Քաղաքական

20.05.2021 19:14


Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսվել է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսվել է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հարավային Կովկասում համագործակցության և ինտեգրման հարցով ադրբեջանական կողմի արած առաջարկներին: Այս մասին նա խոսել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:

«Մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, որոնք բխում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից և առնչվում են հաղորդակցությունների և նոր տրանսպորտային միջանցքների բացմանը: Կարող եմ ասել, որ աշխատանքներն արդեն սկսվել են այս նախագծի ուղղությամբ և Ադրբեջանն արդեն տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ է հատկացրել: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, այն նոր հնարավորություններ կընձեռի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ադրբեջանը բաց է համագործակցության և համատեղ ապագայի համար: Մենք հարևաններ ենք և պետք է սովորենք կրկին ինչպես ապրել կողք-կողքի»,-հայտարարել է Ալիևը:

«Մենք համագործակցության առաջարկ ենք արել Հայաստանին տրանսպորտային հարցերի շուրջ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ: Գործընթացը սկսվել է, ընթացքի մեջ է: Դա հեշտ չէ, բայց սկսվել է և մենք աջակցության կարիք ունենք ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, տարածաշրջանի երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից և ԵՄ-ից: Եվ ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, սա վերջին հնարավորությունն է»,- հավելել է Ալիևը:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է: Մենք պետք է նայենք ապագային: Ադրբեջանը պատրաստ է նայել ապագային: Հուսով ենք, որ ժամանակ կգա, երբ մենք կխոսենք ակտիվ համագործակցության և ինտեգրման մասին Հարավային Կովկասում: Եմ մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել այդ հարցում: Հայաստանում պետք է զերծ մնան նույնիսկ վրեժ լուծելու մասին խոսելուց: Մենք պետք է շրջենք այս էջը»,-ասել է Ալիևը:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման շուրջ: Այս մասին նա խոսել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:

«Հայաստանի հասարակությունը պետք է համակերպվի նոր իրողության հետ: Մենք արդեն առաջարկ ենք արել, սակայն Հայաստանի իշխանությունը չի պատասխանել: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ ենք սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու պատերազմին, հավանական ռազմական առճակատմանը: Մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք, մենք պետք է Հայաստանի հետ սահմանազատում իրականացնենք»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը