Մեկնաբանություն

29.04.2021 10:30


Նիկոլը «Գռզոյի» միջոցով դիզվառելի՞ք է բաժանելու որպես ընտրակաշառք

Նիկոլը «Գռզոյի» միջոցով դիզվառելի՞ք է բաժանելու որպես ընտրակաշառք

Մինչև վարչապետ դառնալն իշխանության ու բիզնեսի տարանջատման մասին խոսող, օլիգարխների դեմ գրող–մրող Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես իրեն կից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի՝ «Գռզոյի» միջոցով մխրճվել է պետական բյուջեի ու բիզնեսի տարբեր ոլորտների մեջ։

Մասնավորապես Նիկոլը մտել է հեղուկ վառելիքի ու բիտումի բիզնեսի դաշտ։ Ասֆալտ անելով պետբյուջեի փողերն է դուրս գրում և ասֆալտի համար անհրաժեշտ բիտումի պատվերը տալիս «Գռզոյի» «Լիմոն Գրուպ»–ին, որը բիտում է ներկրում։

«Լիմոն գրուպի» միջոցով Նիկոլի «Գռզոն» նաև կասկածելի որակի հեղուկ վառելիք է ներկրում Իրանից։

Ըստ իրանական բորսայի առևտրային գործարքների ցանկում առկա տեղեկատվության՝ ապրիլի 27–ին Իրանի բորսայում վաճառվել է 2 խմբաքանակ՝ 500–ական տոննայով։ Դրանք նախատեսված են ՀՀ առաքման համար, ինչը նշանակում է, որ այլ տեղ չեն կարող վաճառվել, քանզի հակառակ դեպքում գնորդի մոտ խնդիրներ կառաջանան Իրանի իրավապահների հետ։ Գնորդն էլ «Գռզոյի» «Լիմոն Գրուպն» է։

Ինչ վերաբերում է այդ «դիզվառելիքի» տեխնիկական պարամետրերին, ապա այն չի համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին և ներկրվող ապրանքը զուտ պայմանականորեն կարելի է դիզվառելիք համարել։ Մասնավորապես դրա մեջ կա 50 PPM ծծմբի պարունակություն։ Մինչդեռ 2014թ․–ից Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալուն պես, գործում է միության տեխնիկական կանոնակարգ ТР ТС 013/2011, որով սահմանվում է, որ ՀՀ տարածք արգելվում է ներմուծել դիզելային վառելիք, որի մեջ ծծմբի պարունակությունը գերազանցում է 10 մգ/կգ կամ միջազգայնորեն ընդունված 10PPM չափորոշիչը: Ասել է թե՝ Նիկոլին կից օլիգարխը 5 անգամ նորման գերազանցող նյութ է բերելու ու «նաղդի» «հպարտ» քաղաքացիների վրա։

Այս գործարքի հետ կապված մի քանի հարցեր են առաջանում։ Ինչպե՞ս է հայաստանյան և ԵԱՏՄ ստանդարտներին չհամապատասխանող «վառելիքը» հատելու մեր սահմանը։ Խաչատուր Սուքիասյանը կկարողանա՞ իր էժան գնով, վատ որակով ու կասկածելի նպատակով գնած ապրանքը հասցնել Հայաստան որպես արտոնյալ օլիգարխ։ Իրավապահները կշարժվեն օրենքո՞վ, թե՞ Նիկոլին կից օլիգարխը վեր կլինի օրենքից։

Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն՝ «Գռզոն» այդ վառելիքը բերում է, որպեսզի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին գյուղացիներին «դիզվառելիք» բաժանի կամ էժան վաճառի, որպեսզի Նիկոլը որպես ձեռքբերում դա ներկայացնի նախընտրական փուլում։ Ավելի պարզ ասած՝ դա ընտրակաշառքային դիզվառելիք է։ Շատ շուտով կբացահայտվի՝ ճի՞շտ էին այդ օդում կախված լուրերը, թե՞ ոչ։

Ամեն դեպքում, Նիկոլն ու «Գռզոն» «լիմոն» են բռնում։ «Հպարտ» քաղաքացիների «դուխով» հայացքի ներքո, բնականաբար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը