Մեկնաբանություն

04.06.2011 10:39


Վարչապետը ճանապա՞րհ է հարթում Թևոսիկի համար

Վարչապետը ճանապա՞րհ է հարթում Թևոսիկի համար

Բազմիս առիթ ունեցել եմ գրելու, որ Սերժ Սարգսյանի երազածը «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգն է, որին հասնելու համար, մասնավորապես, «տիրացուին»՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին, վերապահված է սեփականության վերաբաշխման գործիքի դեր կատարելն ու դեմագոգիկ ելույթներով վարվող տնտեսական քաղաքականության  էությունը քողածածկելը։

Ըստ այդմ, ստվերային տնտեսության դեմ պայքարի անվան տակ` պետական տարատեսակ կառույցները ծառայեցվում են թուրքմենբաշիզմի կառուցմանը։ Ընդամենը։ Ու երբ խոսում ես այդ մասին, իշխանության հայտնի շրջանակները, դեմքի անմեղ հայացքով, հայտարարում են, թե բա չարժե՞ փոխել գործող համակարգը։ Որևէ բանական էակ, իհարկե,  չի կարող ասել, թե չէ՛, մի՛ փոխեք։ Բայց երբ հարցնում ես, թե ի՞նչ եք ուզում գործող համակարգի փոխարեն ունենալ՝ լռում են կամ էլ դատարկախոսությամբ զբաղվում։

Բերեմ մի օրինակ։ Վերջերս բազմաչարչար հայ հեռուստադիտողին «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքները ցույց տվեցին, թե ինչպես է վարչապետի դրածո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «ավետում» Թուրքիայից ներկրմամբ զբաղվող 4 խոշոր ընկերություններին 100 միլիոն դրամի կարգի տուգանք նշանակելու մասին։

Թվում է, թե վատ չէ ու պետք է ողջունել, որ իշխանությունները սկսել են պայքարել իրենց «չսիրած» օլիգոպոլիաների դեմ ու անցել են տուգանքների մեթոդին, բայց երբ սկսում ես խորանալ հարցի մեջ՝ պարզվում է, որ վարչապետի դրածոյի ձեռքերով Թուրքիայից ապրանք ներկրելու բիզնես դաշտն է որոշակիորեն վերաձևվվում։ Այսինքն՝ տնտեսվարող այս կամ այն սուբյեկտին ՏՄՊՊՀ–ի ձեռքերով խաղից հանելը կամաց–կամաց դառնում է «բարի» ավանդույթ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Թուրքիայից ապրանք ներկրող թվով չորս ընկերությունների տուգանումն իրականում նպատակ է հետապնդել նրանց ֆինանսապես թուլացնելով՝ ճանապարհ հարթել այդ ոլորտում բիզնես–հետաքրքրություններ ունեցող քրեական հեղինակություն համարվող ոմն Թևոսիկի համար։ Ենթադրաբար՝ իշխանության կոնկրետ շրջանակներն այդ քայլին գնացել են  ոչ առանց անձնական շահագրգռվածության։

Փաստորեն, վարչապետն ու նրան ենթակա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կոնկրետ դեպքում տուգանքներ նշանակելով ոչ թե պաշտպանել է մրցակցությունը, այլ Թևոսիկի շահերն ու վերջինիս առավելություն ստանալը մյուսների նկատմամբ։ Ահա՛ ձեզ Տ. Սարգսյանի սիրած վարքականոնի փոփոխության վառ ապացույցներից։ Իրոք որ վարքականոն է փոխում «տիրացուն»։ Բայց հարց է առաջանում, թե ի օգուտ ու՞մ է փոխվում այդ վարքականոնը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը