Կարծիք

03.06.2011 15:31


Փոքրիկ տղայական խաղեր

Փոքրիկ տղայական խաղեր

«…փորձենք սառնասրտորեն գնահատել հայ իրականության մեջ իր նախադեպը չունեցող այս նշանակալից իրադարձությունը (նկատի ունի ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը) (Լևոն Տեր-Պետրոսյան, 31.05.2011):

Մարդը նույնիսկ զարմացած է իր արած քայլերից, թեև` ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը բնավ էլ աննախադեպ բան չէ, ինչպես ինքն է կարծում: Իր ժամանակներից այս կողմ հայ քաղաքական պայքարը բավականին առաջ է ընթացել: Մենք ընդդիմություն գիտենք, որ խորհրդարանական լինելով հանդերձ, հարկ եղած դեպքում իշխանության դեմ արմատական եւ կոշտ պայքարի է գնում նաև փողոցում: Ի դեպ, նաև այն դեպքում, երբ այսպես կոչված փողոցի արմատական ընդդիմությունը պոչը քաշում է, որպեսզի չխանգարի իշխանությանը: Երևանի եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքների փողոցներում խորհրդարանական ընդդիմության ծավալած պայքարը, սակայն, չի խանգարում, որ խորհրդարանական ընդդիմությունը առանձին հարցերի շուրջ նաև երկխոսի իշխանությունների հետ:

Կարող է հարց առաջանալ` ինչո՞վ է աննախադեպ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, եթե անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ցուցաբերել է երկխոսության բացահայտ նշաններ պարունակող կեցվածքներ: Ո՞ւմ համար պարզ չէ այսօր, որ նա երկխոսում էր իշխանության հետ նախագահ Գյուլի այցելության կամ նախագահ Սարգսյանի` Թուրքիա գնալ-չգնալու, արձանագրությունները ստորագրել-չստորագրելու դժվարագույն խնդիրների լուծման օրերին:

Այնպես որ, հերթական երկխոսությունից աննախադեպ բան սարքելը ընդամենը քաղաքական տրյուկ է, որ, մեր կարծիքով, կարող է ընդամենը հերթական լուսային էֆեկտի դեր կատարել:

Այս մեծ փուչիկը փչելուց հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս է այն եզրակացության, որ անպայման կգտնվեն այնպիսիները, ովքեր կնախանձեն այդ մեծ ու գեղեցիկ փուչիկի տիրոջը, կամ տերերին (ինչպես հարմար է) եւ կփորձեն պայթեցնել այն, կամ, ռամկական լեզվով ասած` հարամել ՀԱԿ-ի եւ իշխանության միջև առաջացած երկխոսության պատմական պահը:

Իսկ ինչպիսի ազնիվ խոստովանություներ է անում Լևոն Տեր-Պետրոսյանը. պարզվեց հանկարծ, որ այդ պահը հասունացնելու պայքարում ՀԱԿ-ը միայնակ չի եղել եւ այսպիսի տպավորիչ արդյունք ապահովելու գործում նրան մեծապես օգնել են արաբական աշխարհի ընդդիմադիր զանգվածները:

Ես հիմա պատկերացնում եմ, թե ինչ տեղի կունենար Հայաստանում, եթե արաբ հեաղոխականները նաև զենքով օգնեին ՀԱԿ-ին: Երևի քար-քարին չմնար Հայաստանում եւ Սերժ Սարգսյանն էլ այսօր շախմատ խաղալիս կլիներ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ Մուբարաքի հետ: Լավ ենք պրծել, մի խոսքով:

Բացի բուն արաբներից, ՀԱԿ-ին, անտարակույս, օգնել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները եւ հատկապես Բարաք Օմարովիչ Օբաման, ով, սակայն, իր ելույթներում երբեմն անբարեխիղճ է գտնվում եւ, գործածելով Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, չի բարեհաճում աղբյուրը նշել: Խոսքը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանին վատ վիճակների մատնելու մասին է, ինչը նպաստել է, որ իշխանությունները մեղմացնեն իրենց վերբերմունքը փողոցի ընդդիմության, այն է` ՀԱԿ-ի նկատմամբ:

Ամբողջացնելով այս շարքը` նշենք նաև, որ ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին երկխոսության են տրամադրել նաև երկրում առկա սոցիալական բողոքն ու առանձին խավերի դժգոհությունը վարվող ներքին քաղաքականությունից:

Այս ամենը, գումարվելով ՀԱԿ-ի նպատակասլաց պայքարին, ի վերջո, հանգեցրել են այդ պայքարի հանդեպ անտարբերության պատի փլուզմանը: Ուրեմն, պետք է արձանագրել` պատմական պահը վրա է հասնում այդ պատի առաջին քարերի անկումով: Դրանից հետո գալիս է անողոք հարցը` ինչպե՞ս օգտագործել այդ պահը` վերջնական նպատակին` իշխանափոխությանը հասնելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական ելույթից պարզ է դառնում, որ կա հարցի լուծման երկու ճանապարհ` կամ շարունակական բողոքի ակցիաներով ստիպել մեղմացած ու թուլացած իշխանություններին հեռանալ, կամ այդ իշխանությունների հետ նստել երկխոսության եւ պահանջել արտահերթ ընտրություններ: Եթե իրավիճակը ճիշտ այնպիսին է, ինչպես Տեր-Պետրոսյանն է ներկայացնում, ապա,  թերևս, հասունացել էր նաև մեկ այլ եւ ոչ այնքան պակաս պատմական պահ` իր հետևից եկող ֆորումին` «բա հիմա ո՞նց անենք» հարցով դիմելու պահը:

Բայց չէ՞ որ իրեն Լևոն կասեն: Ֆորումս ո՞րն ա:

«Իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել»,- հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը` ֆորումին վերջնական սոսկումի ու հիասթափության մատնելով: Երեք տարվա պայքարից հետո պարզվեց, հանկարծ, որ չնայած արաբստանի հեղափոխական զանգվածների ջերմ աջակցությանն ու Օբամայի համակրանքին առ ՀԱԿ-ը, այս ուժին չի հաջողվել կոնդիցիայի բերել հայ 60 հազարանոց բանակը, որն իր շուրջօրյա հանրահավաքներով կարողանա վերջնականապես մուբարաքացնել իշխանություններին: Եվ ահա, «ճարահատ» Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրում է երկրորդ, հեղափոխական տարրերից զերծ ճանապարը` երկխոսությունն իշխանությունների հետ` պահանջելով միայն ու միայն մեկ բան` արտահերթ ընտրություններ:

Տեսնես ինքը` առաջնորդը, հասկացա՞վ թե ինչ ասաց ու ինչ տղայական սխալ թույլ տվեց: Ֆորումը, տեսնես, որսա՞ց այդ սխալը: Համեմատեք, խնդրեմ, բայց մի փոքր ավելի ուշադիր` «իշխանափոխության համար անհրաժեշտ կոնդիցիայի չենք հասել», բայց «պահանջում ենք արտահերթ ընտրություններ»: Ռամիկների լեզվով` սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գժանոց տանող ամենակարճ մի ճանապարհ: Ի՞նչ է պատրաստվում անել արտահերթ ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե մարդիկ, ովքեր արտահերթ մասնակցելու են այդ ընտրություններին, իշխանափոխություն անելու համար անհրաժեշտ քանակության «օղին» դեռ չեն ընդունել եւ կոնդիցիայի չեն հասել: Վերջապես այդ ո՞ր Ընտրական օրենսգրքով է պատրաստվում արտահերթ ընտրություններ անել Լևոն Տեր-Պետրոսյանը: Գուցե բարեհաճի մի հանրահավաք էլ ԸՕ-ի իր տարբերակի՞ն նվիրել: Ինչ կա որ, մինչև արտահերթ ընտրություններ իշխանությունները, կարող է պատահի, արտահերթ նիստեր անեն ու նոր օրենք ընդունեն, որ կհամապատասխանի ՀԱԿ-ի պատկերացումներին: Ինչևէ:

ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց ընտրած այս շիփ-շիտակ ճանապարհին մենք հաջողություններ ենք մաղթում եւ միևնույն ժամանակ զգուշացնում` աչքի լույսի պես պահեք փուչիկը, այն մեծ ու սիրուն փուչիկը, որն իրենց ձեռքում ունենալ ցանկացողները, վախ, վախ, վախ, շատ են ու տարատեսակ:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը