Աշխարհ

22.05.2021 18:18


Covid-ի դեմ պատվաստանյութից շահույթի շնորհիվ 9 նոր դեղագործական միլիարդատեր է ի հայտ եկել

Covid-ի դեմ պատվաստանյութից շահույթի շնորհիվ 9 նոր դեղագործական միլիարդատեր է ի հայտ եկել

Covid-19-ի դեմ պատվաստանյութերն առնվազն ինը նոր միլիարդատեր են ստեղծել այն բանից հետո, երբ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերը սկսեցին աճ գրանցել: Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 19.3 միլիարդ դոլար է, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով People's Vaccine Alliance-ը:

Նոր միլիարդատերերի ցուցակը գլխավորում են Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը և Ուգուր Սահինը` BioNTech-ի (BNTX) գործադիր տնօրենը, որը թողարկել է Pfizer պատվաստանյութը (PFE):

Moderna-ի բաժնետոմսերի գինը 2020 թվականի փետրվարից հետո աճել է ավելի քան 700 տոկոսով, BioNTech-ինը` 600 տոկոսով: CanSino Biologics-ի բաժնետոմսերը նույն ժամանակահատվածում աճել են շուրջ 440 տոկոսով: Ընկերության` Covid-19-ի դեմ նախատեսված միանգամյա պատվաստանյութը Չինաստանում օգտագործման համար հաստատվել էր անցած փետրվարին:

Ակտիվիստները հայտարարել են, որ ընկերության նման շահույթն ընդգծում է համավարակի հետևանքով առաջացած սուր անհավասարությունը: Ինը նոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 19.3 միլիարդ դոլար է, ինչը բավական է ցածր եկամուտ ունեցող երկրներում շուրջ 780 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստելու համար:

«Այս պատվաստանյութերը ֆինանսավորվել են պետական ​​միջոցների հաշվին և դրանք պետք է լինեն հիմնականում համաշխարհային հանրային բարիք, այլ ոչ թե` մասնավոր շահույթ ստանալու հնարավորություն»,-ասվում է Oxfam-ի առողջապահական քաղաքականության ղեկավար Անն Մարիոթի հայտարարությունում:

Մայիսի 21-ին G20-ի Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին աշխարհի առաջնորդները քննարկել են պատվաստանյութերի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքներից հրաժարումը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սատարել է այս քայլը, որը, ըստ դրա կողմնակիցների, կօգնի ընդլայնել մատակարարումը համաշխարհային մակարդակում և կկրճատի պատվաստումների անջրպետը հարուստ և աղքատ երկրների միջև: Ընդդիմախոսները, ինչպիսին է Գերմանիան, պնդում են, որ մտավոր սեփականության պաշտպանությունը կենսական նշանակություն ունի նորարարության համար, և ասում են, որ արտոնագրերի վերացումը մատակարարման էական ավելացման չի հանգեցնի` սահմանափակ արտադրողականության և պատվաստանյութի բաղադրիչների անբավարար քանակի պատճառով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ պատվաստանյութերի դեղաչափերի 87 տոկոսը բաժին է ընկել բարձր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրները ստացել են ընդամենը 0.2 տոկոս: Ուրբաթ իր հոդվածում ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինաթհը հայտարարել էր, որ 2022 թվականի կեսերին աշխարհի բնակչության 60 տոկոսին պատվաստելու համար ընդամենը 50 միլիարդ դոլար պետք կլինի:

Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան առողջապահության գագաթնաժողովի ժամանակ ասել էր, որ հաջորդ 18 ամիսների ընթացքում ընկերությունն իր պատվաստանյութի 2 միլիարդ չափաբաժին կտրամադրի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին: Այս տարվա վերջին Pfizer-ի պատվաստանյութերի վաճառք շուրջ 26 միլիարդ դոլար կկազմի, շահույթը` մոտ 30 տոկոս:

Բուրլան կողմ է հանդես եկել պատվաստանյութից շահույթ ստանալու որոշմանը` ասելով, որ իր ընկերությունն իր վրա է վերցրել դրա մշակման ամբողջ ռիսկը և մինչև 2 միլիարդ ներդրումներ է արել հետազոտությունների և մշակումների մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը