Մեկնաբանություն

07.06.2011 16:52


«Ֆուտբոլի» գնդակն ու «շախմատի» «պեշկան»

 «Ֆուտբոլի» գնդակն ու «շախմատի» «պեշկան»

Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ շփված կամ, ժողովրդական լեզվով ասած, թուրքի հետ հաց կերած Սերժ Սարգսյանն ահագին բան է սովորել։

Երբ Սարգսյանը «ֆուտբոլային» նախաձեռնությամբ հանդես եկավ՝ Էրդողանը մինչև վերջ նվաստացրեց «երկխոսության» պատրաստ ու «նախաձեռնողական» Սարգսյանին։

Սարգսյանի արտաքին «նախաձեռնողականությունից» Հայաստանին «օգուտ» մնաց միայն Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը կողմ արտահայտվելը և Ղարաբաղի հարցի մեջ Թուրքիայի դերակատարումն ակտիվացնելը։

Հիմա նույն էրդողանական ոճով Սերժ Սարգսյանը վարվում է արդեն ի՛ր փայ «նախաձեռնողականի»՝ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ՝ վերջինիս հետ «երկխոսելով»։

Ինչպես հայտնի է, մայիսի 31–ի հանրահավաքին Տեր–Պետրոսյանը հանդիսավորապես հայտարարեց, թե պատրաստ է «երկխոսության»։ Դրանից մեկ օր անց արդեն իշխանության հետ «երկխոսության» բացված դռնակից ներս մտնող պատվիրակության կազմը հրապարակվեց։ Ասում, են, թե նույնիսկ քվեարկություն է կազմակերպվել, թե ով պետք է դառնա, իրենց իսկ ձևակերպմամբ, արտահերթ ընտրությունների մասին բանակցող պատվիրակության անդամ։ Այսինքն՝ ՀԱԿ–ում անկեղծորեն մտածել են, որ Սերժ Սարգսյանը սեղանը գցել է ու պատրաստ սպասում է ՀԱԿ–ի պատվիրակությանը, որպեսզի հրաժարական տա ու արտահերթ ընտրություն նշանակի և մնում է միայն ընտրել, թե ովքեր են լինելու այն երջանիկները, ովքեր պատվիրակության կազմում մասնակից կլինեն այդ հանդիսավոր արարողությանը։ Դատելով այդ և մի շարք այլ հանգամանքներից՝ Ստացվում է, որ ՀԱԿ–ում ոչ միայն մանկամիտներ, այլ նաև ահագին բթամիտներ կան, որոնց փաղաքշաբար զոմբի են անվանում։ Սա արդեն, կարելի է ասել, որ կլինիկական դեպք է։

Մառազմ է, բայց ՀԱԿ–ն այնպիսի հնչեղություն էր տվել պատվիրակության կազմման գործընթացին, այնպիսի մանրամասնությամբ էր հրապարակել պատվիրակության անդամների կենսագրականները, որ պարզապես դժվար էր զսպել ծիծաղը։ Մարդկանց, փաստորեն, թվացել էր, թե պատվիրակության անդամ դառնալը  պաշտոնի անցնելու պես մի բան է, ու շտապել էին իրենց կենսագրականները ներկայացնել հանրությանը։

Սերժ Սարգսյանի արձագանքը ՀԱԿ վերնախավի «նախաձեռնողականությանը» և պատվիրակություն կազմելու զավեշտին, ինչպես և սպասվում էր, շատ չոր էր։ Ես կասեի՝ «պասլատ» անելու ոճով։

Նախ Շարմազանովն ու Գալուստ Սահակյանը հայտարարեցին, թե իրենք պատվիրակության հարց չեն քննարկում և, ընդհանարպես, արտահերթ ընտրությունների թեմայով խոսելն անիմաստ է և անհեթեթ։  Դրան հետևեց Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը, ըստ որի, բացահայտվեց, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը վաղուց կար (ինչն անընդհատ հերքում էին ՀԱԿ–իստները), ու բացի այդ, Սարգսյանը չի պատրաստվում առանձին պատվիրակություն կազմել ու երկխոսել «կակոյ նիբուծ» Տեր–Պետրոսյանի հետ։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սարգսյանը սրանից ամիսներ առաջ ինչ որ պետք էր ստացավ Լևոն Տեր–Պետրոսյանից (սոցիալական լարվածությամբ  պայմանավորված հեղափոխական ալիքի մարում՝ Լևոնի ձեռքերով, կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման աջակցություն՝ Լևոնի խնամու շուրթերով, Օպերայի բակում Սերժ Սարգսյանի «փողոցային» մամլո խոսնակի դերի կատարում՝ Լևոնի կատարմամբ, Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում Սերժի «տղություն»՝ լևոնականների «շավկայությամբ» և այլն) ու հիմա ՀԱԿ առաջնորդին պարզապես «փչացնում» է։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը վարվում է Տեր–Պետրոսյանի հետ այնպես, ինչպես ժամանակին վարվել էր Գեղամյանի ու մյուսների հետ, կամ ճիշտ այնպես, ինչպես Էրդողանն էր իր հետ վարվել։

Տեր–Պետրոսյանը ստիպված հիմա պետք է «ջրբաժան» հայտարարի ու ... մեկնի  Մարզահամերգային համալիր՝ միանալու այն տասնյակ կուսակցություններին, որոնց հետ Սերժ Սարգսյանը սիրում է ժամերով քննարկումներ կազմակերպել ու թամաշա անել։

Ի դեպ, ՀԱԿ–իշխանություն «երկխոսությունը» բավական պատկերավոր ձևով է ներկայացրել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։

–Իրավիճակը շատ նմանվում է այն պատմությանը, որ կտրիճը աղջկան փախցնում է, զրկում է նրան կուսությունից, հետո ուղարկում է տուն՝ ասելով, որ մոտակա օրերին կգան կարմիր խնձորով, կուզեն նրա ձեռքը, որպեսզի  փրկեն նրա պատիվը։ Սակայն անցնում են օրեր՝ ո՛չ այդ տղան է գալիս, ո՛չ նրա ծնողները, ո՛չ ազգականները։ Դեռ մի բան էլ ավելի՝ տղայի ազգականները մեկը մյուսի հետևից մամլո ասուլիսներ են տալիս, հայտարարություններ են անում, որ  ամենևին էլ  մտադիր չեն նվիրել աղջկա պատիվը, որ նա ամենևին էլ  արժանի չէ, որպեսզի իրեն մատուցեն կարմիր խնձոր։ Ահա այսպիսի տխուր պատմություն,– նկատել է Հովհաննիսյանը։ Ահա այսպիսի համեմատություն։

Դե ինչ, կատարվեց այն, ինչ կանխատեսել էինք շա՜տ վաղուց. Լևոնն օգտագործվեց ու այժմ եկել է նրան դեն նետելու ժամանակը։ Արդյունքում՝ հա՛մ «Եղիազարը» մնաց իր տեղում, հա՛մ՝ «միաբանները» հասան իրենց մուրազին՝ «երկխոսեցին» ու «մառշ» եղան դեպի տուն։ Իսկ մեծ հաշվով տուժեց ժողովուրդը, ում հերթական անգամ «քցեցին» և՛ իշխանությունը, և՛ հաճախորդ ընդդիմությունը։

Ամեն դեպքում, նկատենք, որ շատ «նագլի» է Սերժ Սարգսյանը։ Նա հաճախորդացնելու սարսափելի վարպետ է և փայլուն է կատարում այդ գործը, մանավանդ երբ դիմացինը պարզապես փափագում է «շախմատ» խաղալ։

Ախր, ասա, ա՛յ Սերժ Սարգսյան, «երկխոսեիր» էլի լևոնենց հետ։ Ուզածներն ի՞նչ էր. մի կլոր սեղան, էն էլ հրեն հա, Մարզահամերգայինում «կախված» ...

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունից Սերժ Սարգսյանին մնաց փսկած գնդակը, իսկ «շախմատային» քաղաքականությունից Լևոն Տեր–Պետրոսյանին՝ «պեշկայի» քարը։ Երկուսն էլ միմյանց արժանի «հակառակորդներ» են։

Այս խորագրի վերջին նյութերը