Քաղաքական

28.04.2021 20:13


ԱԱԾ-ն մի խնդիր է լուծում՝ պահպանել Փաշինյանի իշխանությունը հանցանքներ կատարելու գնով. Ամրամ Մակինյան

ԱԱԾ-ն մի խնդիր է լուծում՝ պահպանել Փաշինյանի իշխանությունը հանցանքներ կատարելու գնով. Ամրամ Մակինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ երկրորդ սկանդալային ձայնագրության առնչությամբ փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր են նախապատրաստում։

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մակինյանն ասաց, որ Ազգային անվտանգության ծառայությունում մանրամասն բացատրություն է ներկայացրել.

«Փաստեր եմ ներկայացրել, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ է արդարադատության իրականացմանը խոչընդոտում»,-նշեց Մակինյանը։

Նա նշեց, որ իր կողմից ներկայացված փաստերը կցվել են նախապատրաստվող նյութերին։

«ԱԱԾ-ն այնքան անօրեն է գործում. եթե օրենքով գործեին, հիմա արդեն երկրորդ քրեական գործը պետք է հարուցված լիներ, իսկ Աննա Վարդապետյանի, քննիչների եւ Փաշինյանի գործողություններին պետք է գնահատական տված լինեին։ Այս մարդիկ իրենց պահում են լկտի, թքած ունեն օրենքի վրա։ Նրանք անհաղորդ են օրենքին ու օրինականությանը։ Մի խնդիր են լուծում՝ պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իրենց կողմից հանցանքներ կատարելու գնով»,-ընդգծեց փաստաբանը։

Ամրամ Մակինյանը նշեց, որ բոլոր գործընթացներով անցնելու է. «Ես նրանց ակամայից ստիպում եմ, որ շարունակեն հանցանքներ կատարել ու էլ ավելի ամրապնդել իրենց՝ հետագայում մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումները։ Քանի դեռ բանդայի ղեկավար Փաշինյանն իշխանության գլխին է կանգնած, Հայաստանում ոչ մի լավ բան չի սպասվում՝ ոչ ներսում, ոչ էլ արտաքին հարաբերություններում։ Փաշինյանը քանդում է ազգային անվտանգության հիմքերը»։

Մակինյանի կարծիքով՝ իր հաղորդման վերաբերյալ պետք է հարցաքննվողներ լինեն, առնվազն քննիչները, բաժնի պետի տեղակալը։

Անդրադառնալով ապրիլի 21-22-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերին, ինչպես նաեւ Փաշինյանի կողմից ուժայինների ղեկավարներին հրահանգներ տալուն՝ փաստաբանն ասաց. «Փաշինյանն ակնհայտ հանձնարարականներ տվեց ուժայինների ղեկավարներին, դատարաններն էլ համարժեք պատասխանը տվեցին։ Դատարանները տասնյակ գործերով արձանագրեցին, որ Քննչականն օրենքից դուրս է գործել»։

Փաստաբան Մակինյանը նշեց, որ ինքը հեռու է այն մտքից, թե ԱԱԾ-ն գործելու է օրենքով. «Ամոթ է, որ Ազգային անվտանգության ծառայություն է կոչվում, կարող էր կոչվել՝ Նիկոլի անվտանգության ծառայություն։ Այդ ծառայությունը դարձել է պատվերով համերգ կատարող հիմնարկ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել է այդ սկանդալային ձայնագրությունը։

Նշենք, որ այդ ձայնագրությունից առաջ էլ տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ։ Փաստաբան Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը