Լրահոս

17.05.2021 16:52


«Երկիր փրկող» փաստաբանն ի զորու չէ անգամ սեփական կուսակցությո՞ւն գրանցել

«Երկիր փրկող» փաստաբանն ի զորու չէ անգամ սեփական կուսակցությո՞ւն գրանցել

2021 թվականի մայիսի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «Արդար Հայաստան» անվանումով կուսակցություն գրանցված չէ. Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ 2021 թվականի մարտի 29-ին թղթային կրիչով Գործակալություն է մուտքագրվել «Արդար Հայաստան» կուսակցության պետական գրանցման դիմումը, որը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 211-Մ-13 որոշմամբ վերադարձվել է` Օրենքի և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի պահանջների չպահպանման հետևանքով առաջացած պետական գրանցման դիմումի վերադարձման իրավական հիմքերով:

Հիշեցնենք, որ «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2021 թ. փետրվարի 20-ին: Ս.թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել կուսակցության ևս մեկ համագումար, որտեղ կուսակցության հիմնադիր-նախագահ Նորայր Նորիկյանն իր ելույթում հայտարարել է, որ վճռականորեն մասնակցելու են հունիսի 20-ի ընտրություններին՝ ակնկալելով, ըստ Նորիկյանի, Փաշինյանից հիասթափված ամեն երկրորդ քաղաքացու ձայնը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հիմնական միջոցառումների ժամանակացույցում հայտարարել է, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, իսկ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ:

Նախ՝ զարմանալի է, թե ինչպես կարող է մասնագիտությամբ իրավաբան-փաստաբանի՝ կուսակցության գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չհամապատասխանեն օրենսդրական պահանջներին: Հավանաբար այստեղ գործ ունենք փողկապ-շոուների սիրահար Նորիկյանի մասնագիտական անկարողության հետ: Մյուս կողմից՝ ստացվում է, որ նորաթուխ ազգափրկիչները պետք է մեկ շաբաթում (մինչ մայիսի 25-ը) հասցնեն և՛ նշված անգրագիտությունները շտկեն, և՛ ներկայանան Արդարադատության նախարարություն ու անցնեն գրանցման ընթացակարգերը, և՛ ցուցակ կազմեն և ներկայացնեն ԿԸՀ: Ֆանտաստիկ է:

Օրինաչափ է միայն այն, որ միայն Նորիկյանի նման պոպուլիստ-մեծամիտները կարող են «վճռական խոսք ասել» ընտրություններին և փրկել երկիրը՝ այն պարագայում, երբ անգամ ի զորու չեն, լինելով իբրև թե փաստաբան, մի սովորական կուսակցության գրանցման համար օրենքի պահանջներին համահունչ փաստաթղթեր կազմել ու ներկայացնել:

Իրականում՝ Նորայր Նորիկյանը չափազանց անկեղծ է. ի՞նչ կարիք կար գրանցել կուսակցություն կամ այդ հարցը համարել առաջնային, երբ իրենք ընտրություններում ունեն ոչ թե ընտրվելու կամ քվե ստանալու, այլ բոլորովին այլ առաքելություն: Քաղաքագիտության բաժնի երկրորդ կուրսի ուղանողի համար էլ այլևս պարզ է, որ հայրենիքի կործանման ու հանձնման այս ճակատագրական փուլում երկրի գլխավոր հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով, մեթոդով ու եղանակով փորձում է շեղել հանրային ուշադրությունը՝ ամենաաբսուրդային եղանակների կիրարկմամբ հայտարարելով, որ այսօր տեղի ունեցող ամեն ինչն իբրև թե «հների» կամ «չար ոգիների» ձեռքի գործն է: Բնականաբար՝ երկրի գլխավոր դավաճանին այս գործում պետք են օգնականներ, պարզագույն խոսափողներ, գործիքներ, որոնցից մեկի՝ գույնզգույն փողկապներով և ճռճռան ելույթներով հասարակությանը մոլորեցնելու մեջ վարպետացող Նորայր Նորիկյանի մասին արդեն խոսեցինք:

Իհարկե՝ ոչ-ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու, և Նորայր Նորիկյանին ու Նիկոլի մյուս մարդ-նախագծերին ևս պատմության մեջ հիշելու են որպես հրեշավոր դավաճանությանն օժանդակող մանր գործիքների:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներից մեկն օրերս անդրադարձել էր Նորայր Նորիկյանի հայտարարություններից մեկին, ըստ որի՝ մայիսի 9-ին Ազատության հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիները պղծել են այն: Դե, Նիկոլի մանր գործիքից այլ բան, քան հայտարարելը, որ սյունեցիները, հադրութցիները, շուշեցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու բազմահազար արժանապատիվ մարդիկ սրբապիղծ են, չէր էլ կարելի սպասել:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը