Քաղաքական

01.05.2021 08:38


ՀՀ արդարադատության նախարարության կողմից իմ նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումով ցանկանում են միջամտել իմ անկախությանը․ դատավոր

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իմ նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումով ցանկանում են միջամտել իմ անկախությանը․ դատավոր

Կարծում եմ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իմ նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումով ցանկանում են միջամտել իմ անկախությանը, որը չի ստացվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։

Դատավոր Հովհաննիսյանը հաստատել է, որ վարույթը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթին» չկալանավորելու իր կողմից կայացված որոշմանն է վերաբերում։

«Ես միեւնույն է աշխատելու եմ այնպես, ինչպես աշխատել եմ առաջ։ Նախընտրում եմ չաշխատել, քան այնպես աշխատել, ինչպես որոշ մարդիկ են պատկերացնում»,-նշեց նա։

Դատավորի կարծիքով՝ ԲԴԽ-ում այդ դատավարությունը կլինի հրապարակային եւ բոլորը կտեսնեն, որ իր որոշումը հիմնավորված է։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից այդ որոշման առնչությամբ արված հայտարարությանը՝ դատավոր Հովհաննիսյանն ասել է.

«Ես Ջհանգիրյանին պատասխան տվել եմ շատ կոպտորեն։ Նա իմ կայացրած այդ որոշման վերաբերյալ կարծիք էր արտահայտել, թե իր համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է այդ մարդկանց բաց թողել։ Ես ասել եմ, որ Ջհանգիրյանը ծանոթ չի այդ դատական ակտին, ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են առանց ծանոթանալու նման կարծիք հայտնում»։

Նշենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մի շարք փաստաբանների զայրույթն է առաջացրել։ Փաստաբանները պնդում են, որ դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով՝ փորձում են նրան զրկել անաչառությունից։

Այս խորագրի վերջին նյութերը