Աշխարհ

10.05.2021 16:43


«Որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, հյուպատոսական «միջնորդական ծառայություններ»»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանությունը նախազգուշացրել է

«Որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, հյուպատոսական «միջնորդական ծառայություններ»»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանությունը նախազգուշացրել է

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ կոչ է անում հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։

«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին, որոնք հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»։ Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել որպես «միջնորդ» հանդես գալ փորձող մարդկանց: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին»,-ասված է դեսպանության գրառման մեջ։

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները մատուցվում են բացառապես Մոսկվայի դեսպանության հյուպատոսական բաժնում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում և Սոչիի հյուպատոսական կետերում։

Նշվում է, որ հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):

Նշվում է նաև, որ ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:

«Խնդրում և կոչ ենք անում վերոնշյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող կամ հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին առերեսված քաղաքացիներին անհապաղ կապվել մեզ հետ»,-հավելում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը