Աշխարհ

22.05.2021 12:19


«Մենք պատրաստ ենք դրան». Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին

«Մենք պատրաստ ենք դրան». Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:

«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան»,-գրել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստվում է այնպիսի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից:

«Եթե Ադրբեջանը կատարի մեր պայմանավորվածությունները և կատարի այն պայմանները, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ փաստաթուղթը»,-ասել էր Փաշինյանը՝ չբացահայտելով համաձայնագրի բովանդակությունը: Միաժամանակ, Փաշինյանը շեշտել էր Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների քննարկման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անկլավների հարցը:

Հիշեցնենք՝ օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր տարածել, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ ստվերային բանակցություններ է վարել, որոնց հետևանքով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ՀՀ Տավուշի մարզի 5 և Արարատի մարզի 1 գյուղ, հաջորդիվ նաև Սևանի ու Ջերմուկի սարերը:

Բացի այդ, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի վստահեցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթին՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան: Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին հայտարարել էր, որ պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում:

Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը