Քաղաքական

20.05.2021 18:34


«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն ԼՂ-ին և ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը». ՌԴ փոխարտգործնախարար

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն ԼՂ-ին և ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը». ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ:

Այս մասին պաշտոնյան հայտարարել է այսօր Կազանում անցկացվող «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիային նվիրված համաժողովի շրջանակում, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ այն է, որ հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ ճանապարհով: Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման մեջ դնել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ ձևաչափով, մենք միայն կողմ ենք»,-մանրամասնել է Ռուդենկոն՝ պատասխանելով Բաքվից հնչող հայտարարություններին վերաբերող հարցին այն մասին, թե սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա երկկողմ ձևաչափով:

Բացի այդ, պաշտոնյան շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը»:

«Այժմ տեղի ունեցող միջադեպը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Հետևաբար, ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում»,-վստահեցրել է Ռուդենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը