Մեկնաբանություն

10.05.2021 14:40


«Հայաստան» դաշինքի տպավորիչ մեկնարկով սկսվեց նաև «թավշյա» աղետից ազատվելու հետհաշվարկը. մնաց 41 օր

«Հայաստան» դաշինքի տպավորիչ մեկնարկով սկսվեց նաև «թավշյա» աղետից ազատվելու հետհաշվարկը. մնաց 41 օր

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական դաշնակցության և «Վերածնվող Հայաստանի» ձևավորած «Հայաստան» դաշինքը, ենթադրվող արտահերթ ընտրություններին ընդառաջ, տպավորիչ մեկնարկով հայտ ներկայացրեց:

Մեկնարկի վերաբերյալ նման գնահատականը խարսխված է ինչպես Ազատության հրապարակում մայիսի 9-ի երեկոյան շուրջ 25 հազար հայրենակիցների մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքին, այնպես էլ՝ անմիջապես դրանից առաջ դաշինքի ձևավորման փաստաթղթային ձևակերպմանն ու այդ ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանի և, իհարկե, նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթների ծրագրային շեշտադրումների վրա:

Այլևս ակներև է, որ «Հայաստան» դաշինքը այն քաղաքական միավորումն է, որն առնվազն առաջիկա նախընտրական սպրինտերային ժայմանակահատվածում լինելու է քաղաքական օրակարգ թելադրողի դերում:

Հետաքրքրական է նաև այն տպավորությունը, որ այս դաշինքը մեկնարկեց արդեն կայացած քաղաքական միավորի կարգավիճակում: Չնայած, դա միանգամայն օրինաչափ է և միանգամից կայացած մեկնարկելը հիմնված է օբյեկտիվ գործոնների վրա: Նախ, «Հայաստան» դաշինքում միավորվել են գաղափարաքաղաքական համահունչ և համադրելի մոտեցում ունեցող ուժեղ և գործիչներ, երկրորդ՝ դաշինք կազմած ուժերից առնվազն Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն, կարելի է ասել՝ տասնամյակների համագործակցության ու արդյունավետ համագործակցության մեծ փորձ ու «բագաժ» ունեն դեռ Արցախի ազատամարտի ժամանակներից, ինչը միայն դրական կարող է ազդել նոր ձևավորված դաշինքի գործունեության վրա: Էական է նաև բառացիորեն վերջերս ձևավորված և սյունիքյան ծագմամբ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հստակ դիրքորոշումն ու դիրքավորումը՝ հատկապես այս ծանր ժամանակաշրջանում, որի միջով, ինչպես տառապանքի ուղիներով, անցնում են մեր պետությունն ու ժողովուրդը:

Կարևոր է ընդգծել մի քանի հանգամանք:

Առաջինը. «Հայաստան» դաշինքը առավել քան հստակ ու հիմնավորված գնահատական և վերաբերմունք ունի 2018-ից մինչ օրս Հայաստանի իշխանության ղեկին գտնվող «թավշյա» ու երկրաքանդ չարիքի, նիկոլ փաշինյանի գլխավորությամբ Արցախի, Հայաստանի դեմ գործած ավերածությունների ու պատճառած համընդգրկուն վնասների նկատմամբ:

Երկրորդ. «Հայաստան» դաշինքը առաջիկա ընտրություններում հաջողության հայտ է ներկայացնում կոփված համագործակցությամբ, կոնկրետ, կետ առ կետ ձևակերպված ու հիմնավորված ծրագրային մոտեցումներով, որոնք վերաբերում են ինչպես արտաքին-քաղաքական, ռազմաքաղաքական, ներքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, սոցիալական, հասարակության բարոյահոգեբանական միջավայրի վերականգնմանը: Այսինքն՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ունի և ներկայացնում է պարզորոշ, յուրաքանչյուրին ընկալելի ծրագիր առ այն, թե ինչպես երկիրն ու ժողովրդին հանել այս կործանարար ճահճից: Ծրագրեր, իհարկե, շատերը կարող են կազմել: Սակայն «Հայաստան» դաշինքի պարագայում էականն այն է, որ ծրագրից բացի, ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան-«Վերածնվող Հայաստան» դաշինքը լիարժեք ի զորու է իրականացնե՛լ ներկայացրած ծրագիրը:

Այնպես որ, «Հայաստան» դաշինքի տպավորիչ մեկնարկով սկսվեց նաև երկրակեղեք փաշինյանական չարիքը վերջնականապես պատմության աղբարկղը նետելու հետհաշվարկը: Մնաց 41 օր:

Եվ մի դիտարկում էլ: «Հայաստան» դաշինքի համագործակցության փաստաթղթի ստորագրման արարողության ընթացքը և ելույթները առցանց հեռարձակվում էին Ազատության հրապարակում տեղադրված մոնիտորներին: Հրապարակում այդ պահին արդեն ավելի քան 10-15 հազար մարդ էր հավաքված: Հատկանշական է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ հրապարակում լսվում էր միայն տեսանկարահանող դրոնների բզզոցը, մարդիկ ամենայն ուշադրությամբ էին հետևում պետության իրական լիդերի խոսքին, հրապարակած ծրագրային թեզերին: Ըստ որում, բավական բուռն ու անմիջական, ծափողջույններով արձագանքեցին հատկապես պետության արժանապատվության և վերստին գործոն դառնալու, տնտեսական վերականգնման և աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության վերականգնման ու զարգացման դրույթներին: Իսկ ամենից բուռն արձագանքը եղավ, երբ նախագահ Քոչարյանը հայտարարեց. «Սուտը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց»:

Այո, հասարակությունը ոչ միայն ձանձրացել ու հոգնել է արդեն երեք տարի փաշինյանական ռեժիմի կողմից հնչեցվող հիստերիկ ստերից ու կեղծիքից, այլև տեսնում ու ընկալում է այդ ստապատիրության կործանարար հետևանքները:

Ստի վերջին մնաց 41 օր, վաղը կմնա 40 օր: Բայց այդ վերջը ձևակերպելու համար անհրաժեշտ է բոլոր ազնիվ քաղաքացիների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը