Կարծիք

07.06.2011 22:06


Գործարք, որ ցնցեց Հայաստանը

Գործարք, որ ցնցեց Հայաստանը

Քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվում է շեշտակի արագությամբ: Իհարկե, շատերի համար փոփոխությունները նկատելի կդառնան մի քանի ամիս հետո, իսկ այլոց համար մի փոքր ավելի ուշ, սակայն հենց այսօր արդեն այնպիսի տեղաշարժեր են տեղի ունենում, որոնք ամենամոտ ապագայում կփոխեն քաղաքական դաշտը:

Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերի քայլերը հանգեցրին այնպիսի տեղաշարժերի եւ սկիզբ դրեցին քաղաքական այնպիսի գործընթացների, որոնք փոխելու են մեր երկրի դեմքը:

Սերժ Սարգսյանը տապալեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա եւ Տեր-Պետրոսյանի կողմից հանրահավաքներից մեկում գովերգված վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած, ավերեց Հայաստանի տնտեսությունը:

Այս ամենը, բնականաբար, հանգեցրեց նրան, որ Սարգսյանի գետնին կպած վարկանիշն այդպես էլ չբարձրացավ, եւ նա կորցրեց վստահությունը ոչ միայն շարքային հայաստանցիների, այլ նաեւ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մոտ: Այս իրավիճակում Սարգսյանին անհրաժեշտ էր գտնել դաշնակից: Նա շատ երկար չփնտրեց, քանի որ ճակատագրի հեգնանքով, ճիշտ այդ ժամանակ դաշնակից էր փնտրում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 2008թ. մարտի 1-ից հետո, կարծես թե, այլեւս հույսը կտրել էր իշխանափոխության անելուց եւ ցանկանում էր ընդամենը երկու փոքրիկ խնդիր լուծել` ազատվել քաղբանտարկյալների հոգսից եւ իր մերձավոր շրջապատի համար Ազգային Ժողովում պատգամավորի գործ գտնել:

Մի պահ թվում էր, թե դա արդեն անհնարին խնդիր է, բայց հանգամանքների բերումով Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ դիմել Հայ ազգային կոնգրեսի օգնությանը: Եւ երբ Կոկորդիլոս Գենայի օրինակով Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն տարածեց, թե երիտասարդ կոկորդիլոսը ցանկանում է ընկերներ ձեռք բերել, այլ կերպ ասած` ցանկանում է երկխոսել, անմիջապես արձագանք ստացավ:

Դժվար չէ ենթադրել, որ երկխոսությունը վաղուց է արդեն կայացել, եւ հիմա մենք ականատեսն ենք լինում բեմականացված մի ներկայացման: Այսուհանդերձ, ամեն ինչ այդքան էլ պարզ  չէ, ինչպես կարող է թվալ շատերին: Սերժ Սարգսյանն այնքան էլ լավ չի տիրապետում իշխանական դաշտին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն բացարձակ որեւէ լուրջ ազդեցություն չունի ընդդիմադիր տրամադրված զանգվածի վրա: Եթե այս ամենին գումարենք, որ նորաթուխ դաշինքից դուրս մնացած առողջ ուժերը մտադիր չեն նստել եւ սպասել, թե Սարգսյանը եւ Տեր-Պետրոսյանն էլ ինչ խնդիրներ են ստեղծելու մեր երկրի համար, ապա հասկանալի է դառնում, որ դաշինքի գործերն այնքան էլ լավ չեն:

Հիմա վարչախումբը եւ նրա դաշնակից Կոնգրեսի առաջնորդները բավական ծիծաղելի իրավիճակում են հայտնվել: Ինչ որ հինգ հոգանոց խումբ է ձեւավորվել Կոնգրեսում, որը չգիտես ում հետ պետք է բանակցի: Սերժ Սարգսյանը, կարծես թե, մտադիր չէ հինգ հոգուց բաղկացած խումբ ձեւավորել: Կարեն Կարապետյանի շուրթերով նա արդեն հայտարարեց այդ մասին՝ բավական հիմար վիճակի մեջ դնելով Տեր–Պետրոսյանին ու նրա բանագնացներին։ Սերժ Սարգսյանն այժմ այնպիսի փաստի առաջ է կանգնեցրել Տեր–Պետրոսյանին, որ ՀԱԿ–ն այլևս ասելիք չի ունենա։ Տեր–Պետրոսյանը, պատկերավոր ասած,  հայտնվեց այն կնոջ կարգավիճակում, որը տղամարդ է պահանջում, բայց մերժվում է՝ հնամաշ ու անդուր լինելու պատճառով։ Տխուր տեսարան է. մարդն, այնուամենայնիվ առաջին նախագահն է եղել։

Ավելին, հանրապետականներին մոտ կանգնած աղբյուրներն այժմ նշում են, թե Սարգսյանը Տեր-Պետրոսյանին փոխանցել է, թե որ նախարարի հետ խնդիր ունեք, կարող եք բանակցել հենց նրա հետ, եւ որ ինքը կզգուշացնի, որ ընդունարանում երկար սպասեցնել չտան:

Սերժ Սարգսյանը հավատարիմ է մնում իր գործելաոճին: Նա նույնիսկ իր դաշնակիցներին է ցանկանում անհարմար իրավիճակների մեջ գցել: Հիմա մի պահ պատկերացրեք Արմեն Աշոտյանի ընդունարանում նստած ՀԱԿ բանագնացներին, որոնք իրենց ձեռքին կրթության եւ գիտության զարգացման վերաբերյալ մի քանի առաջարկներ ունեն: Իսկապես, ծիծաղելի է: Իսկ եթե Կոնգրեսը առաջարկներ ունենա ազգային անվտանգության վերաբերյալ, ապա բանակցող հնգյակը պետք է որոշ ժամանակ անցկացնի Արթուր Բաղդասարյանի ընդունարանում:

Ահա այսպիսի տխուր ապագա է սպասվում կոնգրեսականներին, որոնք հիմա փորձում են նեղ անձնական խնդիրներ լուծել: Բնականաբար, կոնգրեսականները կգոռան, կբացականչեն, թե իրենք երկխոսելու են բացառապես Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից նշանակված բանագնացների հետ: Եւ այսպես ջերմ «երկխոսելով» կմոտենան ընտրություններին: Կմոտենան թուլացած եւ հեղինակազրկված վիճակում: Ընդ որում, թուլացած եւ էլ ավելի հեղինակազրկված կլինի նաեւ Սերժ Սարգսյանի թիմը:

Անկասկած, այս իրավիճակում, եթե դաշինքից դուրս մնացած ուժերը կարողանան մի քանի ճիշտ քայլեր իրականացնել, կարողանան ժողովրդին պարզ եւ հստակ մատուցեն իրենց ծրագրերը, կարողանան մի կողմ դնել երկրորդական եւ նեղ անձնական հարցերը, ապա հնարավորություն կունենան էապես եւ դրականորեն փոխել Հայաստանի ավելի քան տխուր քաղաքական դաշտը:

Կասկած չի կարող լինել, որ վարչախումբն էլ, Կոնգրեսն էլ ամեն ինչ անելու են վարկաբեկելու համար իրենց վերահսկողության ուժերից դուրս մնացած քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների ցանկացած քայլ եւ նախաձեռնություն, բայց որքան վարկաբեկեն, այնքան իրենք կկորեցնեն իրենց աղքատիկ վստահության պաշարը: Եվ հետո, վարկաբեկվածները չեն կարող ուրիշներին վարկաբեկել։

Մի խոսքով, անցավ կամ անցնում է Կոնգրեսի ժամանակը, անցնում է «նախաձեռնողականության» եւ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակը, ինչքան էլ որ հայ ֆուտբոլիստները սկսել են մի քիչ ֆուտբոլ խաղալ: Փոխարենը գալիս է մի ժամանակ, որի ընթացքում մենք պետք է սթափվենք եւ փորձենք փրկել մեր երկիրը եւ Հայաստանը վերածել պետության, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, որտեղ գործելու են օրենքները` ընդ որում բոլորի համար: Եւ մի խորհուրդ կոնգրեսական առաջնորդներին. մի փորձեք արդարացնել կամ ինչ որ խորհրդավորություն տալ ձեր որոշմանը: Ամեն ինչ պարզ է:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը