Քաղաքական

11.05.2021 11:23


Հասարակությունը, այս իշխանությանը քվե տալով, անուղղակիորեն դառնալու է մարդասպանության հանցակիցը՝ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանում մարդասպանների համար «ապագա կա»․ «168 ժամ»

Հասարակությունը, այս իշխանությանը քվե տալով, անուղղակիորեն դառնալու է մարդասպանության հանցակիցը՝ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանում մարդասպանների համար «ապագա կա»․ «168 ժամ»

«Քրեական օրենսգիրքը սպանությունը որակում է՝ որպես ծանրագույն հանցագործություն՝ սահմանելով ամենախիստ պատժաչափերը։ Տարբեր երկրների օրենսգրքեր սպանության ամենատարբեր հանցակազմեր ու դրանց համապատասխան պատժաչափեր են սահմանում՝ սկսած կանխամտածվածից ու խմբակային սպանությունից՝ մինչև անզգուշության կամ դիտավոր անգործության արդյունքում արձանագրված մահվան ելք։ Իրավական այս բացարձակ նորմի հիմքը կանխադրույթն է, որ մարդու կյանքը բացարձակ արժեք է, հետևաբար՝ կյանքից զրկելը պետք է արժանանա ամենախիստ պատժի։

Քրեական օրենսգրքերը պատերազմներում արձանագրված մահվան դեպքերի համար ուղիղ պատժաչափեր չեն նախատեսում, թեև դրանցում կան մարդկանց մահվան համար ածանցյալ հանցակազմերով խիստ պատիժներ նախատեսող դրույթներ։ Պատերազմներում, սակայն, գործում է ոչ թե քրեական օրենսգիրքը, այլ քաղաքական տրամաբանությունը։ Հաղթանակի դեպքում այդ տրամաբանությունը հաղթող կողմի ղեկավարի ու քաղաքական թիմի համար ապահովում է դափնիներ և ամրապնդում է իշխանությունը։ Պարտվողի պարագային, ամենամեղմ դեպքում, գործում է քաղաքական պատասխանատվությունը, և պարտված իշխանությունը զրկվում է դրանից, ինչը, սակայն, չի բացառում կատարվածին նաև քրեաիրավական գնահատական տալու հնարավորությունը։

Արցախյան պատերազմում զոհվել է 5000 մարդ։ Այսինքն՝ քրեական օրենսգրքով առաջնորդվելու դեպքում պետք է գործ ունենայինք ուղիղ այդքան սպանության հիմքով քրեական գործերի հետ։ Ընդունենք, որ պատերազմների դեպքում քրեական օրենսգիրքը չի գործում։ Այդ դեպքում առնվազն պետք է գործի քաղաքական տրամաբանությունը՝ տեղի ունեցածին պետք է տրվի գոնե քաղաքական գնահատական՝ պարտության հասցրած իշխանության հեռացման տեսքով։

Հայաստանում այս մեխանիզմը ոչ միայն չի գործում, այլ գործում է լրիվ հակառակ տրամաբանությունը․ երկիրը պարտության հասցրած իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, ընդ որում, դրա ղեկավարը քաղաքացիներին կոչ է անում ընտրել իրեն՝ ուշադրություն, նախկիններին դատելու համար։ Այն դեպքում, երբ եթե պատերազմից հետո կան դատի արժանի սուբյեկտներ, ապա դրանք առաջին հերթին գտնվում են իշխանության մեջ՝ դրա ղեկավարի գլխավորությամբ։

Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, բացի բազմաթիվ այլ հետևանքներից, նշանակելու է նաև 5000 մարդու չբացահայտված սպանություն։ Այդ հաղթանակի դեպքում Հայաստանում իշխանությունը պատկանելու է մարդկանց, ովքեր առնվազն անուղղակիորեն՝ անգործությամբ կամ դիտավորությամբ, հանցավոր անփութությամբ կամ դավաճանությամբ, մասնակից են հազարավոր մարդկանց սպանությանը, որովհետև մարդասպանությունը նաև այնպիսի գործողությունների կատարումն է կամ այնպիսի անգործությունը, որը մարդկանց մահվան պատճառ է դառնում։

Հետևաբար՝ առաջիկա ընտրություններում այս իշխանության հաղթանակը նշանակելու է մարդասպանների հաղթանակ՝ երկրի համար դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով, իսկ նրանց համար՝ իրավական հետևանքների բացակայությամբ։ Իսկ հասարակությունն այս իշխանությանը քվե տալով՝ անուղղակիորեն դառնալու է մարդասպանության հանցակիցը՝ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանում մարդասպանների համար «Ապագա կա»»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը