Քաղաքական

08.05.2021 08:06


Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ «Հետքը» ներկայացնում է ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։

Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Աղբյուրի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։

Զոհրաբ Մինասյանը ՊՈԱԿ-ի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից։ Զոհրաբ Մինասյանի և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Փոխնախարարն իր և Մինասյանի կապը հաստատում է՝ նշելով, որ նա եղել է իր համակուրսեցին՝ ի թիվս 120 այլ ուսանողների, որոնցից շատերն աշխատում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այս կամ այն կառույցում։

Սեյրան Մարգարյանը, ըստ «Հետք»-ի աղբյուրի, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մանկության ընկերն է։ Նա 2020 թ.-ի ապրիլի 6-ից զբաղեցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում Սեյրան Մարգարյանի հետ ընկերական հարաբերության փաստը՝ պնդելով, որ Մարգարյանին ճանաչում է որպես կառույցի աշխատակից։

ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարական բաժնի պետ Լևոն Եղոյանը և նույն բաժնի ավագ մասնագետ Տիգրան Անդրեասյանը, «Հետք»-ի տեղեկացմամբ, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մտերիմներն են։ Լևոն Եղոյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին, իսկ Տիգրան Անդրեասյանը՝ օգոստոսի 27-ին։ Էկոնոմիկայի փոխնախարարը, պատասխանելով Եղոյանի և Անդրեասյանի հետ իր կապի վերաբերյալ մեր հարցին, նշել է, որ նրանց ճանաչում է որպես անասնաբույժ-մասնագետների, քանի որ մինչ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը շուրջ 20 տարի անասնաբուժության ոլորտում՝ սկսած միջազգային կառույցներից մինչև մասնավոր հատված, իրականացրել է անասնաբուժական գործունեություն, ծառայությունների մատուցում։

Մարինե Հովակիմյանը ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատուն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Հովակիմյանը Տիգրան Գաբրիելյանի հոր՝ Զաքար Գաբրիելյանի վաղեմի գործընկերն է։ Այս փաստը ևս փոխնախարարը չի հերքել։ «ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատու Մարինե Հովակիմյանը, հնարավոր է, հանդիսանում է փոխնախարարի հոր երբեմնի գործընկերը, քանի որ փոխնախարարի հայրը շուրջ 30 տարի աշխատել է նախկին գյուղատնտեսության նախարարությունում»,- պատասխանել է Տիգրան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ մինչ ինքը փոխնախարար կդառնար, Մարինե Հովակիմյանն աշխատում էր «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի իրավահաջորդ է դարձել ներկայիս «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Փոխնախարարի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող՝ ԷՆ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի կինն էլ է պաշտոն ստացել։ Էմմա Ստեփանյանը 2020 թ.-ի ապրիլի 3-ից զբաղեցնում է ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարչի պաշտոնը։

ՊՈԱԿ-ում է աշխատում նաև Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կինը՝ Նաիրա Դալլաքյանը։ ՊՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը Դալլաքյանը զբաղեցնում է 2020 թ.-ի ապրիլի 3-ից:

Զաքար Զաքարյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 6-ին: Նա Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և բյուջետային բաժնի պետ Մարգարիտա Զաքարյանի եղբայրն է։

Աղբյուրը նշում է նաև, որ վերոնշյալի վերաբերյալ հարց է ուղղել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ մասնավորապես նշելով՝ ինչպես կարձագանքի նախարարը, եթե հայտնի դառնան հովանավորչության դեպքեր նախարարության ենթակայության կառույցներում:

«Ես կանեմ այն, ինչ օրենքով կարող եմ անել։ Ծառայողական քննություն կսկսեմ և, ըստ ծառայողական քննության արդյունքների, կկայացնեմ որոշումներ... Իմ անձնական վերաբերմունքն այն է, որ ես անհանդուրժողական եմ նման դեպքերի նկատմամբ»,-«Հետք»-ի հաղորդմամբ՝ ասել է Քերոբյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը