Մեկնաբանություն

26.04.2021 13:11


Ինչու Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը և ինչ կտա այն Հայաստանին

Ինչու Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը և ինչ կտա այն Հայաստանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը սպասելի էր, քանզի այն անոնսվել էր շատ ավելի վաղ։ Սպասելի էր ոչ թե այն պատճառով, որ պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունն էր դրան բերել, այլ լրիվ այլ գործոնների ազդեցությամբ և ի հակառակ Նիկոլենց վարած քաղաքականության։

Ինչու խոսեց Բայդենը

Բայդենի հայտարարությունն ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի թուրքամետ և Հայոց ցեղասպանության փաստացի մոռացության քաղաքականության էր։

Բայդենը և ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ձախական թևը միշտ էլ հակված է եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն։

2009թ․ Օբամա–Բայդեն զույգը, ինչպես նաև դեմոկրատական մեծամասնություն ունեցող Կոնգրեսը պատրաստ էին ավելին անել, քան հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելը, սակայն «Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեջտեղ ընկավ ու ամեն ինչ կանգնեցվեց։

Հիմա Բայդենը՝ որպես նախագահ, առարկայական գնահատականներ տվեց 1915–ին տեղի ունեցածին՝ զուգահեռաբար նաև ոչ դիվանագիտորեն Ստամբուլի փոխարեն օգտագործելով Կոնստանդնապոլիս անունը։

ԱՄՆ վարչակազմը Հայոց ցեղասպանության հարցում նմանատիպ վերաբերմունք ցույց տվեց 2 գործոնների ազդեցության տակ՝ արժեքային և շահային։

Էրդողանն իրենց շան որդին է, բայց երբեմն ինքնուրույն շան որդի է

Ամերիկյան քաղաքականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ աչք է փակվում դաշնակից երկրի ղեկավարի սրիկայության վրա։ «Շան որդի է, բայց մեր շան որդին է» թևավոր դարձած խոսքը լավագույնս բնութագրում է այդ քաղաքականությունը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը ՆԱՏՕ–ի անդամ ու ԱՄՆ դաշնակից երկրի ղեկավար է, բայց երբեմն բարձր ինքնուրույնություն է ցուցաբերում, ինչը նյարդայնացնում է ԱՄՆ–ին։ Վերջինս տարբեր գործիքներ է կիրառում Թուրքիային ճնշելու և ինքնուրույնությունը նվազեցնելու համար։ Այդ գործիքներից մեկը Հայոց ցեղասպանության հարցն է։ Ասել է թե՝ Բայդենն իր ուղերձում ցեղասպանություն բառն օգտագործեց իր երկրի շահերից ելնելով։

Ինչ վերաբերում է արժեքներին, ապա հարկ է նկատել, որ ԱՄՆ–ում իշխանության են եկել գլոբալիզմի ու նեոտրոցկիզմի կողմնակից ուժեր։

ԱՄՆ–ում երեք խոշոր գաղափարաքաղաքական հոսանք կա՝ այսպես կոչված ազգայնական (WASP), իմպերիալիստական և գլոբալիստական։

Ազգայնական Թրամփը պարտվեց գլոբալիստական Բայդենին (իմպերիալիստական գծի կողմնակից Բուշ կրտսերը փառահեղորեն տապալվել էր մինչև այդ)։

Ամերիկյան գլոբալիստների համար մարդու իրավունքների թեման շատ մեծ սրությամբ է դրված։ Իրենք նեոտրոցկիստ ու նեոմարքսիստ են բոլոր հարցերում՝ սկսած սևամորթների պաշտպանությունից, վերջացրած գեդոնիստական երևույթների կուլտիվացիայով։

Այնպես որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Բայդենի թիմի համար նաև ռեալ–պոլիտիկից դուրս քայլ է՝ արժեքային կոդ։

Ի՞նչ կշահի Հայաստանը Բայդենի խոսքից

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ոչ մի բանից ոչ մի օգուտ չի կարող քաղել։ Նիկոլը պարտության է տարել Հայաստանը բոլոր առումներով՝ մեզ զրկելով դաշնակիցներից, բարեկամներից, ընկերներից։

Կապիտուլացված երկիրը ինչպե՞ս կարող է օգտվել այս կամ այն բարենպաստ իրավիճակից, երբ այն շարունակում է ղեկավարել կապիտուլյանտը։

Նիկոլն իր վարչապետ դառնալու առաջին օրվանից քիրվայամետ գիծ է որդեգրել։ 2018–ից Հայաստանը վարում է 1998–ին մերժված քաղաքականության գավառական տարբերակը։

ՀՀՇ–ական վարչախումբը չէր համարում, որ պետք է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դնել պետության արտաքին քաղաքականության օրակարգում։ Նիկոլը փաստացի ՀՀՇ–ական այդ կոդի մեջ է։ Ավելին՝ Նիկոլի թուրքամետ գիծը ցեղասպանության փաստացի ուրացում է նշանակում։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Բայդենի հայտարարության մեջ պաշտոնական Երևանի ջանքը զրոյական է, եթե չասենք՝ հակադրվող։

Եթե մենք պաշտոնապես վարեինք այնպիսի քաղաքականություն, ինչպիսին որ կար 1998–ից հետո Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, ապա կարող էինք իրական օգուտներ քաղել, սակայն հիմա Բայդենի խոսքը մեզ ոչինչ չի տալու։

1998–ից հետո երբ որդեգրվեց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, հնարավոր եղավ հայ–թուրքական հարաբերությունները տարանջատել Արցախի հարցից։ Թուրքերը «Հայկական ցունամի» էին անվանում ցեղասպանության միջազգային ճանաչման գործըթնացն ու փորձում լեզու գտնել ՀՀ–ի հետ։ Հենց այդ փուլում էր, որ Էրդողանը նամակով դիմեց Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն՝ մենք ստիպել էինք Թուրքիային գալ կառուցողական դաշտ ու պատրաստ լինել հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների։ Սա՛ է հայամետ քաղաքականությունը, այլ ոչ թե խաղաղություն մուրալը, երկիրը կապիտուլյացիայի տանելն ու Հայաստանը թուրքերի ոտքերի տակ մատաղ անելը՝ հանուն աթոռի ու 3 տարվա թալանածը պահելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը