Քաղաքական

14.05.2021 18:29


«Այդ բարձունքից նոր եմ վերադարձել՝ թշնամին այնտեղ է, չի հեռացել ու չի էլ պատրաստվում հեռանալ». Խոզնավարի գյուղապետ

«Այդ բարձունքից նոր եմ վերադարձել՝ թշնամին այնտեղ է, չի հեռացել ու չի էլ պատրաստվում հեռանալ». Խոզնավարի գյուղապետ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը 168.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ րոպեներ առաջ է վերադարձել այն բարձունքից, որտեղ թշնամին առաջ է եկել և դիրքավորվել։

«Այդ բարձունքից նոր եմ վերադարձել, թշնամին դեռ այնտեղ է, չի հեռացել ու չի էլ պատրաստվում հեռանալ, ասում է՝ սա մեր հողն է։ Մերոնք էլ են այդ բարձունքում, զորք կա կանգնած, բայց թշնամին դեռ չի գնացել, ասում է՝ սա մեր հողն է, մենք այստեղ պետք է մնանք»,-168.amի հետ զրույցում ասաց Վարո Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ այս ամենի հետ որևէ մեկը չի համակերպվում ու չպետք է համակերպվի։

«Մենք ո՞նց համակերպվենք, մեր հողերը տա՞նք իրենց, մենք էլ իրենց տիրապետության տա՞կ ապրենք, որևէ մեկը չի կարող սրա հետ համակերպվել»,- նշեց Խոզնավարի գյուղապետը։

Նա ընդգծեց, որ այս տարածքում ո՛չ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին է տեսել, ո՛չ իշխանական պատգամավորների, որոնք Սյունիք էին մեկնել։

«Ես չգիտեմ՝ նրանք այստեղ եկե՞լ են, թե՞ չէ, բայց ես բարձրացա, մեր տղաներին տեսա, հետները խոսեցի։ Դե, կրակոց–բան չկա, բայց թշնամին առաջ է եկել ու հետ չի գնում՝ վերջ, ուզում են ամեն ինչ իրենցով անել»,-եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը