիաներ» զարգացնող իշխանություն կա, համամադագասկարյան բանկ սարքող կա, Մադագասկարի հանգստավայրերի մոծակների դեմ պայքարի անվան տակ բյուջեից փող դուրս գրող կա։

Մադագասկարում էլ, հաստատ, ներիշխանական կայունության երաշխիքի դեր կատարող ու «երկխոսության» պատրաստ ՄԱԿ (Մադագասկարի ազգային կոնգրես) կա։

Մադագասկարում էլ, ամենայն հավանականությամբ, իշխանություններն առաջնորդվում են «Չի սխալվում նա՝ ով ոչինչ չի անում» սկզբունքով ու գյուղացիներին կոչ անում կովի պտուկ լվալ։

Եվ վերջապես, Մադագասկարում էլ, չի բացառվում, որ առկա է իշխանական մի վերնախավ, որը տերտերական առոգանությամբ խոսում է օլիգարխների ու օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին, բայց հենց ի՛նքն է երկրի թիվ մեկ օլիգարխը, իսկ օլիգոպոլիաների դեմ է դուրս գալիս զուտ այն նպատակով, որպեսզի ի՛ր շրջապատի օլիգոպոլիստները գերշահույթներ ստանան ու հագեցնեն իշխանության ֆինանսական ծարավը։

Բայց ինձ Մադագասկարի ճակատագիրն ու այնտեղի «նախաձեռնողական» իշխանությունն այնքան էլ չի հետաքրքրում։ Եկեք, ուրեմն, թողնենք Մադագասկարը, ու սրտներիս մխիթարանք չանենք, թե «զատո» այնտեղ ավելի վատ է, քան մեզ մոտ։ Չեմ կասկածում, որ առաջիկայում Տիգրան Սարգսյանն այնպիսի վարքագծային կանոն կորդեգրի, որ կտանք ու կանցնենք Մադագասկարին։

Մեզ հիմա այլ բան պետք է հետաքրքրի. ինչպե՞ս ապահովել ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը և ինչպե՞ս հաղթել Հայաստանի հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին։

Ես հիմա կառաջարկեմ լուծում, որը մեկ կրակոցով երկու նապաստակ բռնելու պես մի բան կլինի։ Լուծումն այդ շատ պարզ է. ձև ենք գտնում և Տիգրան Սարգսյանին ուղարկում ենք Ադրբեջան՝ վարչապետ աշխատելու։ Հավատացնում եմ ձեզ, որ դրանից հետո.

–հարևանների նավթադոլարների իզն ու թոզը կվերանա,

–եղած գումարները կփոշիացվեն,

–մանաթի հետ այնպիսի խաղեր կտրվեն, որ ադրբեջանցիները կկողոպտվեն օրը ցերեկով,

–Ադրբեջանը կթաղվի խորը պարտքերի մեջ,

–զարկ կտրվի «Ադրբեջանական աշխարհի» ստեղծմանը, ինչն անկասկած կբերի ադրբեջանցիների արտագաղթին և այլն, և այլն, և այլն։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, որը ես խոստանում եմ Տիգրան Սարգսյանի Բաքու գործուղումից հետո, ապա ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք բարեկեցության մասին խոսելը գիտաֆանտաստիկայի ոլորտից կլինի, բայց որ առանց «տիրացուի» մեր բնակչության սոցիալ–տնտեսական վիճակը գոնե է՛լ ավելի չի վատանա՝ դա հաստատ։ Սա էլ ձեզ բարկեցության մի յուրօրինակ ու ժամանակավոր դրսևորում՝ մինչև տեսնենք, թե Սերժ Սարգսյանի՛ն ուր ենք ուղարկում։

Համաձայնե՛ք, որ կարճաժամկետ, սակայն միջանկյալ լուծում է Տիգրան Սարգսյանին քամիների քաղաք ուղարկելը։ Նա թող Ադրբեջանում իր սիրած նյուվասյուկիզմով զբաղվի ու այնպիսի քամի–խոստումներ տա, որ ոչ միայն Ալիևի Բաքվի կենտրոնում տնկած ադրբեջանական տխրահռչակ դրոշը պարբերաբար քրքրվի, այլ նաև հարևան պետությունն ամբողջությամբ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը