Քաղաքական

25.05.2021 08:33


Պետք է տարբերել վենդետա բառը արդարադատություն բառից. այո վենդետա չպետք է լինի․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Պետք է տարբերել վենդետա բառը արդարադատություն բառից. այո վենդետա չպետք է լինի․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
«Պետք է տարբերել վենդետա բառը արդարադատություն բառից։ Վենդետան հաշվեհարդար է մարդկանց նկատմամբ, որոնք կոնկրետ քեզ կամ քո թիմին վատություն են արել։ Վենդետան և արդարադատությունը բոլորովին տարբեր բաներ են։ Այո, ես համարում եմ, որ վենդետա չպետք է լինի։ Մենք չպետք է գնանք անցյալ և մնանք այնտեղ, ինչպես այս իշխանությունը։
Բայց սա չի նշանակում, որ եթե պարզվի, որ եղել է ակնհայտ հանցագործություն երկրի շահերի նկատմամբ, մենք պետք է ասենք՝ ոչինչ, որ 5000 մարդ է զոհվել։ Ամեն ինչ պետք է լինի ոչ թե այնպես, ինչպես արվում էր այս երեք տարվա ընթացքում, այլ օրենքի շրջանակներում։ Հենց նրանց արածն էր վենդետա, որովհետև բոլոր քրեական գործերը, նույնիսկ գյուղապետերի նկատմամբ, ունեն քաղաքական երանգ։ Ունեմ բազմաթիվ փաստեր, որոնք չեմ հրապարակում՝ մարդկանց համար խնդիրներ չստեղծելու համար։ Եվ այդ գործերն ավելի շատ առևտուր անելու համար են։
Սա չի նշանակում, որ եթե ակնհայտ հանցագործություն է եղել, դա պետք է մոռացության մատնվի և դրան քաղաքական կամ իրավական գնահատական չտրվի։ Հակառակ դեպքում, մենք դառնալու ենք հանցագործություններ պարտակող քաղաքական ուժ»։
«Փորձում են տարածել, որ իմ իշխանության գալով՝ պատերազմի վտանգը կարող է մեծանալ, և ենթադրում եմ, որ քարոզարշավի ժամանակ սա իմ դեմ օգտագործվող ամենակարևոր թեզն է լինելու։ Հայաստանի պատմության մեջ ամենախաղաղ տարիները եղել են 1998-2008 թվականները։ Կանխատեսումն այլ էր։ 1998-ին փորձում էին մեր ժողովրդին համոզել, որ իմ նախագահ ընտրվելու պարագայում պատերազմ է լինելու։ Եղավ ճիշտ հակառակը։ Այս տարածաշրջանում խաղաղության գրավականը առաջին հերթին երկրի քաշային կարգն է, թե ինչպես է ընկալվում երկիրը, բանակը մարտունա՞կ է, թե չէ, երկիրն իր դաշնակից երկրների հետ ինչ կարգի հարաբերությունների մեջ է։ Այս ամենը համադրության մեջ ստեղծում է մի վիճակ, որ երկրի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական ոտնձգություն անհնարին է դառնում, եթե դու ճիշտ քաղաքականություն ես իրականացնում։ Մենք ունեցանք այս պատերազմը և այս խայտառակ պարտությունը հենց այն պատճառով, որ լիքը նման կարգի ֆունդամենտալ բաներ խաթարվել էին։ Հիմարություններ էին անում մեկը մյուսի հետևից, ինչը մեր հակառակորդի մոտ տպավորություն ձևավորեց, որ սա հենց այն պահն է, երբ նա կարող է իր հարցը լուծել պատերազմի ճանապարհով։ Այդ փաստաթղթի մեջ ինչ վատ բան կար, որ կարող էր կատարվել մեզ հետ, արդեն եղել է։ Սա այն դեպքը չէ, երբ մի մեծ մաս արդեն կատարվել է, իսկ հետագայում էլի ինչ-որ բան ներկայացնեն` Հայաստանին լրացուցիչ վնասներ հասցնելու համար։ Այո, այդ փաստաթուղթը չի փոխվելու, որովհետև դրանով Քարվաճառը, Լաչինը, ամբողջ տարածքները հանձնեցինք։ Բայց մենք կանխելու ենք լրացուցիչ խնդիրներ ստեղծող փաստաթղթերի ի հայտ գալը։ Սա միանշանակ է։ Հիմա ով ուզում է, որ մենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, ինչպիսինն է Սյունիքում ու Գեղարքունիքում, խնդրեմ, քվեարկեք այսօրվա քաղաքական թիմի օգտին։ Եվ դուք ևս մի քանի տարի երաշխավորված ունենալու եք այսօրվա իրավիճակը։
Այո, վստահություն ունեմ, որ մենք ի վիճակի ենք առավելագույնը ստանալ այս ստեղծված իրավիճակից և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։ Այս մարդիկ ուղղակի ընդունակ չեն։ Նույնիսկ պատճառը չգիտեմ։
Պետք է անկեղծ լինենք, որ ստորագրվածը համաձայնագիր չէր։ Դա կապիտուլյացիայի ակտ էր։ Ուղղակի, կարծում եմ, որ ռուսական կողմը, մեզ խնայելով, դրա անունը չդրեց կապիտուլյացիայի ակտ»։
«Բավականին երկար տարիներ իմ նկատմամբ սև PR-ի քայլեր էին իրականացվում։ Չեմ ուզում հիմա կոնկրետացնել, թե ում կողմից, բայց միշտ մարդկանց մոտ մտահոգություն կար, որ ես կարող եմ վերադառնալ, չնայած, որ նման նպատակ չեմ ունեցել։ 10 տարուց ավելի՝ ես որևէ քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերել։ Բայց այդ մտահոգությունը մարդկանց մոտ կար և մեծ ջանասիրությամբ փորձում էին բոբոյի կերպար ձևավորել, ներկայացնել, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Հիմա պետք է փորձենք ճշմարտությունը ներկայացնել։ Այն ժամանակ ես 1-2 հայտարարություն եմ արել, հետո տեսել եմ, որ ամեն անգամ մի նոր բան են բարդում քեզ վրա։ Հետո որոշեցի, որ թույլ չեմ տալու, որ որևէ մեկն իմ օրակարգը ձևավորի։ Ինչ ուզում են ասեն․ ես իմ օրակարգով ու իմ ծրագրով եմ ապրում և պատրաստ չեմ թույլ տալ, որ որևէ քաղաքական ուժ կամ որևէ անձ իրենց ֆոբիաները բավարարելու համար ինձ օրակարգ թելադրեն, որ ես էլ ամեն օր արդարանամ, և այն էլ՝ այնտեղ, որտեղ արդարանալու կարիք չկա․․․
․․․Խաղողի կազմակերպված մթերումն սկսվեց իմ նախագահության ժամանակ։ Եվ ոչ միայն խաղողի։ Նաև տոմատի։ Հիշում եմ, թե 97-98 թվականներին տարեկան քանի դեպքեր են եղել, երբ թթված լոլիկները բերում էին, թափում Ազգային Ժողովի դարպասների դիմաց։ Հայաստանում չկար գոնե մեկ ասեպտիկ վերամշակման գործարան, որ կարողանային տոմատի մածուկ արտադրել և արտահանել։ Այն, ինչ ձևավորվեց, ձևավորվեց հենց այդ տարիներին, կառավարության լուրջ ջանքերով և անձամբ իմ ներգրավվածությամբ։
․․․ Երկրում կա կառավարման լուրջ ճգնաժամ, և դա նրանից է, որ իշխանական ղեկին են նստել մարդիկ, որոնք պատկերացում չունեն մեծ համակարգի կառավարումից։ Վստահ եղեք, որ այս թիմի գալուց հետո դուք կտեսնեք ժամացույցի պես աշխատող համակարգ»։
«Վերջին մի քանի տարվա ընթացքում կրթական համակարգին ևս լուրջ հարված հասցվեց։ Իրականում մենք փորձել ենք էական բարեփոխումներ մտցնել այդ համակարգի մեջ։ Կրթական համակարգում բարեփոխումները քիչ թե շատ կատարվել են 1998-2008 թթ․-ին՝ դպրոցների անկախության աստիճանը, ծնողների ներգրավումը դպրոցների կառավարման մեջ, բուհական համակարգի անկախությունը։
Մոտ երկու տարի այս իշխանությունը պայքարել է ԵՊՀ-ի ռեկտորին փոխելու համար։ Ժամանակին մենք այնպիսի համակարգ էինք ներդրել, որ բուհական համակարգը ի վիճակի լիներ անկախ գործել։ Այնուամենայնիվ, վերջում հանձնվեց։ Երևի թե բավական երաշխիքներ չկան։ Ուրեմն, պետք է ավելի ամրացնել։ Դպրոցն ու բուհը, որպես միավոր, չպետք է քաղաքական լինեն։ Պետք է գործիքակազմ ստեղծել այդ միավորները քաղաքական չդարձնելու համար։ Մենք փորձում էինք այսպես անել։ Եվ ես տեսնում էի, որ նույնիսկ մեր կուսակցական գործընկերների մոտ կար այդ ձգտումը՝ մտնել դպրոց, մտնել բուհական համակարգ։ Ես զսպում էի այդ ձգտումը։ Կրթական համակարգում կուսակցության հարցեր չպետք է լինեն։ Քաղաքական նկատառումներով որևէ ճնշում կրթական և բուհական համակարգերում, ռեկտորի կամ տնօրենի վրա ուղղակի պետք է բացառել։
Երբեք ինձ չեմ համարել բոլոր հարցերի մասնագետը։ Այնպիսի տպավորություն կա, որ ես ամեն ինչ գիտեմ։ Այդպես չէ։ Եվ բոլոր որոշումները կայացնելիս պետք է լուրջ մասնագետների հետ քննարկում ունենաս և պատկերացում կազմես, համոզմունք ձևավորվի մոտդ, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես»։
«Զինված ուժերում նշանակումները եղել են ոչ թե մասնագիտական հատկանիշների կամ գիտելիքների սկզբունքով, այլ լոյալությամբ։ Այս վերջին նշանակումներն ուղղակի ապշեցնող են։ Կամ բացարձակապես հարցին չտիրապետելու հարց է, կամ բանակի գիտակցված քայքայման գործընթացի շարունակություն։ Ո՞րն է այս երկուսից։ Կամ միգուցե երկուսն էլ միասին։
Իմ տպավորությամբ, այս մարդկանց կառավարման վահանակն ուրիշ տեղ է։ Եթե մտածեին երկրի ու բանակի մարտունակության մասին, այսպիսի քայլեր ու նշանակումներ չէին անի։
Ամենավտանգավոր կրճատումներ եղան մինչև պատերազմը, վերջին մեկ տարվա ընթացքում։ Կրճատել են զորամասեր, որոնք կարող են մոբռեսուրս ընդունել և շատ արագ մարտունակ զորամաս դառնալ։ Իսկ պատերազմի ժամանակ մոբռեսուրսը տանելու տեղ չունեին։ Պետք էր զրոյից զորամիավորում ստեղծել, որն էլ միանգամից պետք է հայտնվեր պատերազմի դաշտում։ Դա է նաև մեր այսքան զոհերի պատճառը։
Պետք է հասկանալ՝ ինչի համար են դա արել․ գիտելիքի պակա՞սն էր թե՞ բանակի միտումնավոր քայքայումը»։
«ՀՀ առաջին սահմանադրությունը արգելում էր երկքաղաքացիությունը։ Առաջին բարեփոխումների ժամանակ այդ արգելքը հանվեց, քաղաքացիությունը բավականին պարզեցված կարգով էր տրամադրվում։ Երկրի քաղաքացի չլինել և մասնակցել այդ երկրի համապետական ընտրություններին, մի փոքր վիճահարույց հարց է։ Տեղական կառավարման մարմինների ընտրությունը այլ է։ Եթե ռեզիդենտի կարգավիճակ ունես, ընտրություններին մասնակցելը խնդիր չէ։
Հիմա նույնիսկ այլ խնդիր կա։ ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդը, որ գտնվում է այլ երկրում, իրավունք չունի քվեարկելու։ Նախկինում նման քվերակություններ կազմակերպվում էին մեր հյուպատոսությունների տարածքում։
Կարող եմ միանշանակ խոստանալ, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը կպարզեցվի և կտևի ընդհամենը մի քանի ամիս։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է տևում այդքան երկար․ երեք տարի ստուգում են՝ հա՞յ ես, թե՝ չէ։ Հայ լինելու հանգամանքը բավարար է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը