Լրահոս

28.04.2021 19:45


1915-ից մեկ դար անց. հայ ժողովուրդը կրկին բախվում է մշակութային ցեղասպանությանը

1915-ից մեկ դար անց. հայ ժողովուրդը կրկին բախվում է մշակութային ցեղասպանությանը

Armenpress լրատվական գործակալությունը հրապարակել է «1915-ից մեկ դար անց. հայ ժողովուրդը կրկին բախվում է մշակութային ցեղասպանության» խորագրով հոդված, որտեղ ներկայացվել է Թուրքիայի և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։

Ինչպես ամեն տարվա ապրիլի 24-ին, այս տարի ևս հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

2021թ., սակայն, հայ ժողովուրդն իր 1,5 մլն զոհերի, հայրենիքի կորուստը հիշատակում է այնպիսի պայմաններում, որոնք, կարծես, նրան հետ են տարել ցեղասպանությանը հաջորդած ժամանակաշրջան, երբ Թուրքիան սկսեց իրագործել հայերի մշակութային ցեղասպանությունը:

2020թ. աշնանը Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո պատմությունը, կարծես, կրկնվում է: Պատերազմի հետևանքով Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում ավերում ու պղծում է հայկական մշակութային և պատմական ժառանգությունը:

Սա հայերի մոտ հիմնավոր վախ է առաջացնում, որ 2020-ի հայրենազրկրկումից հետո Ադրբեջանը հայկական ժառանգության նկատմամբ վարելու է այն նույն ոչնչացման քաղաքականությունը, ինչը՝ 1915-ի ցեղասպանությունից հետո իրագործել ու շարունակում է իրագործել Թուրքիան:

Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հայ ժողովրդի պատմական հայրենիքում և Թուրքիայի այլ քաղաքներում սիստեմատիկաբար իրականացվել է հայ ժողովրդի հետքը ջնջելու քաղաքականությունը:

Տարբեր կառույցների փաստահավաք աշխատանքները համադրելով՝ պարզ է դառնում, որ մինչև Ցեղասպանությունը, Օսմանյան կայսրությունում՝ մասնավորապես Արևմտյան Հայաստանում, հայ ժողովուրդն ունեցել է 4600-ից ավել եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, գերեզմանոցներ ու հիվանդանոցներ: Մեծ մասը՝ 2000-ից ավելին, եղել են պաշտամունքային վայրեր: Այս պատմական և մշակութային նշանակություն ունեցող հուշարձանների մեծ մասը կամ ոչնչացվել է, կամ դրանց անվերականգնելի վնաս է հասցվել Թուրքիայի՝ 100 տարի շարունակվող նպատակաուղղված քաղաքականության արդյունքում:

Հայկական եկեղեցիներն ու վանքերը դիտավորյալ ոչնչացվել են, կամ որպես սեփականություն հանձնվել անհատների, բնակավայրերից հեռու գտնվող եկեղեցիները անտերության են մատնվել՝ թողնվելով ժամանակի և բնության քմահաճույքին (1, 2), մի մասն էլ որպես պատրաստի շինություն օգտագործվել են այլ նպատակներով՝ ախոռ, գրադարան, թանգարան, կինոթատրոն, սակայն ավելի հաճախ դրանք վերածվել են մզկիթի, որոնց մեծ մասի հայկականությունը ժխտվում է (1, 2, 3, 4, 5):

Հայկական ժառանգության ավերման գործում պետությանն անգնահատելի ծառայություն են մատուցել գանձ որոնողները: «Հայերի թաքցրած ոսկիները գտնելու» մոլուցքով տարված գանձախույզները պետության թողտվությամբ տասնամյակներ շարունակ անդառնալիորեն ավերել են հայկական եկեղեցիները, գերեզմանոցները և նույնիսկ հայերից մնացած տները (1, 2):

Վերջին տասնամյակում փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի մշակութային-կրոնական օբյեկտների պահպանման հարցում Թուրքիան պետական մակարդակով հոգածության պատրանք է ստեղծել՝ մասնակիորեն վերականգնելով մեկ-երկու այնպիսի կրոնական նշանակության հաստատություններ, որոնց հայկականությունն անհերքելի է նույնիսկ թուրքական համակարգված ժխտողականության պայմաններում:

Նման օրինակ է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որի վերականգնումն իրականում քաղաքական և քարոզչական քայլ էր, որի նպատակներից մեկն էլ 1000-ավոր եկեղեցիների ավերման փաստը քողարկելն էր:

Իսկ իրական պատկերն այն է, որ այսօր էլ շարունակվում են հայկական ժառանգության ոչնչացումը, ինչն ակնհայտ խախտում է 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագրի այն կետը, որով Թուրքիան պարտավորվում է պահպանել և վերանորոգել փոքրամասնությունների կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտները: Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիայում ավերվել են Մուշի, Մալաթիայի հայկական թաղամասերը, վաճառքի են հանվել հայկական կանգուն, կամ կիսավեր եկեղեցիներ (1):

Ահա Թուրքիայի այս քաղաքականությունն է, որ Ցեղասպանությունից 106 տարի անց ապրիլի 24-ը հայերին ստիպում է զուգահեռներ անցկացնել մեկ դար առաջ Թուրքիայում սկսված և 21-րդ դարում Թուրքիա-Ադրբեջան դաշինքի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության միջև։

Ադրբեջանը, Թուրքիայի օրինակով նույն սիստեմատիկ քաղաքականությունը որդեգրած, լծվել է 2020թ. պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքները հայկականությունից մաքրելու գործին: Կիրառվում է գրեթե նույն գործիքակազմը, ինչ Թուրքիան. այն ամենը ինչ հայկական է, կամ հիմնահատակ ոչնչացվում է, կամ պատերի վրայից հայկական արձանագրությունները ջնջելով, ներկայացվում է իբրև այլ էթնիկ-կրոնական խմբերի սեփականություն:

Պատերազմին հաջորդած ընդամենը մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ նման դեպքեր են արձանագրվել, ընդ որում պետության բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ: Այս հարցում առաջամարտիկի դերը ստանձնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա մարտին այցելել էր Լեռնային Ղարաբաղի օկուպացված Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի՝ հայտարարելով, թե այն աղվանական է, իսկ վրայի 12-րդ դարի հայկական արձանագրությունները կեղծված են հայերի կողմից: Հայկական ժառանգության յուրացման քաղաքականություն է տարվում Արցախի բոլոր կարևորագույն կրոնական կառույցների հարցում:

Իսկ համեմատաբար նոր և ոչ շատ հայտնի եկեղեցիները հիմնահատակ ոչնչացվում են: Վառ օրինակ է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի հայկական ս․ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի առեղծվածային անհայտացման մասին ռեպորտաժ էր պատրաստել բրիտանական BBC-ին: Անգլիացի լրագրողին դժվարությամբ էր հաջողվել տեղորոշել հայկական եկեղեցու գտնվելու վայրը, քանի որ այն ադրբեջանական ուժերը հիմնահատակ ավերել էին այնպես, կարծես որևէ եկեղեցի չէր էլ եղել։ Նույն կերպ 2005-2006թթ. առանց իսկ մի հետք թողնելու Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը։

Պատերազմից հետո անցել է ընդամենը 6 ամիս, սակայն բազմաթիվ են սոցցանցերում տարածվող տեսանյութերը, որտեղ անպատժելիությունից խրախուսված ադրբեջանցի զինվորները ոգևորությամբ քանդում, պղծում ու ոտնատակ են տալիս հայկական գերեզմանոցները, տները, եկեղեցիները, սրբապատկերները՝ իրենց արարքը մեծագույն հերոսություն ներկայացնելով

Սակայն Ադրբեջանը կարծես պետության կողմից խրախուսվող այս քաղաքականության մեջ որոշել է գերազանցել Թուրքիային: Այն ամենն, ինչ Թուրքիան արել է հայկական հետքը վերացնելու համար 100 տարում, Ադրբեջանը ցանկանում է անել շատ ավելի կարճ ժամանակահատվածում:

Հավանաբար, սա է պատճառը, որը պատերազմի ավարտից հետո՝ մինչև այսօր, Ադրբեջանն ամեն կերպ ձգձգում է UNESCO-ի մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների այցը տարածաշրջան և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային, կրոնական և պատմական հուշարձանների գույքագրումը:

Հավանաբար, այս նպատակաուղղված քաղաքականությունը հստակ նպատակ ունի՝ հնարավորինս վերացնել հայկական հետքը հայ ժողովրդի պատմական հայրենիքի այս հատվածից ևս:

Այս խորագրի վերջին նյութերը