Լրահոս

05.05.2021 12:54


Հայաստանում կսահմանվի նոր պատժատեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանում կսահմանվի նոր պատժատեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը և դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ դրանով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ: Մասնավորապես, նախագծով նախատեսված պատժատեսակ է «ազատության սահմանափակումը» (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Տնային կալանքի իրագործման համար էլեկտրոնային «բրասլետների» պետական գնման գործընթացն արդեն պլանավորված է:

Մեկ այլ նորամուծություն էլ թվային խուզարկությունն է, որը նախատեսում է էլեկտրոնային կրիչների տվյալների խուզարկություն:

Բացի այդ, փոփոխությամբ համաձայնեցման վարույթը փոխարինելու է գործող օրենսդրությամբ նախատեսված արագացված դատաքննության ինստիտուտին: Այս դեպքում անձը հնարավորություն ունի մինչ գործի բուն քննությունն ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու դատախազի հետ սկսել բանակցություններ իր նկատմամբ նշանակվող պատժի, տուժողին պատճառված վնասի հատուցման, նաև հանցավոր ծագում ունեցող գույքը բռնագանձելու հարցերի շուրջ: Բանակցությունների գնալու դեպքում մեղադրյալը կարող է ավելի մեղմ պատիժ ստանալ կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել: Սա, ի դեպ, նորույթ է քրեական դատավարության համար:

Քրեական օրենսգիրքն իր բոլոր նոր ինստիտուտներով ուժի մեջ է մտնելու 2022-ի հուլիսի 1-ից, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը՝ 2023-ի հունվարի 1-ից, ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ 2023-ի հուլիսի 1-ից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը