Քաղաքական

19.05.2021 20:01


«Թշնամին ներխուժել է մեր երկիր, ասում ենք՝ բանակցություններ․․․ գնամ թուրքին խնդրեմ, ասեմ՝ 1 կիլոմետր հետ գնա՞, իյա, ախպեր, իմ տարածք ինչի՞ են մտել, որ ես էլ գնամ բանակցեմ». Խոզնավարի գյուղապետ

«Թշնամին ներխուժել է մեր երկիր, ասում ենք՝ բանակցություններ․․․ գնամ թուրքին խնդրեմ, ասեմ՝ 1 կիլոմետր հետ գնա՞, իյա, ախպեր, իմ տարածք ինչի՞ են մտել, որ ես էլ գնամ բանակցեմ». Խոզնավարի գյուղապետ

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշակի հատվածներում թշնամու առաջ գալու վերաբերյալ այսօր նախատեսված էին հերթական բանակցությունները։ Սակայն, ինչպես տեղեկացրեց Պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

Թշնամին Սյունիքի մարզում 3-4 կիլոմետր առաջ է եկել, այնպես որ, շատ է մոտեցել Խոզնավար գյուղին։

168.am-ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասաց, որ իրավիճակի հետ կապված որևէ փոփոխություն չկա։

«Ես բանակցությունների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, քանի որ դրանք պետք է տեղի ունենային Ներքին Խնձորեսկում, որը մեր գյուղից բավականին հեռու է։ Այս ընթացքում թշնամին գյուղի նկատմամբ որևէ սադրանք թույլ չի տվել, սակայն գյուղը չորս կողմից շրջափակված է։ Եթե թշնամին հետ չգնա, պիտի կռվենք, այլ տարբերակ ու հնարավորություն մենք չունենք։ Ի՞նչ է, մեր հողը, կտոր-կտոր, կես-կես պետք է տանք իրե՞նց, կռիվ է պետք, ուրիշ ոչ մի բան։ Եթե պետք է կոտորվենք, թող բոլորս միանգամից կոտորվենք»,-նշեց Վարո Գրիգորյանը։

Ըստ նրա, բնակիչները հանգիստ են, սակայն գիտակցում են, որ վտանգները շատ մեծ են, որևէ մեկն այս ընթացքում գյուղից չի գնացել։

Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում Կառավարությունից որևէ պաշտոնյա չի այցելել Խոզնավար՝ հասկանալու, թե չորս կողմից թշնամու կողմից շրջափակված գյուղն ինչպես է ապրում։

«Մեր զինվորներն են կանգած պոստերում, իրենք են մեր պաշտպանը, թե չէ պաշտոնյաները… Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեր գյուղում չի եղել, բայց, կարծեմ, գնացել էր Սև լիճ»,-հավելեց նա։

Միաժամանակ Խոզնավարի գյուղապետն իր զարմանքն արտահայտեց բանակցությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ, եթե թշնամին ներխուժել է պետական տարածք, նրա հետ ինչո՞ւ պետք է բանակցեն։

«Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, դրանց պետք է հավաքեին՝ տանեին ու լցնեին բերդերը։ Թշնամին ներխուժել է մեր երկիր, մենք ասում ենք՝ բանակցություններ հա բանակցություններ, դե թող գնան՝ բանակցեն։ Իմ երկիր, իմ տարածք են մտել, մի հատ էլ գնամ-բանակցեմ, որ դուրս գա՞ն։ Գնամ թուրքին խնդրեմ, ասեմ՝ մեկ կիլոմետր հետ գնա՞, իյա, ախպեր, իմ տարածք ինչի՞ են մտել, որ ես էլ գնամ բանակցեմ։ Մեծ ու փոքր պետք է զենք վերցնենք կանգնենք, կա՛մ մենք կկոտորենք, կա՛մ մեզ կկոտորեն, ես միայն սա կարող եմ ասեմ։

Դե, հիմա գյուղում մարդիկ իրենց աշխատանքին են։ Հիմա, օրինակ, ես ի՞նչ սրտով պետք է այդ լապատկան վերցնեմ, կամ գութանն ու տրակտորը վերցնեմ, գնամ դաշտ ցանքս անեմ, երբ թուրքը իմ գլխավերևում կանգնած է։ Մեզ մոտ ամենաբարձունքներին իրենք են նստած, դե պատկերացրեք, էլի, ինչ է կատարվում։ Ես չգիտեմ՝ ի՞նչ ենք անելու, մենք չորս կողմից շրջափակված ենք, մի կողմից է միայն մի թեթևակի ճանապարհ, Աստված չանի, եթե կռիվ լինի՝ կարող են մեր դեմը կտրեն, չթողնեն գոնե երեխեքին հանենք»,-շեշտեց Վարո Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Այս խորագրի վերջին նյութերը