Քաղաքական

29.04.2021 21:10


Բոլոր մարզերի ոստիկանապետերը ընտրական թեմայով կանչվել են Վահե Ղազարյանի մոտ

Բոլոր մարզերի ոստիկանապետերը ընտրական թեմայով կանչվել են Վահե Ղազարյանի մոտ

Yerevan.Today.am-ին տեղեկություններ են հասել, որ Նիկոլ Փաշինյանը Կազան մեկնելուց առաջ հանձնառություն է իջեցրել ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ հրատապ կարգով օպերատիվ տվյալներ հավաքել մարզերում ընդհանուր քաղաքական տրամադրությունների, քաղաքականապես ակտիվություն դրսևորող անձանց, թաղային հեղինակությունների և հատկապես իր նկատմամբ հանրային վստահության մասով:

Ակնհայտ է, որ Սյունիքի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ լուրջ մտավախություն կա՝ հանկարծ նույնատիպ ընդունելության իրեն չարժանացնեն քարոզարշավի օրերին, նաև այլ համայնքներում:

Եվ ահա վաղը՝ ապրիլի 30-ին առավոտյան, Հայասատանի գլխավոր ոստիկանապետի մոտ են կանչվել մարզային բոլոր վարչությունների ոստիկանապետերը: Ոստիկանությունից հաստատեցին Yerevan.Today-ի տեղեկատվությունը:

Ի դեպ, Փաշինյանի լարվածությունն այնքան մեծ է եղել, որ զուգահեռաբար թիմակիցներին է նաև հրահանգել գնալ Սյունիքում հնչած խայտառակ «ողջույնների հետքերով», պարզել այդ օրվա հերոսացողներին և միջադեպ հրահրելու մոտիվացիան: Սյունեցի իմքայլական պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանն էլ լուրջ դեմքով խոստացել են շեֆին հանգամանորեն զեկուցել նրան հայհոյած անձանց անձնական կապերի և այլնի մասին:

Հիշեցնենք՝ Նարեկ Ղահրամանյանը պատգամավոր է դարձել հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի վայր դրած մանդատով, մինչ այդ, նա Կապանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր դարձել հեղափոխութան հետևանքով, չնայած ամիսներ անց՝ 2018-ին էյֆորիկ տրամադրությունների ժամանակ նշանակվեցին ընտրությունների ու իշխանական իմքայլական թեկնածուն ջախջախիչ պարտություն կրեց անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ:

Ի դեպ, իշխանական որոշ պատգամավորներ մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ Սյունիքի տհաճ դրվագների ռիսկերը տեսնում են հատկապես Գյումրիում, այստեղ լուրջ վտանգ կա, որ Խծաբերդից գերեվարված գյումրեցի կամավորների ընտանիքները խնդիրներ կստեղծեն: Մանավանդ, որ մինչ այդ էլ գերեվարված կամավորների ընտանիքները մի քանի ագամ կոշտ քայլերով վերջնագիր են ներկայացրել Փաշինյանին, քանիցս փակել են Երևանից Գյումրի տանող միջպետական ճանապարհը, շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը, Երևանում ՊՆ շենքն են շրջափակել ու գիշերել են Կառավարության մուտքի առաջ: Եվ այս ակցիաներից հետո էլ մինչ օրս վերադարձված չեն նրանց որդիները, իսկ Պաշտպանության նախարարությունից սպառիչ պատասխաններ չեն տրվել:

Այս խորագրի վերջին նյութերը