Քաղաքական

15.05.2021 07:28


«Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, ՀՀ իշխանության անպիտանությունն է. նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները». Կոլերով

«Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, ՀՀ իշխանության անպիտանությունն է. նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները». Կոլերով

«168 Ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

–Պարոն Կոլերով, արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական զինվորականները խախտել են ՀՀ պետական սահմանը, դիրքային առաջխաղացում ապահովել և մնում են նույն դիրքերում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքում և Վարդենիսում: Սա աննախադեպ, կարելի է ասել՝ նոր իրավիճակ է Հայաստանի համար հետպատերազմյան փուլում: Ինչո՞ւ մենք նման իրավիճակ ունենք:

–Շատ պարզ է պատասխանը՝ սա պատահեց, որովհետև այդ պետական սահմանն ընդհանրապես անպաշտպան է: Սա է գլխավոր պատճառը: ՀՀ պետական սահմանների մնացած բոլոր հատվածներում նույնպիսի իրավիճակ է, և հակառակորդը պարզապես դեռ չի որոշել այդ սահմանները ևս առաջ տալ: Իսկ նա դա անընդհատ է փորձելու անել, անընդհատ փորձելու է օգտվել իրավիճակից, շահարկել իր հաղթանակը՝ ընդլայնելով իր հնարավորությունները:

–Դուք հայաստանյան զարգացումներին հետևում եք մոտիկից և կունենաք պատասխան հարցին՝ ինչո՞ւ սահմանները չեն պաշտպանվում, կահավորված չեն, ինչպես իշխանությունն է պնդում, չկա ռեսո՞ւրս, թե՞ քաղաքական կամք:

–Ռեսուրսներ կան, ՀՀ-ում կան Զինված ուժեր: Հիշում եք, վստահաբար, ի վերջո էական ուժեր են պատերազմից հետո դուրս բերվել Ղարաբաղից: Նրանց պարտադիր չէր բերել երկրի ներս, այդպես չէ՞, կարելի էր թողնել սահմաններին, հատկապես, երբ դրանք չեն հսկվում: Պատճառը, որ սահմանները չեն հսկվում՝ իշխանության պետական անպիտանությունն է: Ցանկացած իշխանություն՝ նույնիսկ ամենավայրենի, քարանձավային, պետք է հսկի իր սահմանները: Դա անում է ցանկացած իշխանություն, նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները: Այսքան բան:

–Ավելի վաղ նշում էիք, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ունի անվտանգության երաշխիքներ, որոնք տարածվում են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին: Ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, կարող է լինել ՀԱՊԿ արձագանքը՝ հաշվի առնելով այդ կառույցի բոլոր առանձնահատկությունները:

–Հայաստանի հարցում ՀԱՊԿ-ը չունի կոնսենսուս: Դա՝ մեկ, և դա փաստ է: Բայց այս դեպքում խոսքը միջազգայնորեն ճանաչված սահմանի մասին է, ուստի ՀԱՊԿ-ին չի հաջողվի «ձեռքերը լվանալ»: Կարծում եմ՝ Հայաստանի համար լավագույն դեպքում ճիշտ կլիներ ուժեր ներգրավել ՀԱՊԿ-ից, որպեսզի պաշտպանեն այն սահմանները, որոնք Հայաստանը չի ցանկանում կամ չի կարողանում պաշտպանել:

–ՌԴ արձագանքը տվյալ իրավիճակին, հաշվի առնելով, որ ՌԴ-ն դիտարկվում է ՀՀ անվտանգության երաշխավոր և դաշնակից, ՀԱՊԿ անդամ, եռակողմ հայտարարություն ստորագրած երկիր, բավարար համարո՞ւմ եք: ԱԳՆ-ի կողմից էական հայտարարություն դեռ չի եղել:

–Եղել է Պուտինի հետ խոսակցություն, պաշտոնական հաղորդագրություն այդ խոսակցության արդյունքում, որը բավականին նորմալ էր, և որում կոչ կար՝ պահպանել բոլոր պայմանավորվածությունները: Աշխատանք ընթանում է:

Իրականում, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը Փաշինյանը ստորագրել է, նրա գլխավոր, եթե ոչ՝ միակ լեգիտիմության գործոնն է Ռուսաստանի աչքերում: Այսինքն՝ որևէ անձնական սեր այստեղ չկա:

Ընտրությունները որևէ փոփոխություն չեն բերելու, պատրաստվեք նրան, որ այս ամենը շարունակվելու է: Այս իրավիճակից ելք չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ հայ ժողովուրդն անցյալ տարի ապրել է պատմական ծանրագույն պարտություն, որը համարյա համեմատական է Ցեղասպանությանը, բայց ինքնավերլուծություն բացարձակ չկա: Քանի դեռ դա չկա, ամեն ինչ վատ է: Մարդիկ գնում են Հայաստանից:

Այս խորագրի վերջին նյութերը