Մեկնաբանություն

28.04.2021 11:33


Նիկոլը հանցակիցներ է փնտրում ու․․․ գտնում

Նիկոլը հանցակիցներ է փնտրում ու․․․ գտնում

Եթե 2020–ի նոյեմբերի 9–ից հետո հանրային ճնշում չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա այդ ընտրություններն ուզում է վերածել դավաճանության հաղթարշավի ու կոլեկտիվ հանցագործության ակտի։

Արցախը հանձնելու տասնամյակների մոլուցքը

Նիկոլի համար ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել։ «Հայկական ժամանակ» թերթոնը տարիներ շարունակ գրում էր, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին, որպեսզի լավ ապրել։ Գրում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք է հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, որպեսզի թուրքերը մեզ լավ աչքով նայեն։ Գրում էր նաև, որ Մեղրիի միջանցքը պետք է դարձնել թուրք–ադրբեջանական տարանցիկ գոտի և լավ ապրել։

Նիկոլի թերթոնը նաև հակառուսական քարոզ էր տանում։ Այնպես որ, Նիկոլը վարչապետի կարգավիճակում արել ու անում է այն, ինչը երկար ժամանակ քարոզել է որպես թերթոնի գլխավոր խմբագիր ու պատգամավոր։

Նիկոլի ու ՀՀՇ–ածին մյուս քարոզիչների գրածների ու հայտարարածների կյանքի կոչման 1–ին փորձն ավարտվեց 1998–ի իշխանափոխությամբ։ 2–րդ փորձը 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ էր։ Նիկոլի հրահրմամբ տեղի ունեցան բախումներ, ունեցանք 10 զոհ և մոտ 200 վիրավոր ոստիկան։ Թուրքամետ կոդի հաղթանակ այդ ժամանակ թույլ չտրվեց։

Նիկոլենց թուրքամետ գիծը հաջողության հասավ 2018–ին, քանզի Հայաստանը զգալի թուլացել էր 2008–ից հետո և դարձել խոցելի։

Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, պլանավորված էր։ Պայմանավորված պատերազմում տարածքներն ու պետականությունը հանձնվեցին։ Հիմա քիրվայության տոտալ քարոզ է մտել։ Նիկոլը թուրքին ու ադրբեջանցուն տալիս է այն, ինչ նրանք կերազեին ընդամենը երեք տարի առաջ։

Եթե ներքին դիմադրությունը և ռուսների շահը չլինեին, ապա Ալիևն արդեն Երևանում սելֆիներ կաներ Նիկոլի հետ։ Ռուսները չթողեցին Ստեփանակերտի անկում, իսկ ներքին դիմադրությունը բերեց արտահերթ ընտրությունների (ցանկալին, իհարկե, Նիկոլի հեռացումն էր մինչև արտահերթը, սակայն դա, ցավոք, տեղի չունեցավ, իսկ թե ինչու, արդեն այլ խոսակցության թեմա է)։

Այժմ ամենակարևորն այն է, որ Նիկոլը հեռացվի, այլապես Հայաստանն ու ՀՀ քաղաքացիներին կարելի է գրանցել քաղաքական պատմության կարմիր գրքում։

Նիկոլի ուզածը և գառների հնազանդությունը

Նիկոլի մարտավարությունը տեսանելի է։ Նա հնարավորինս շատ հանցակիցներ է փնտրում։ Նա դա փորձելու է անել ընտրությունների ժամանակ՝ քվե պոկելով և մինչև ընտրությունները՝ տարբեր հայտնի մարդկանց հետ հանդիպելով։

Երեկ նա հանդիպել էր Հայաստանի ծանրամարտի ու ըմբշամարտի հավաքականի անդամներին, մեդալակիրներին։

Նիկոլի մոտիվացիան պարզ է՝ իր դավաճանական կապիտուլյացիայի գործարքի մեջ ներքաշել շատ մարդկանց ու դարձնել հանցակից։ Պարզ չէ, սակայն, կամա թե ակամա հանցակից դարձողների մոտիվացիան։ Գնում եք, Նիկոլի ձեռքը սեղմում եք, որ ի՞նչ անեք։ Չեք ամաչո՞ւմ։

Շուշին ու Արցախի 75 տոկոսը գիտակցաբար հանձնած, հազարավոր տղաների գիտակցաբար մահվան բերան ուղարկած (որ իրեն չասեն՝ «Նիկոլ դավաճան»), Հայաստանին «էն գլխից» պարտության տարած Նիկոլի ձեռքն ինչպե՞ս եք սեղմում։

Մի խոսքով, սպասվող ընտրություններում հայ ժողովուրդը բոլոր հարցերի պատասխանը կտա ու կստանա։ Հարցեր ու պատասխաններ կստանա նաև աշխարհը, որը զարմացած հետևում է, թե ինչպես է Հայաստանում դեռ իշխանության ղեկին մնացել պետությունը խայտառակ պարտության տարած ղեկավարը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը