Քաղաքական

18.05.2021 13:55


«Քաղաքական շոու էր». Խոսրով Հարությունյանը` իրեն բերման ենթարկելու մասին

«Քաղաքական շոու էր». Խոսրով Հարությունյանը` իրեն բերման ենթարկելու մասին

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ երեկ իրեն Ազատության հրապարակից բերման ենթարկելը քաղաքական շոու էր։ Հարությունյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Երեկ հայտնել էինք, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Խոսրով Հարությունյանին: Քաղաքական գործիչը մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված ակցիային։ Այնտեղ նրա և մի քանի ակտիվիստների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո մոտակայքում հերթապահող ոստիկանները Հարությունյանին և ևս մեկ մարդու տարել են ծառայողական «Գազելով»։

«Իրականությունը շատ պարզ էր` ես քաղաքական մի միջոցառման էի գնացել, բայց ուշացել էի։ Այն արդեն ավարտվել էր։ Երեկոյան 8-ի կողմերն էր, և ես Ազատության հրապարակում ընդդիմադիր մի շարք գործիչների, տարբեր կուսակցության անդամների հետ կանգնած էի։ Այդ ժամանակ մոտեցավ մի անձնավորություն, որին ես չեմ ճանաչում, և հետո պարզվեց, որ դա Արտյոմ Խաչատրյան կոչեցյալն է, և սկսեց անվայելուչ արտահայտություններով, հայհոյանքով աղմկել»,–պատմեց Հարությունյանը։

Նրա խոսքով` տվյալ քաղաքացուն մի կողմ է տարել ու փորձել է կարգի հրավիրել. «Չես ամաչում, յեքա մարդ ես»։ Դրանից հետո մի փոքր հրել են իրար և առանձնացել։ Որոշ ժամանակ անց, սակայն, Հարությունյանին է մոտեցել ոստիկանության մի գնդապետ և բաժին հրավիրել։ Նա հրաժարվել է բաժին գնալ, որից հետո գնդապետը զեկուցել է այդ մասին ինչ–որ մեկին, ու դրան հաջորդել է 5-6 ոստիկանների կողմից Հարությունյանին բռնի կերպով բաժին տանելը։

«Կարելի է ենթադրել, թե ում զանգ տվեց ոստիկանության գնդապետը, որից հետո ինձ որոշեցին բերման ենթարկել։ Սա ուղղակի պրովոկացիա էր, քաղաքական շոու։ Ինձ բերման ենթարկելով` որոշ ուժեր ուզում են ցույց տալ, թե իրենք այնքան ազդեցիկ են, որ կարող են այս կարգի քաղաքական գործչի նկատմամբ էլ ուժ կիրառել, բերման ենթարկել»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ոստիկանության բաժնում շատ հարգալից են իր հետ վարվել և 2 ժամ անց` արձանագրություն կազմելուց հետո, ազատ են արձակել։ Հարությունյանին հասկացրել են, որ դեպքի առնչությամբ քրգործ հարուցելու հավանականությունը շատ քիչ է, սակայն դեպքերից առաջ ընկնել էլ պետք չէ։

Հիշեցնենք` ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ծեծի կասկածանքով են բերման ենթարկվել Հարությունյանին։ Նրա փաստաբան Դավիթ Ավագյանն էլ ասել է, որ ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր Հարությունյանին բերման ենթարկելը։

Այս խորագրի վերջին նյութերը