Քաղաքական

11.05.2021 15:20


Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի. ոստիկանություն

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի. ոստիկանություն

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ոստիկանությունն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ դրա օրինականությունը ստուգելու նպատակով»,-փոխանցեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արավուս համայնքի սահմանում ադրբեջանցիները բռնություն էին գործադրել գյուղի հովիվ Ֆելիքս Ավագյանի վրա:

Tert.am-ին Ֆելիքս Ավագյանը փոխանցել էր, որ 8 ադրբեջանցիներ հարձակվել էին իր վրա: Ֆելիքս Ավագյանին սկզբնապես օգնության է հասել իր փեսան, ինչից հետո օգնության են եկել սահմանը հսկող ժամկետային զինծառայողները, գյուղի տղաները, ինչից հետո ադրբեջանցիները հեռացել են։

«Այդ դեպքից հետո բոլորը վախենում են անասուններին տանեն արածեցնելու, ոչ ոք չի գնում, անասունները կոտորվում են գյուղի մեջ, ով ռիսկ կանի նորից տանի։ Մեր գյուղում բոլորը անասնապահությամբ են զբաղվում, հիմա չգիտեմ, թե ինչ պիտի անեն, մի մասը վաճառել է անասուններին, մի մասն էլ դրանով ա ապրում, հիմա ինչ պետք է անեն։ Մեր ջահելներին, մեր գյուղի բնակիչներին իրենց պոստերից հայհոյում են, քարերով հարվածում են ադրբեջանցիները»,-ասել էր նա:

Այս խորագրի վերջին նյութերը