Քաղաքական

13.05.2021 20:23


Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին

Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին

Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

«Արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:

Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրադրության խորը և համակողմանի գնահատումը ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ:

Նկատի ունեմ, ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով: Սրա մասին են վկայում հետևյալ փաստերը. առաջին՝ տվյալ տեղանքում իրենց գտնվելը Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է: Ինչպես արդեն նշել եմ, Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները:

Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին:

Երրորդ՝ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով:

Մեր գնահատականը միանշանակ է՝ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Ելնելով վերը նշվածից՝Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ. առաջին՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Երկրորդ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: Սույն կարգով, հիշեցնեմ, սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմը:

Հարկ եմ համարում ընդգծել, որ չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության և փոխհրաձգության դեպքեր չունենք, ՀԱՊԿ-ի վերը նշված ընթացակարգերի արագ ձեռնարկումը անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Եվ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես ՀԱՊԿ անդամ»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը