Քաղաքական

21.05.2021 16:56


Կա երկրորդ փաստաթուղթը, և Փաշինյանն այն կստորագրի, ու հավատացեք, այդ փաստաթղթի հետևանքները ՀՀ–ի համար շատ ավելի սարսափելի կլինեն, քան նոյեմբերի 9-ի հայտարարությանը

Կա երկրորդ փաստաթուղթը, և Փաշինյանն այն կստորագրի, ու հավատացեք, այդ փաստաթղթի հետևանքները ՀՀ–ի համար շատ ավելի սարսափելի կլինեն, քան նոյեմբերի 9-ի հայտարարությանը

@togarma301 տելեգրամ ալիքը գրում է.

«Մի կողմ թողնենք բոլոր ներքին ինֆորմացիաները, միացնենք տրամաբանությունը:

1. Փաշինյանն ու խմբակը անմիջապես պատերազմի ավարտից հետո կտրուկ փոխում են իրենց հռետորաբանությունն ու սկսում խաղաղության կոչեր անել:

Սա փաստ է:

2. Փաշինյանն ու խմբակը վերջին 6 ամիսներին ամեն անկյունից գոռում են այն մասին, որ անհրաժեշտ է հրաժարվել ռևանշիզմից, շրջել էջը, կարգավորել փոխհարաբերություններն ու պատրաստվել սահմանները բացելուն:

Սա փաստ է:

3. Վեց ամիս մեզ «պուպուշ» հեքիաթներ են պատմում սահմանների հետ կապված օգուտների, առևտրի մասին, ասում են, որ մեր ռազմական հռետորաբանությունը միայն խանգարում է, և անգամ Հայաստանին ներկայացնում են՝ որպես ագրեսոր ու հողերի օկուպանտ:

Սա փաստ է:

4. Իշխանությունները բարձունքներ են հանձնում Սյունիքում ու կապանյան ռազմավարական նշանակության ճանապարհի մի մասը: Հանձնվում է Շուռնուխի կեսը, և այս ամենը՝ անաղմուկ, առանց զորքեր ներգրավելու ու սահմաններին կոնֆլիկտ ստեղծելու: Իշխանությունները սրա անունը դրել են սահմանների ճշգրտում GPS-ով ու ասում են, որ այդ հողերը մերը չեն: Եվ ընդհանրապես, առաջնագիծ հասկացություն այլևս չկա, կա պետական սահման:

Սա փաստ է:

5. Սկսած մարտ ամսից՝ բանակցություններ են ընթանում կոմունիկացիաներն ապաշրջափակելու վերաբերյալ՝ եռակողմ հայտարարության մասնակից երկրների փոխվարչապետների մասնակցությամբ:

Սա փաստ է:

Ինչո՞ւ ենք մենք սրա մասին խոսում: Փաշինյանն ու իր խմբակը միշտ հանդես են եկել կոմունիկացիաների ապաշրջափակման, դեմարկացիայի, սահմանների գծման, թուրքերի հետ առևտուր անելու օգտին և մեզ նույնիսկ փորձում էին համոզել, որ երկաթուղային ճանապարհով Նախիջևանի տարածքով կգնանք Իրան: Հիշո՞ւմ ենք այս ամենը: Հույս ունեմ, հիշում ենք:

Եվ հանկարծ դատարկ տեղը Ադրբեջանի զինուժը ներխուժում է Հայաստանի տարածք, ու սկսվում է կոնֆլիկտ՝ երկկողմանի ռազմական հռետորաբանությամբ, միջազգային հանրության ներգրավմամբ, և այլն: Բոլորը գոռում են, որ պետք է դեմարկացիա անել, բոլորը համաձայն են, Հայաստանի իշխանությունները՝ նույնպես, բայց կոնֆլիկտը շարունակվում է, և Ադրբեջանի զինուժը շարունակում է մնալ մեր տարածքում:

Սա ինչի՞ մասին է խոսում: Ինչո՞ւ հիմա, եթե բոլորը համաձայն են դեմարկացիային և նույնիսկ 6 ամիս է՝ նախապատրաստական աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, Ադրբեջանի զինված ուժերը չեն հեռանում մեր տարածքից:

Իսկ կոնֆլիկտի արդյունքը, ըստ Հայաստանի իշխանությունների, հանդիսանում է դեմարկացիայի հարցերով ինչ-որ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը, որը իբր թե պաշտպանելու է Հայաստանի շահերը:

Լո՞ւրջ… Այսինքն՝ 6 ամիս տեղի էր ունենում Ադրբեջանի օգտին սահմանների ճշգրտում GPS-ով, հանձնվում էին բարձունքներ, ռազմավարական ճանապարհ, ու ամեն ինչ նորմալ էր, իսկ հիմա որոշել են հանձնաժողով ստեղծել ու պատերազմ սկսելու շեմի՞ն են: Այդ ինչպե՞ս: Ինչ-որ մեկը դե՞մ է եղել հանձնաժողովին… Այս ամենը զառանցանք է, ՀՀ գործող իշխանությունների հերթական սուտը, աչքերին հերթական թոզփչոցին:

Եթե այս ամենի արդյունքը հանձնաժողով ստեղծելն էր, ապա՝

  • ինչո՞ւ է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դրան դեմ հանդես գալիս ու պատրաստվում է հրաժարական տալ այդ փաստաթղթի ստորագրման դեպքում: Նա, ինչ է, դե՞մ է հանձնաժողով ստեղծելուն
  • ինչո՞ւ ոչ ԱԳՆ-ն, ոչ Ազգային ժողովը, ոչ նախագահը, ոչ կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցությունների համար պատասխանատու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոչ ոք, բացի Փաշինյանից, Ալիևից ու Լավրովից, տեղյակ չէ՝ ինչի՞ մասին է խոսքը
  • ինչո՞ւ Փաշինյանը նախկինում չէր մեկնաբանում ու բացահայտում դետալները
  • ինչո՞ւ նա երեկ կառավարության նիստում դա չարեց, ի՞նչ գաղտնիություն են պահպանում, ինչո՞ւ:

«Ինչուները» շատ են, պատասխանը՝ մեկը. Հայաստանի իշխանությունները խաբում են: Ինչպես խաբում էին 44 օր, այնպես էլ հիմա են խաբում՝ փորձելով հիմարացնել ազգին:
Բոլորի համար ձեռնտու ինչ-որ հանձնաժողովի համար ոչ ոք կոնֆլիկտ չէր սկսի, և բոլորս սա հիանալի հասկանում ենք:

Կան խոստումներ, բանավոր պայմանավորվածություններ, որոնք Փաշինյանը կուլիսների հետևում տվել է Ալիևին: Եվ կոնֆլիկտի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը խնդրել է դրանց կատարումը տեղափոխել ընտրություններից հետո, իսկ Ալիևը հրաժարվել է, որովհետև գիտի, որ իշխանափոխության դեպքում այդ խոստումները ոչ ոք չի կատարի:

Ահա և վերջ… Մնացածը իշխանությունների պատմած հերթական հեքիաթն է, իսկ այն, ինչ հիմա ձեզ են հրամցնում, բլեֆ է, և դուք դա հիանալի գիտեք: Ոչ ոք կոնֆլիկտ չի սկսում ինչ-որ հանձնաժողովների պատճառով, որոնց ստեղծմանը բոլորն իրենց համաձայնությունն են տվել: Խաղադրույքները շատ ավելի բարձր են, և միակ առևտուրը գնում է խոստումների կատարման ժամկետների վերաբերյալ, այլ ոչ թե՝ ըստ փաստի էության:

Կա երկրորդ փաստաթուղթը, և Փաշինյանն այն կստորագրի, ու հավատացեք, այդ փաստաթղթի հետևանքները Հայաստանի համար շատ ավելի սարսափելի կլինեն, քան նոյեմբերի 9-ի հայտարարությանը»:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am։

Այս խորագրի վերջին նյութերը