Մեկնաբանություն

06.05.2021 13:15


Գլխակեր ու կործանարար «գելխեղդին» պատվաստելու դաժան հետևանքները

Գլխակեր ու կործանարար «գելխեղդին» պատվաստելու դաժան հետևանքները

Ասում են՝ նիկոլ փաշինը պատվաստվել է: Պատվաստվել է իր անմիջական մեղավորության, իր գլխավորած կաբինետի բացարձակ պրոֆանության ու անպատասխանատվության հետևանքով նախ՝ երկիր թափանցած, ապա կատաղի մոլեգնած ու տակավին մոլեգնող կորոնավարակի դեմ:

Հիմա, նիկոլ փաշինը՝ իր օմեգա-եղնիկներով չինական պատվաստանյութի վրա Հայաստանի գլխավոր քաղաքական ամբիոնից «ղժժալուց» հետո ինչ-որ այլ պատվաստանյութ է ընդունել: Չեն ասում, թե ո՛ր պատվաստանյութից:

Ամեն դեպքում, զգուշանալ է պետք, քանզի կոնկրետ նիկոլ փաշինի դեպքում հետևանքները ակնհայտ են ու դաժան: Համ էլ գարնանային սրացումը...

Բայց մյուս կողմից, չի լքում զգացողությունը, որ նիկոլ փաշինը որոշել է պատասխանատվությունից «թռնել»՝ «գժի թուղթ հանելով», այսինքն՝ անմեղսունակ ձևանալով: Քրեաիրավական պրակտիկային քաջածանոթ մասնագետները կհաստատեն, կան փաստաբաններ, որոնք այլ ճար չգտնելով՝ իրենց պաշտպանյալին խորհուրդ են տալիս գիժ ձևանալ, իսկ դատարանին էլ համոզում են, թե պաշտպանյալն անմեղսունակ է, չի կարող հաշիվ տալ իր արարքների համար: Ասենք, նիկոլ փաշինն իր ուսապարկանոցում համապատասխան փաստաբան էլ ունի:

Սակայն ամեն պարագայում, դիտարկենք, թե նիկոլ փաշինն ի՛նչ էր բարբաջում ԱԺ ամբիոնից, որքան էլ որ հիմարություններ մեկնաբանելն անշնորհակալ գործ է:

Բոլոր արհեստավարժ ստախոս-մանիպուլյատորների նման, նիկոլ փաշինը նախ բացարձակ սուտ դատողություն է ներկայացնում, թե «նախկինները Արցախը 100 տոկոսով էին տալիս»: Այդ կեղծ դատողությունից նիկոլ փաշինը բխեցնում է արդեն իր «հանճարեղ» հետևությունները: Դե, քանի որ «նախկինները» Արցախն ամբողջությամբ էին տալիս, ինքը եկավ ու պատերազմով փորձեց այն պահել, ու... փրկեց Արցախի մի փոքր մասը:

Այլ կերպ ասած՝ նիկոլ փաշինն ինքն իրեն, իր ադեպտներին համոզում է, որ ոչ թե ինքը հանձնե՛լ է թշնամուն Արցախի 75-80 տոկոսը, այլ... փրկել է 20-25 տոկոսը:

Այս բազմահյուսվածքային ցնդաբանությունից մի քանի «թել» քաշենք:

Ա) նիկոլ փաշինն ինքն է կանխամտածված, անհավասարակշիռ ու անպատասխանատու հայտարարություններով բանակցային գործընթացը մղել փակուղի, ըստ էության՝ լեգիտիմացրել ռազմական արկածախնդրության դիմելու իր «կիրթ ու կառուցողական» յոլդաշ ալիևի մշտական մոտեցումը: Ըստ որում, եթե նախքան այդ միայն ալիևն էր բանակցությունները մղում փակուղի, ապա 2018-ից այդ հարցում նա գործել է նիկոլ փաշինի հետ ձեռք ձեռքի տված:

Բ) Արցախի խնդրով բանակցային գործընթացը պատերազմական փակուղի մղող նիկոլ փաշինը այդ ընթացքում (2018-20թթ. ու մինչ օրս) արել է ամեն ինչ՝ Հայոց բանակը կազմաքանդելու, զինուժի կառավարման համակարգը խափանելու, այդ համակարգում շփոթ ու քաոս ստեղծելու համար: Ի լրումն՝ բացարձակապես գրեթե ոչինչ չի արվել 2020-ի սկզբներից թշնամու կողմից մեծ ծավալով ձեռք բերվող հարվածային ԱԹՍ-ների դեմ պաշտպանվելու նպատակով Հայոց բանակը համարժեք զինատեսակներով ապահովելու համար: Ինչ էլ արվել է (ասենք՝ Սու-30-ներպի կամ ավելի վատ՝ ՕՍԱ-ների գնումները), արվել է բացառապես անձնական փառաբանման, պաշտպանվածության պատրանք ձևավորելու և հանրությանը մոլորության մեջ գցելու համար:

Գ) Ավելի վաղ նիկոլ փաշինը և նրա անուղեղ թութակները հայտարարում էին, թե նիկոլ փաշինը ոչ թե ավելի քան 5000 հայ զինվորների ու սպաների գլուխ է կերել, այլ փրկել է... 25 հազար զինվորականի կյանք: Հիմա Արցախի բեկորը «փրկելու» մասին դրա ցնդաբանությունն է:

Եթե նիկոլ փաշինը «կյանք փրկող», «Արցախ փրկող» է, եթե դա էր իր առանցքային նպատակը, ապա ինչո՞ւ պատերազմը չդադարեցրեց հոկտեմբերի 19-ին, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ է «չորով» մերժել Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկությունը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Այն պայմաններում, երբ Պուտինին հաջողվել էր արդեն համոզել ալիևին՝ դադարեցնել ռազմական գործողությունները:

Բա եթե նպատակը «նախկինների» կողմից իբր թե՝ «ամբողջությամբ հանձնված» Արցախի մի մասը փրկելն էր, ապա հոկտեմբերի 19-ին թող նիկոլ փաշինն ընդուներ պատերազմը դադարեցնելու առաջարկը, հա՛մ Հադրութը թշնամուն չէր հանձնվի, հա՛մ Շուշին կշարունակեր մերը լինել, հա՛մ փրկածն Արցախի տարածքի 50-60 տոկոսը կլիներ, ոչ թե 20-25, համ էլ՝ 25 հազարի փոխարեն 30-35 հազար զինվորի կյանք կփրկեր...

Ի դեպ, Արցախի «փրկված» բեկորի մասին: Եթե Ռուսաստանը, իր բոլոր լծակներով ու հնարավորություններով նոյեմբերի 8-9-ին ուղղակիորեն չմիջամտեր, ապա նիկոլ փաշինը Ստեփանակերտն էլ էր հանձնելու, Մարտակերտն էլ, Մարտունին էլ, Ասկերանն էլ: Ըստ երևույթին, դա է եղել իր ու իր վերելակային օրթաղ ալիևի պայմանավորվածությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը