Աշխարհ

13.05.2021 20:21


Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները

Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները

Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2020-ի համար հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցում:

«Սահմանափակումներ են կիրառվում նաև Հայ առաքելականների, հույն ուղղափառների ու հրեաների նկատմամբ, որոնց վերաբերյալ կառավարությունը (Թուրքիայի) տպավորություն է ստեղծում, թե նրանց խնդիրները չեն կարգավորվում 1923-ի Լոզանի պայմանագրով»,-ասված է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիան շարունակում է խոչընդոտել փոքրամասնություններին իրենց հոգևորականներին պատրաստելու հարցում: Այս համատեքստում հիշեցվում է Մարմարա ծովի Հեյբեյլիադա կղզում գտնվող ուղղափառ կրոնական դպրոցի վերաբացման հարցի լուծում չստանալու մասին:

Նշվում է նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում աճել են բողոքական համայնքի՝ Թուրքիայի քաղաքացիություն չունեցող առաջնորդների արտաքսումների ու մուտքի թույլտվություն չտրամադրելու դեպքերը:

Շարունակվում են դժվարությունները նաև կրոնական համայնքների կողմից պաշտամունքի վայրեր կառուցելու կամ կառավարելու հարցերում: Այդ դժվարությունները արտահայտվում են վիճելի հողատարածքների, նախկինում պետության կողմից բռնագրավված եկեղեցիների հետ կապված իրավական հարցերում, ինչպես նաև կրոնական հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ կազմակերպելու և դպրոցներում ոչ մուսուլմանների՝ կրոնական դասերից ազատվելու հարցերում:

Անդրադարձ կա նաև ալևի համայնքի ներկայացուցիչների համար հանրակրթական կառույցներում կիրառվող խտրականությաններին ու կրոնական հողի վրա կիրառվող այլ սահմանափակումներին:

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու թեմային։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը