Քաղաքական

08.05.2021 08:42


Դատախազի նման արձագանքը բնական եմ համարում, դե «Իմ քայլի» անդամ է, նման կերպ էլ պիտի արձագանքի. Երվանդ Վարոսյան

Դատախազի նման արձագանքը բնական եմ համարում, դե «Իմ քայլի» անդամ է, նման կերպ էլ պիտի արձագանքի. Երվանդ Վարոսյան

Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի դեպքերով հարուցված քրեական գործն քրեական հետապնդում չէ։

«Այն բանից հետո երբ Արթուր Դավթյանն ինքն է դարձել քաղաքական դեմք՝ նրա նմանատիպ մեկնաբանությունները կարծում եմ՝ հասարակությունն արդեն գիտի, թե քանի կոպեկ արժեն։ Քանի կոպեկ կարող է արժենալ «Իմ քայլ»-ին կից ինչ-որ դատախազի գնահատականները։ Ակնհայտ է, որ ի սկզբանե քաղաքական հետապնդում էր։ Դատախազի նման արձագանքն էլ եմ բնական համարում, դե «Իմ քայլի» անդամ է, բնականաբար նման կերպ էլ պիտի արձագանքի»,-ասաց Վարոսյանը։

Գլխավոր դատախազի այն դիտարկմանը, թե այդ դեպքերը հանրության աչքի առաջ են եղել, բոլորը կարող են գնահատել դա քրեական հետապնդո՞ւմ է, թե՞ քաղաքական, փաստաբան Վարոսյանն արձագանքեց.

«Այդ դեպքում ինքն ինչո՞ւ է ժամանակին գնացել իրավաբանություն սովորել, թող բոլորի նման նստեր իրենց տնից գնահատեր։ Գլխավոր դատախազը քանի՞ անգամ է քրեական գործ հարուցել ֆուտբոլային մարզադաշտում հնչեցված հայհոյանքների փաստի առթիվ. երբ մրցավարը կոպիտ սխալ է անում՝ ռուսերեն հայհոյանք կա, որն ամբողջ մարզադաշտն է հնչեցնում։ Չի կարելի այսքան պրիմիտիվացնել քրեական իրավունքը, հայհոյանքն ու խուլիգանությունն իրար նույնականացնել։ Եթե Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը հայհոյանք հնչեցնի, իհարկե այդ դաշինքի դատախազը պնդելու է, որ հանցագործություն չկա»։

Երվանդ Վարոսյանը շեշտեց, որ այդ գործերն իրավաբանորեն «փլված ծնվել են». «Ես գիտեմ, որ ինքը վատ իրավաբան չի, եթե իմանայի՝ Արթուր Դավթյանը վատ իրավաբան է, քրեական իրավունքին չի տիրապետում, դա նորմալ կընդունեի, բայց երբ գիտես, որ ինքը շատ լավ գիտի ու ասում է իր իմացածի հակառակը, դա ուղղակի զարհուրելի է։ Սա հենց նիկոլական Հայաստանի դեմքն է»։

Փաստաբանն անդրադարձավ նաեւ այդ քրեական գործի վերաբերյալ ԱԱԾ տնօրենի գրությանն ու պնդեց, որ այս քրեական գործում խուլիգանության մասին խոսք չի կարող գնալ.

«Երբ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացված նյութերին էր կցել ԱԱԾ տնօրենի գրությունը, որտեղ վերջինս բացատրում է, թե ինչու են հնչել հայհոյանքներ, ինչու է Մեղրու տարածաշրջանում հուզական, լարված վիճակ, ասում է, որ դա բնական է, տարածաշրջանի բնակչության մեծ մասը անորոշության մեջ մեղադրում է վարչապետին, այդ ամենից մարդկանց մոտ առաջացել է գերլարված վիճակ. ի՞նչ խուլիգանության մասին է խոսում Արթուր Դավթյանը։ Քրեական իրավունքում երբ հնչած աղմուկը, հայհոյանքը, վիրավորանքն ուղղված չէ հասարակական կարգը խախտելուն, ուղղված չէ հասարակության դեմ, ուղղված չէ նրան, որ հնչեցնողը փորձի իրեն վեր դասել հասարակությունից, այլ ուղղված է կոնկրետ մի կապիկուլյանտի, ապա այստեղ խուլիգանություն լինել չի կարող, ինչքան ուզում է՝ Արթուր Դավթյանը կրկնի, դրանից իրականությունը չի փոխվելու»։

Հարցին՝ առաջին ատյանի դատարանի որոշումները դատախազությունը բողոքարկում է Վերաքննիչ քրեական դատարան, արդյոք այդ դատավորների վրա քաղաքական ճնշման վտանգ կա՞, փաստաբան Վարոսյանն ասաց. «Այդտեղ վաղուց իրավաբանություն չկա, իրավաբանությունը մեռել է, այդ թվում՝ գործող գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ։ Եթե քաղաքական առումով հաջողվի ճնշել, գուցե կարող են հաջողել, եթե ոչ, ապա կգործի օրենքն ու արդարադատությունը»։

Հիշեցնենք, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 27 մեղադրյալ, որոնցից կալանավորվել է մեկ անձ։ Կալանքի միջնորդությունը բավարարել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Նշենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Մեղրիի քաղաքապետը եւ փոխքաղաքապետը, Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխի նախկին գյուղապետը եւ այլ անձինք։

Հիշեցնենք, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի (խուլիգանություն), 316-րդ 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը