Քաղաքական

22.05.2021 16:40


Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ, Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, որը «բելառուս գործընկերների հետ կմշակի Լեռնային Ղարաբաղում «ազատագրված տարածքներում» (չակերտները՝ խմբ.) շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը»։

Նշվում է, որ Լուկաշենկոն գործընկերոջը նաև շնորհակալություն է հայտնել Բելառուս ածխաջրածնային հումք մատակարարելու և աջակցելու համար: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ են նշել ապրանքաշրջանառության աճը և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներուժի առկայությունը:

«Ինչ վերաբերում է բելառուսա-ադրբեջանական երկկողմ օրակարգին, ապա պետությունների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության ուղղություններն ու վերջերս Լուկաշենկոյի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը