Քաղաքական

26.04.2021 17:17


Հրաժարականից հետո պաշտոնավարելն իշխանության զավթում է, վարչապետն այլևս կառավարության անդամ չէ. իրավաբան

Հրաժարականից հետո պաշտոնավարելն իշխանության զավթում է, վարչապետն այլևս կառավարության անդամ չէ. իրավաբան

Այն պահից, երբ վարչապետը հրաժարական է տալիս, նա դադարում է կառավարության անդամ լինելուց, հետևաբար պնդումը, թե վարչապետը մինչև նոր կառավարության ձևավորումը շարունակում է իր պարտականությունների կատարումը որպես կառավարության անդամ, հիմնազուրկ է և հակասում է Սահմանադրությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրավաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն պնդմանը, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելը համապատասխանում է Սահմանադրությանը։

«Մինչև կառավարության հրաժարականը վարչապետն է հրաժարական տվել։ Կառավարության մյուս անդամները կառավարության հրաժարականից հետո շարունակելու են պաշտոնավարել, բայց ոչ վարչապետը»,–ընդգծեց նա։

Անդրադառնալով վարչապետի հրաժարականի՝ օրենքով նախատեսված հիմքերին, Հովհաննիսյանն ուշագրավ օրինակ բերեց։

Մատնանշելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1֊ին կետը, ըստ որի՝ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել, եթե նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, իրավաբանն ասաց.

«Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ վարչապետը ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն և այդ հիմքով հրաժարական է տալիս։ Հիմա ի՞նչ, ասենք՝ նա շարունակում է մեր վարչապետի պարտականությունները կատարել, մինչև նոր կառավարության ձևավորո՞ւմը, երբ Սահմանադությամբ ՀՀ վարչապետ կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը: Նման իրավիճակում որևէ մեկն իրավունք չունի մեկնաբանել, որ, օրինակ, այլ երկրի քաղաքացիություն ստացած վարչապետը կարող է պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը։ Նույնն էլ այս իրավիճակում. եթե վարչապետը հրաժարական է տվել՝ ի՞նչ հիմք ուզում է լինի, վերջ, նա դադարում է կառավարության անդամ լինելուց»։

Իրավաբանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո շարունակում է իր լիազորություններն իրականացնել, ինչը քրեորեն պատժելի արարք է։

«Ստացվում է, որ Փաշինյանը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանություն է զավթել, այսինքն՝ հրաժարականից հետո շարունակում է պաշտոնավարել»,–ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով:

Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցը երեկվանից լուրջ քննարկումների տեղիք է տվել իրավական հանրության շրջանում։ Իրավաբանների մի մասը պնդում է, որ ՀՀ Սահմանադրության և գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ գործընթացը համապատասխանում է Սահմանադրությանը, ուստի «շահագրգիռ ուժերին» հորդորում են զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ կենտրոնանալ բովանդակային քարոզարշավ կազմակերպելու վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը