Կարծիք

04.06.2011 09:11


Ինչի՞ շուրջն են բանակցելու «երկխոսողները»

Ինչի՞ շուրջն են բանակցելու «երկխոսողները»

Հիմա, երբ արդեն բաց կամ կիսաբաց դռնով ՀԱԿ, իսկ, ավելի ճիշտ, իմաստնափայլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հինգ ներկայացուցիչները կարող են հայտնվել այնտեղ, որտեղ «երկխոսելու» են, կարելի է կռահելու փորձեր անել, թե ինչի՞ շուրջ են բանակցելու նրանք:

Մինչեւ վերջերս ՀԱԿ ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով, գրեթե արցունքն աչքերին հավաստիացնում էին, թե բացի իշխանափոխության խնդրից այլ օրակարգ չի կարող լինել: Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին շեշտում էին, թե ինչ արտահերթ, ինչ ընտրություն, ինչ իշխանափոխություն, բայց կոնգրեսականները համառում էին եւ իրենց մասնատվող շարքերը կարկատան անելու համար շեշտում էին, թե չէ ու չէ, իրենք քննարկելու մի թեմա ունեն, եւ դա արտահերթ ընտրությունն է:

Բայց հիմա արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ: ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանն, անդրադառնալով հարցին, թե ինչի՞ շուրջ են բանակցելու ՀԱԿ-ն ու իշխանությունը, նշել է, թե իրենք իրենց օրակարգը ներկայացնելու են իշխանությանը, իսկ իշխանությունը կունենա որոշակի դիտողություններ, և նրանք էլ իրենց օրակարգով կհակադարձեն։

«Դժվարը իրար դիմաց նստելն է։ Բարդ է, դժգոհություններ կլինեն, մեկը կբոյկոտի, բայց ամենակարեւորը գործընթաց սկսելն է։ Ես հո չեմ մտածում, որ իշխանություններին մենք պարտադրելու ենք մեր օրակարգը, ու վերջ»,- ասել է Աբրահամյանը, այսինքն՝ այն, ինչը պահանջվում էր ապացուցել: Մնում է Սուրեն Աբրահամյանից շնորհակալություն հայտնել անկեղծ լինելու համար: Կարելի է կռահել, որ ՀԱԿ–ից կասեն, թե դա նախկին ոստիկանապետի մասնավոր կարծիքն է եղել, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ ՀԱԿ–ում մասնավոր կարծիքը՝ դա Տեր–Պետրոսյանի կարծիքի տարատեսակ դրսևորումներն են։ Միգուցե, Աբրահամյանին այդ խոսքերի համար խիստ նկատողություն հայտարարեն: Չեմ կարող ասել։ Առանց այն էլ նրան Կոնգրեսում այնքան էլ չեն վստահում: Համենայնդեպս նման լուրեր երեւանյան սրճարաններում համառորեն շրջում են:

Ի դեպ, Սուրեն Աբրահամյանն այնքան անկեղծ է եղել, որ շեշտել է, թե ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչի շուրջ են բանակցելու «երկխոսողները»: Ս.  Աբրահամյանի պատասխանները մեկ անգամ եւս վկայում են, որ իրականում բանակցություններում քննարկվելու են բոլորովին այլ հարցեր, որոնք վարչախմբի հրաժարականի հետ որեւէ առնչություն չունեն: Հակառակ դեպքում ինչն էր Աբրահամյանին խանգարում կրկնել ՀԱԿ ԿԳ ներկայացուցիչների հայտարարությունները, թե գնում ենք բանակցությունների՝ ունենալով ընդամենը մեկ հարց:

Իսկ մենք կարող ենք կռահել, որ բանակցություններում քննարկվելու են նորաստեղծ, բայց դեռ չֆորմալիզացված «Սերժ+Լևոն» դաշինքի ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված հարցեր: Քննարկվելու են, թե ինչ համամասնությամբ խորհրդարանում պետք է բաժանվեն տեղերը: «Ընդդիմադիր» ՀԱԿ–ը քանի աթոռ է զբաղեցնելու խորհրդարանի դահլիճում։

Ուզենք, թե չուզենք, ստիպված ենք արձանագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ որ պահի կտրուկ շրջադարձ կատարեց եւ որոշեց սերտաճել այն ավազակապետական բուրգին, որը պատրաստվում էր կազմաքանդել, բայց որը, նկատենք, իր ստեղծածն էր:

Այս դաշինքից առաջին հայացքից երկու կողմերն էլ հզորանում են, բայց միայն առաջին հայացքից: Ճիշտ է, Կոնգրեսը ստանում է Սերժ Սարգսյանի աջակցությունը: Բնականաբար, Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները միահամուռ ջանքերով փորձելու են գովերգել «պետականության ամրության» մասին մտածող «ընդդիմությանը»: Ու արդեն իսկ գովերգում են. Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից հայտվեց «Հայլուրի» եթերում։

Կարելի է ենթադրել, որ Կոնգրես մտնող ֆինանսական հոսքերը կաճեն: Մի քանի մորուքավոր եւ անմորուս «նվիրյալներ» ավելի շատ քյաբաբ կուտեն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա իր թիմակիցներին, վարչախմբի ներկայացուցիչներին ապացուցեց, որ այնքան հզոր է, որ կարող է «հաճախորդացնել» նաեւ Տեր-Պետրոսյանին: Անշուշտ, այս փաստը նրա հեղինակությունը կմեծացնի իր յուրայինների եւ իշխանության ներկայացուցիչների շրջանում, բայց ոչ ավելի:

Հասկանալի է նաեւ, որ Կոնգրեսը եւ Սերժ Սարգսյանի թիմը համատեղ ջանքերով «ավազակային հարձակումներ» են իրականացնելու բոլոր այն ուժերի դեմ, որոնք դուրս են մնացել իրենց վերահսկողության դաշտից: Ունենալով բազմաթիվ լրատվամիջոցներ և հեռուստաալիքներ՝ նրանք դա հաստատ կանեն: Կանեն եւ կմոռանան, որ այդ հակաքարոզչությունը կծառայի նրանց օգտին, ում ցանկանում են վարկաբեկել եւ դուրս մղել քաղաքական դաշտից:

Չմոռանանք նաեւ, որ այսօր արդեն ակնհայտ է, որ Կոնգրեսի վարկանիշը սրընթաց անկում է ապրում: Որքան էլ Կոնգրեսի առաջնորդները ցանկանում են պահել իրենց շարքերը, բայց հիասթափությունն ակնհայտ է: Նրանք, ովքեր մասնակցում էին հանրահավաքներին, չէին պայքարում նրա համար, որ Դավիթ Շահնազարյանը բանակցի Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներից, ասենք, Արթուր Բաղդասարյանի հետ եւ քննարկի ինչ-ինչ երրորդական բնույթի հարցեր:

Այսպիսով, չնայած միաձուլմանը, դրանից թուլանում են ե՛ւ Կոնգրեսը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: Նրանք թուլանում են նաեւ այն պատճառով, որ մինչեւ հիմա շատերը մի կողմ քաշված հետեւում էին տեղի ունեցող իրադարձություններին, իսկ այժմ հասկանալով, թե իրենից ինչ վտանգ է ներկայացնում այս հակաժողովրդական ու հակապետական դաշինքը, պատրաստ են ամեն ինչ անել՝ Հայաստանի դեմ ծառացած այս վտանգը չեզոքացնելու համար: Իսկ առկա իրողություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշինքը չի կարող պարտություն չկրել:

Հիմա այս նորաստեղծ դաշինքը գիտակցում է իր թուլությունը եւ սկսել է ամենուր թշնամիներ փնտրել, նույնիսկ արտաքին աշխարհում: Վերոհիշյալ Սուրեն Աբրահամյանը մի պահ հուզվել եւ ասել է, թե արտաքին աշխարհում որոշ ուժեր ցավագին են վերաբերվում այս գործընթացներին, սակայն թե որո՞նք են այդ ուժերը, հարցի պատասխանը նա ուղղակի շրջանցել է։

Վերադառնալով այն հարցին, թե ինչի շուրջ են բանակցելու «երկխոսողները» խորհուրդ կտանք ուշադիր կարդալ նրանց անունները, ովքեր Կոնգրեսից մասնակցելու են բանակցություններին: Կարդացեք եւ ծանոթացեք նրանց կենսագրությանը եւ շատ հարցերի պատասխաններ հաստատ կստանաք եւ այլեւս ձեզ չեք փորձի համոզել, թե ամեն ինչ արվում է ժողովրդի բարօրության համար:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը