Քաղաքական

19.05.2021 10:25


Այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրվեն, ավելին ասեմ՝ այն իշխանությունը, որի մասնակիցն եմ եղել ես՝ ինքս. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրվեն, ավելին ասեմ՝ այն իշխանությունը, որի մասնակիցն եմ եղել ես՝ ինքս. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը հետեւում է քաղաքական իրադարձություններին, բայց նախընտրում է չխառնվել քաղաքականությանը, թեպետ մտահոգված է երկրում տիրող իրադարձություններով, նաեւ ակնհայտորեն ընդդիմադիր վերաբերմունք ու դիրքորոշում ունի շատ հարցերում։ Ավելի պարզ ասած՝ նա էլ է համարում, որ պատերազմում պարտված, ձախողված իշխանությունը պետք է հեռանար, որը չի արել։ Նրան հարցրինք՝ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելո՞ւ է, որեւէ ուժի կողմից որեւէ ցուցակում ընդգրկվելու առաջարկ ունի՞։ Հիշեցնենք․ Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել 2020 թ․ հունիսի 4-ին, ու արդեն մեկ տարի է՝ զբաղված է մասնավոր սեկտորում, բիզնես խորհրդատվությամբ է զբաղված «Դի-Էս-Էյ» խորհրդատվական ընկերությունում։

«Որեւէ ցուցակով հանդես գալու ցանկություն չունեմ, փորձեր եղել են տարբեր թիմերից, որ ինձ առաջարկեն կամ փորձեն իմանալ իմ տեսակետը՝ արդյոք ես որեւէ ցանկություն ունե՞մ, թե՞ չունեմ, եւ շատ կարճ ժամանակ հետո հասկացել են, որ ես ընդհանրապես որեւէ թիմում քաղաքականությամբ զբաղվելու կամ որեւէ ցուցակում ընդգրկվելու բացարձակ ցանկություն չունեմ»,-ասաց նա։

-Իսկ ընդդիմադի՞ր ուժերից է եղել առաջարկությունը, թե՞ նաեւ իշխանությունից։

-Բոլորը, այդ թվում՝ նաեւ իշխանությունները կամ իշխանությունը ներկայացնող անձինք, շատ նրբանկատորեն են շոշափել այդ հարցը։ Հետեւաբար, ինձ բաց տեքստով որեւէ առաջարկ չի արվել իշխանությունների կողմից, բայց փորձել են իմանալ, թե ես ինչ զգացողություններ ունեմ կամ ինչ եմ մտածում։

-Դուք հիմա զբաղված եք խորհրդատվական գործունեությամբ, Ձեր ընկերության շրջանակներում այս կառավարության, պետության հետ, առհասարակ, առնչություն ունենո՞ւմ եք։

-Ցանկություն չունեմ եւ չեմ ունենում, բայց դա ոչ թե կարելի է գնահատել, որ, առհասարակ, այս կառավարության հետ չեմ ուզում, այլ, սովորաբար, եթե վերցնենք մեծ չորսնյակի աուդիտորական խորհրդատվական ընկերությունները կամ այն խորհրդատվական ընկերությունները, որոնք հաճախորդների ներգրավման ներքին համակարգեր ունեն, սովորաբար պետության եւ կառավարությունների հետ աշխատում են խորհրդատվական ծառայությունների մեջ չներքաշվել, որովհետեւ դա մրցակիցների կողմից ընկալվում է որպես քաղաքականության մաս կամ կառավարության, պետության հետ որոշակի գործարքների մեջ մտնելու հանգամանք, նաեւ անկախության կորուստ, որովհետեւ պետության հետ շփումները մասնագիտական անկախության ու շահերի բախման ռիսկեր են պարունակում։

-Այդուհանդերձ, Դուք տեսնում եք, թե Հայաստանն այսօր ինչ ծանր իրավիճակում է գտնվում, մենք սահմանների անվտանգության ինչ լուրջ խնդիր ունենք, ի՞նչ եք մտածում այս ամենի շուրջ, լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, եւ արդյոք ընտրությունները որեւէ բան կփոխե՞ն մեր երկրում։

- Ես կարծում եմ, որ ընտրությունները պարտավոր են փոխել, որովհետեւ, եթե ընտրությունները ոչ մի բան չփոխեն, ես կարծում եմ, որ մենք լուրջ խնդիրներ կունենանք ապագայում։ Բայց ես երբեք կողմ չեմ եղել, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Ես ավելի հանգիստ կլինեի, ու ավելի տրամաբանական կլիներ, որ օրվա իշխանությունները, անկախ նրանից՝ այդ անձինք ովքեր են, չեմ անձնավորում, բայց այն իշխանությունը, որը վերջին իրադարձություններում ձախողվել է, թեկուզեւ միայն պատերազմը վերցնենք, ես ակնկալում էի, որ այդ իշխանությունը պետք է զիջի իր տեղը ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ձեւավորելու մտքի ջատագովներին, որովհետեւ կարծում էի՝ մենք պետք է խելահաս լինեինք, եւ ներքաղաքական ու նախընտրական այս եռուզեռը, որը փաթաթում են ժողովրդի գլխին բոլորը, ես կարծում եմ, որ դրա կարիքն ամենեւին չկար։ Մենք պետք է ունենայինք միայն մեկ օրակարգ, այդ օրակարգը պետականության կորուստը բացառելն էր եւ երկիրն այս փոսից, անդունդից հանելը։ Պետք է բոլորով ուղղակի օրակարգային այդ երկու կարեւոր հարցի շուրջ հավաքվեինք եւ շատ ազնվորեն որոշումներ կայացնեինք՝ առանց որեւէ հետին մտքի։

-Դուք հույս ունեք, որ ընտրությունների միջոցով իշխանությունը կփոխվի՞։

-Էսպես ասեմ՝ կարծում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի՝ անկախ նրանից, որ ես սատարում եմ ավելի շատ իշխանությանը, ոչ իշխանական ուժերին կամ ընդդիմությանը, դա հարցի երրորդական եւ չորրորդական կողմն է։ Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցում ընտրություններին, այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրվեն։ Ավելին ասեմ՝ այն իշխանությունը, որի մասնակիցն եմ եղել ես՝ ինքս։ Դա մեր համընդհանուր ազգային շահերին դեմ է ուղղակի։ Բայց սրանով ես որեւէ ընդդիմադիր ուժի իմ հիացմունքը կամ իմ սատարումը չեմ հայտնում։

-Պարոն Անանյան, Դուք Ձեզ նորից պետական կառավարման համակարգում տեսնո՞ւմ եք, թե՞ որոշել եք, որ այսքանով ավարտել եք Ձեր առաքելությունը՝ որպես պետական գործիչ, եւ շարունակելու եք Ձեր գործունեությունը այսուհետ միայն մասնավոր ոլորտում։

-Գիտե՞ք, եթե ես հիմա ասեի, որ ես համարում եմ՝ ավարտել եմ իմ առաքելությունը, ես առնվազն սուտ կխոսեի առաջին հերթին ինքս իմ առջեւ եւ ազնիվ չէի լինի, ու, ընդհանրապես, հայրենասիրության դրսեւորում չէր լինի դա։ Ես որեւէ ձեւով կառավարությունում աշխատանքի կամ որեւէ դերակատարում ունենալը չեմ բացառում, եթե կձեւավորվի տեխնոկրատների եւ պրոֆեսիոնալների կառավարություն, եւ իմ ծառայությունների կարիքը կզգացվի, եթե լինի այդպիսի հրավեր։

-Իսկ ընտրությունների՝ որպես ընտրող, կգնա՞ք եւ որեւէ ուժի ձայն կտա՞ք։

-Ընտրությունների պարտադիր պետք է գնամ եւ բոլորին կոչ կանեմ, որ բոլորը գնան եւ պասիվ չմնան, եւ որեւէ ուժի պետք է բոլորը ընտրեն, որպեսզի որեւէ ձայն չկորչի։ Ես՝ ինքս, գնալու եմ եւ, բնականաբար, ընտրելու եմ որեւէ ուժի:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը