Մեկնաբանություն

11.05.2021 13:40


Իջևանից բերված համակրելի իշուկն ու... անդուր «իշ-խանությունը»

Իջևանից բերված համակրելի իշուկն ու... անդուր «իշ-խանությունը»

Երեկվա լրահոսի զարդը, որոշակի իմաստով, Իջևանից, ավելի կոնկրետ Աչաջուր (Աջաջուր) հայտնի գյուղից եկած մեր հայրենակիցն էր, որ չէր ալարել ու իր «Իլհամիկ» իշուկին բերել էր Երևան, Ազգային ժողովի մոտ:

Աչաջրեցի իշուկատերը իր վարմունքը բացատրեց՝ հղում անելով հայկական վաղեմի սովորույթին, երբ դավաճան, անպետք, անբարո անձնավորությանը թարս նստեցնում էին էշին և այդպես պտտում գյուղում կամ քաղաքում: Դա հասարակական պարսավանքի յուրօրինակ դրսևորում է եղել ժամանակին: Եվ ահա, մեր հայրենակիցը, որ ներկայացավ որպես ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի համագյուղացի, միկրոավտոբուսով բերել էր մի համակրելի իշուկ, որին «Իլհամիկ» էր կանչում, որպեսզի մեկ այլ իջևանցու, ինչպես իշատերը նշեց՝ դավաճան նիկոլ փաշինին, թարս նստեցրած հետ տանի Իջևան:

Տպավորիչ էր: Հատկապես, երբ իրավիճակին խառնվեցին նիկոլին սպասարկող ոստիկանական համազգեստով հանդերձավորվածները: Ինչպես դիպուկ նկատեց սրամիկ ծանոթներիցս մեկը՝ «էշ-մելիցա» էին խաղում: Քաղաքացուն, ցավոք, թույլ չտվեցին իրագործել իր մտադրությունը՝ «իրենց գժին»՝ այդ չարիքին, որ նիկոլ փաշին է կոչվում, արժանի կերպով թարս նստեցնել էշին ու տանել: Դեռ մի բան էլ, նիկոլի մելիցեքը աչաջրեցուն «տարան» քաղմաս: Այսօր արդեն բաց են թողել քաղաքացուն: Իշուկ «Իլհամիկի» ճակատագիրը անհայտ է...

Բայց տեսարանն ինչ ասես՝ արժեր: Ու այն խուտուտ տվեց իմ բուռն երևակայությունը.

հետաքրքիր է, իսկ ի՞նչ կլիներ, եթե նիկոլի ու նրա ուսապարկերի, այս երկրաքանդների փոխարեն հենց այդ աչաջրյան իշուկը լիներ «իշ-խանություն»:

Չէ, բայց մի պահ պատկերացնենք, որ 2018-ի ապրիլ-մայիսին ոչ թե իջևանցի «քայլարածն» է զավթել իշխանությունը, այլ իջևանից բերված իշուկը: Ու ոչ թե նիկոլի թրքահպատակ ուսապարկերն են իշ-խանություն, այլ իշու իսկական քուռակը: Ի՞նչ կլիներ:

Իշուկը երևի միայն կզռռար, իր համակրելի մռութի շնորհիվ հեռուստաաստղ ու ֆոտոմոդել կդառնար, առավել ևս, որ չի զիջում, եթե չասվի, որ գերազանցում է իշ-խանականներից շատ-շատերին` թե՛ որպես մոդել, թե՛ ինտելեկտով:

Կարելի է ասել, թե ի՛նչ չէր լինի:

Առաջինը. չէր լինի այն համատարած էշացման պրոցեսը, որից երբեմնի հասարակության մի որոշակի զանգված այդպես էլ չի կարողանում դուրս գալ: Այնքան չի կարողանում դուրս գալ, որ թութակի նման կրկնում ու փորձում է արդարացնել ակնհայտ էշություններն ու բացահայտ երկոտանի ավանակներին:

Երկրորդ. «Իլհամիկ» իշուկը Իլհամին չէր անվանի «կիրթ ու կառուցողական»:

Երրորդ. իշուկը հաստատ չէր ասի, թե ինքը բանակցում է իր կետից, իսկ հետո չէր զռռա, թե՝ «ինչ պետք է, բանակցում ենք», իսկ վերջում էլ չէր վնգստա, թե սաղ նախկին բանակցողներն են մեղավոր:

Չորրորդ. իշուկը կորոնավիրուսի դեմ տնական արաղով ու պինցետով չէր «պատերազմի»՝ ավելի քան 5000 մարդու մահվան պատճառ դառնալով:

Հինգերորդ. իշուկը ոմն մեկի նման էշություններ չէր դուրս տա պետության, Սահմանադրական դատարանի, Սահմանադրության, դատական համակարգի, տնտեսության, ներդրումների, գյուղատնտեսության, բանկային համակարգի, հանքարդյունաբերության ու մնացած ամեն ինչի, առաջին հերթին՝ բանակի մասին:

Հինգերորդ. եթե իշուկին ասեին, թե կլուբնիկով ու կոտլետով բանակի մարտունակությունը բարձրացրել են, նա կհակադարձեր ասողներին, թե՝ դուք հո է՛շ չեք:

Վեցերորդ. իշուկը չերեզ Վորոնեժ ծխախոտի մաքսանենգությամբ չէր զբաղվի:

Յոթերորդ. իշուկը հաստատ անհրթիռ ու անռազմամթերք Սու-30 չէր գնի և օդաչուական խցիկում տուֆտա սելֆիներ չէր անի:

Ութերորդ. իշուկը դարն ապրած ՕՍԱ-ներ չէր գնի հորդանաններից՝ ահռելի գումարով, ու հաստատ էշ-էշ չէր հայտարարի, թե այլևս օդային հարվածից լրիվ պաշտպանված ենք, իսկ իրականում անպաշտպան չէր թողնի զինվորներին՝ թշնամու աթս-ների դեմ:

Իններորդ. իշուկը գոնե կլսեր իր համագյուղացի շտաբի պետի ասածները և ամեն ինչ կաներ, որ պատերազմ չլինի, այլ ոչ թե՝ հակառակը:

Շարունակե՞նք:

Իշուկը չէր տանի ու պատերազմում թշնամու ուղիղ հարվածի տակ չէր կոխի մեր բանակի ամենից մարտունակ ստորաբաժանումները... «Իլհամիկ» իշուկը Արցախը չէր նվիրի թշնամի իլհամին: Իշուկը կապիտուլյացիայի չէր ենթարկվի...

Իշուկը երկիրն օրուելյան անասնաֆերմա չէր դարձնի, վերջապես:

Իսկ առհասարակ, երբ հայտնվում են էշացման պրոցեսում, աղոթած էշի նման բռնում են առաջին պատահած էշի պոչն ու դրան դարձնում կուռք, ապա դա, թումանյանական խոսքով ասած, ժողովրդին դարձնում է իր էշն ու քշում է ուղիղ դեպի անդունդ:

Մի խոսքով՝

«Էշը շատ զոռեց,

Երկիրը գյոռեց,

Ու էշավարի

Սաղ տվեց վարի...» (https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/4742620682478981)

Միանում եմ աչաջրեցի իշատիրոջ կոչին՝ դո՛ւրս եկեք էշացման պրոցեսից:

Մնաց 40 օր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը