Աշխարհ

21.05.2021 15:59


«Դիտարկվում է «Սպուտնիկ-V»-ի արտադրության հնարավորությունը ՀՀ-ում և Ղրղզստանում»․ Պուտին

«Դիտարկվում է «Սպուտնիկ-V»-ի արտադրության հնարավորությունը ՀՀ-ում և Ղրղզստանում»․ Պուտին

Դիտարկվում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի` Հայաստանում և Ղրղզստանում արտադրության հնարավորությունը: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այսօր հեռավար կարգով անցկացված ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

ՌԴ նախագահը շեշտել է, որ ԵԱՏՄ երկրների համաճարակաբանական անվտանգությունն ամրապնդվել է այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը կարողացավ օպերատիվորեն ստեղծել երեք սեփական, արդյունավետ և անվտանգ պատվաստանյութներ` կորոնավիրուսի դեմ։ Իսկ չորրորդը ՝ «Sputnik Light»–ը, շուտով գործարկվելու է:

««Սպուտնիկ-V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացվել է ինչպես Ղազախստանում, այնպես էլ Բելառուսում: Ռուսաստանը պատվաստանյութերի իր տեխնոլոգիան փոխանցող միակ երկիրն է: Դիտարկվում է նաև Հայաստանում և Ղրղզստանում նման արտադրության կազմակերպման հնարավորությունը»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով` մինչև տարեվերջ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է պատրաստեն գործողությունների ծրագիր՝ բնակչությանը կենսական նշանակության դեղամիջոցներ տրամադրելու համար և՛ կորոնավիրուսի, և՛ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար:

ՌԴ նախագահն անդրադարձել է նաև «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» թվային հավելվածին, որը գործարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանի անցման կետում գործում է սանիտարական հսկողության պարզեցված ընթացակարգ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը